Մատչելիության հղումներ

Ուսուցիչները չեն ընդունում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին


Ուսուցիչները չեն ընդունում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին
please wait

No media source currently available

0:00 0:04:31 0:00

Ուսուցիչները չեն ընդունում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում ուսումնական տարին վեճերով ու գործադուլով է մեկնարկել։

Նախկին տնօրենը աշխատանքից ազատվել էր առողջական խնդիրների պատճառով, և ԿԳ նախարարի հրամանով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել դպրոցի փոխտնօրենը: Կարճ ժամանակ անց, սակայն, նախարարի մեկ այլ հրամանով ժամանակավոր պաշտոնակատարի նոր թեկնածու էր մտել դպրոց:

Ուսուցիչներին նա հայտնի է, որպես նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի դուստր: «Մեր դպրոցից չէ, չենք ճանաչում իրեն»,- ասում են նրանք: Երեկ ուսուցիչները դասարան չեն մտել՝ գործադուլ էին հայտարարել: Այսօր փոխտնօրենի խնդրանքով վերսկսել են իրենց աշխատանքը, բայց ինչպես իրենք են նշում՝ ժամանակավորապես։

«Եթե դրական պատասխան չստանանք, վաղը ավելի վատ է լինելու, այսինքն նորից գործադուլ ենք հայտարարելու արդեն դպրոցի բակում, մինչև տնօրենը չլքի իր աշխատասենյակը»,- ասաց ռուսերենի ուսուցչուհի Նոնա Մովսիսյանը։

«Ազատության» հետ զրույցում ուսուցիչներն ասացին, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կլարա Ջհանգիրյանը խոստացել է «զբաղվել իրենց դաստիարակությամբ» և սպառնացել է, թե գործադուլին մասնակցած ուսուցիչների աշխատավարձերից պահումներ կկատարի։

Ուսուցիչները վիրավորված են. ԿԳ նախարարությունն, ըստ նրանց, անտեսել է դպրոցի աշխատակազմի անդամների կարծիքը։ Նրանք սպասում են ԿԳ նախարարին ու վարչապետին ուղարկած իրենց նամակների պատասխանին:

Ժամանակավոր պաշտոնակատար Կլարա Ջհանգիրյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, միայն ասաց, որ խնդիրներ չկան՝ դրանք հարթվել են: Երբ խնդրեցինք մեզ հետ միասին մտնել մի քանի քայլ այն կողմ գտնվող ուսուցչանոց, որտեղ հավաքված ուսուցիչները հակառակն էին պնդում, հրաժարվեց ու դուրս եկավ դպրոցից:

Ուսուցիչները պահանջում են, որ մինչև նոր տնօրենի ընտրությունը շարունակի պաշտոնավարել իրենց փոխտնօրենը, ում լավ գիտեն: Փոխտնօրեն Հերմինե Դավթյանը ասաց, որ մասնակցելու է մրցույթին և պատրաստ է որպես տնօրեն աշխատանքի անցնել:

Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյան «Ազատության» հետ զրույցում, ասաց, որ Կլարա Ջհանգիրյանը 7 տարվա գիտամանկավարժական աշխատանքի փորձ ունի, ԵՊՀ նախկին դասախոս է, ունի համապատասխան հավաստագիր, որով իրավունք ունի նաև որպես տնօրեն աշխատել: Նախարարությանն ուղղված ուսուցիչների նամակն արդեն պատասխան ունի՝ նախարարի որոշումը փոփոխման ենթակա չէ, իսկ կրկին գործադուլ անող ուսուցիչները նախարարության կողմից կպատժվեն:

«Պատասխանն այն է, որ նախարարն է որոշում, թե ով պետք է լինի տվյալ դպրոցում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Հրամանը պետք է իրագործվի, գործադուլի և դասադուլի խնդիր չպետք է բարձրանա, որովհետև ոչ ոք իրավունք չունի երեխայի կրթության իրավունքը խաթարել»,- ասաց պաշտոնյան։

«Փոխտնօրենն ազատված չէր իր աշխատանքից և զուգահեռ նաև տնօրենի աշխատանք էր կատարում: Նոր պաշտոնակատարի բերեցինք, որպեսզի հասցնեն արդյունավետ աշխատել»,- ասաց հանրակրթության վարչության պետը:

Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Անահիտ Բախշյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ սա կարգի խախտում է, ու նախարարությունը ապօրինի ճանապարհ է հարթում իր թեկնածուին դպրոց մտցնելու համար:

«Այս հիմնավորումը առնվազն պատռում է այն վարագույրը, որի տակ իրենք պարզապես Ջհանգիրյանին ուզում են բերել դպրոցի տնօրեն նշանակել։ Ամբողջ կասկածը նրանում է, որ սկզբից դպրոցի փոխտնօրենին են նշանակում, հետո նրան հանում են և դրսից են բերում։ Սա, իմ կարծիքով , կարգի խախտում է»,- ասաց Բախշյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG