Սեպտեմբերի 10-ին Երևանում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի իրականացման հարցերով փորձագետների համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը:
ԱԳՆ-ի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համաձայնագրի իրականացման հետ կապված խնդիրներին, քննարկվել է համատեղ կոմիտեի կանոնակարգը, վիզաների տրամադրման հետ կապված մի շարք հարցեր ու առաջարկություններ:
Վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի նիստին զուգահեռ կայացել է նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի իրականացման հարցերով փորձագետների համատեղ կոմիտեի նիստը:
Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի հարցերով համատեղ կոմիտեների ստեղծումը նախատեսված է համաձայնագրերի դրույթների դիտանցումն իրականացնելու, համաձայնագրերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու և համաձայնագրերի կիրարկման հետ կապված այլ հարցերի քննարկման նպատակով: