Մատչելիության հղումներ

Խորհրդարանական համակարգին անցումը «իշխանության վերարտադրության համար չէ»


Արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյան, 9-ը սեպտեմբերի, 2014թ․։
Արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյան, 9-ը սեպտեմբերի, 2014թ․։

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամի խոսքով՝ ընդդիմադիրներից միայն քննադատություն են լսել, բայց ոչ համոզիչ փաստարկներ:

Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը սկզբունքորեն բացառում է, որ մշակված հայեցակարգի նախագիծը նպատակ ունի իշխանության վերարտադրությունն ապահովել:

Այսօր պատասխանելով «Ազատության» հարցին՝ հանձնաժողովի անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը հայտարարեց, թե այս բարեփոխումներով պետք է ավելի շահագրգռված լինեն ընդդիմադիրները, քան իշխող ուժը:

«Ցանկացած իշխանական ուժ պետք է ձգտի վերարտադրվելու, դա իր խնդիրն է, կվերարտադրվի՝ կվերարտադրվի, չէ՝ չէ, բայց ես չեմ ասում, որ հաստատ կվերարտադրվի, ասում եմ՝ սա չի նպաստում: Ես լինեի ընդդիմադիր ուժ, կասեի՝ ես ընդունում եմ էս համադրությունը, սա ինձ համար ձեռք է տալիս», - նշեց Դանիելյանը:

Նրա համոզմամբ, սա հենց այն նախագիծն է, որն անհրաժեշտ է փոփոխություններ պահանջող, իշխանության ձգտող ուժերին: Մինչդեռ հանձնաժողովը ընդդիմադիրներից միայն քննադատություն է լսել, բայց ոչ համոզիչ փաստարկներ:

«Իրենք պետք է ասեն, թե ինչու է դա նպաստավոր, պետք է բերեն կոնկրետ մեկ-երկու դրույթ, ասեն՝ գիտեք ինչ կա՝ այ սա ավելի դյուրին է դարձնում իշխանության վերարտադրությունը: Մենք հակառակն ենք ասում, թվարկում ենք մի քանի տասնյակի հասնող քրեական հիմնադրույթներ, որոնք ընդհակառակը, բարդացնում են դա: Հիմա եթե մենք սա չենք անում, հետո ենք անում, ապա դուք ինքներդ պետք է ձեզ մեղադրեք», - հավելեց Դանիելյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանի ոչ իշխանական ուժերը, բացառությամբ Դաշնակցության, կտրականապես դեմ են արտահայտվել Սերժ Սարգսյանի նախաձեռնած այս բարեփոխումներին, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ համոզմունք էր հայտնել, թե դրանով Սարգսյանը մի նպատակ ունի՝ հավերժացնել իր բռնապետությունը։

«Գործող Սահմանադրությո՞ւնն է թույլ տալիս անխնա կողոպտել սեփական ժողովրդին, նրան մղել զանգվածաբար բռնելու գաղթի ճանապարհը, վայրագաբար կեղծել անխտիր բոլոր ընտրությունները․․․», - իր հոդվածում հարցրել էր Տեր-Պետրոսյանը՝ եզրակացնելով. - «Ո՞ւմ է Սերժ Սարգսյանը հիմարի տեղ դրել, որպեսզի հավատացնի, թե սահմանադրական բարեփոխումները ձեռնարկում է բարի նպատակներով՝ պետության և ժողովրդի շահերից դրդված»:

Գևորգ Դանիելյանը հակադարձում է, թե բարձրացված սոցիալական ու քաղաքական խնդիրները չեն առնչվում իրենց մշակած փաստաթղթին:

«Իմ խորին համոզմամբ՝ գործող Սահմանադրությունը իհարկե թույլ է տալիս բազմաթիվ խնդիրներ լուծել, որ այսօր դեռ լուծված չեն, բայց սա չի նշանակում, որ եթե մենք ուզենանք բոլոր խնդիրները լուծենք, այս Սահմանադրությունը դրան նպաստում է, ընդհակառակը՝ ինչ-որ տեղ խոչընդոտում է: Լևոն Տեր-Պետրոսյանի փաստարկները շատ ընդհանրացված էին, շատ քաղաքական բնույթի փաստարկներ էին, որպես մասնագիտական փաստարկ չեն կարող ընկալվել», - ընդգծեց արդարադատության նախկին նախարարը:

Չնայած ընդդիմադիրների կոչերին սպասվող հանրաքվեն օգտագործել որպես իշխանափոխության առիթ, Գևորգ Դանիելյանը կարծում է, որ իրենց նախաձեռնությունը բարեհաջող ավարտ կունենա:

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը սեպտեմբերի 19-21-ը Փարիզում քննարկելու է Վենետիկի հանձնաժողովը: Նաև հայաստանյան մասնագիտական հանձնաժողովի անդամներն են մասնակցելու, ինչից հետո արդեն վերջնական տեսքով հաստատված հայեցակարգի նախագիծը հոկտեմբերի 15-ին ներկայացվելու է Սերժ Սարգսյանին:

Կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու դրույթն անփոփոխ է, ինչը նաև ենթադրում է միայն համամասնական ընտրացուցակներ, և այստեղ ևս հանձնաժողովն այլևս քննարկելու բան չի տեսնում:

Դատական բարեփոխումների մասով մասնագիտական խմբում հիմնականում այն կարծիքին են, որ պահպանվի նույն եռաստիճան համակարգը, բայց առաջարկվում է ներդնել երդվյալ ատենակալների ինստիտուտը։

«Բնականաբար, սա կվերաբերի ոչ բոլոր գործերին և տարեկան ընդամենը մենք կունենանք մոտավորապես 30 քրեական գործ, որոնցով երդվյալ ատենակալների անհրաժեշտությունը իսկապես կլինի», - ասաց Գևորգ Դանիելյանը:

Միջազգային կազմակերպություններին կամ դաշինքներին միանալու դեպքում, ինչպես, օրինակ, Եվրասիական տնտեսական միությունն է, ինքնիշխանության կորուստը բացառելու համար հայեցակարգն առաջարկում է դա ամրագրել սահմանադրությամբ:

«Բոլոր այն դեպքերում, երբ այս կամ այն չափով տեղի կունենա ինքնիշխանության սահմանափակում, ցանկացած չափով, ապա այս հարցերը կարող են քննարկման դրվել և ընդունվել բացառապես հանրաքվեի միջոցով»:

Գևորգ Դանիելյանը վստահեցնում է, որ նոր Սահմանադրությունն ընդունելուց հետո փոփոխություններն այլևս հաճախ չեն լինի: Նա համաձայն չէ, թե իրենց հանձնաժողովի նախաձեռնած քննարկումները կիսադատարկ դահլիճներում էին անցնում: Չեն արդարացել միայն քաղաքական ուժերի մասնակցության մասով սպասելիքները: Դանիելյանը, սակայն հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը հանձնարարել է քաղաքական քննարկումներ կազմակերպել, երբ փաստաթուղթն արդեն պատրաստ կլինի:

XS
SM
MD
LG