Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ Թուրքական կառավարությունը չպետք է խուսափի իրական հաշտեցումից


Ֆրանսիական «Ֆիգարո» թերթում հրապարակվել է Հայաստանի արտգործնախարարի հոդվածը, որում Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ Էրդողանը կընդունի Հայաստանի նախագահի հրավերը և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ կայցելի Երևան:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը տարածել է Նալբանդյանի հոդվածի ամբողջական հայերեն տեքստը, որում, արտգործնախարարը «բաց թողնված հնարավորություն» է որակում 2014 թվականի ապրիլի 24-ի կապակցությամբ Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ, այժմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը:

Հիշեցնենք՝ Էրդողանը Թուրքիայի պետության անունից ցավակցություն էր հայտնել այն հայերի թոռներին, ովքեր «կորցրել են իրենց կյանքը 20-րդ դարի սկզբին», իսկ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ձևակերպել էր որպես «1915 թվականի իրադարձություններ» և որակել իբրև «ընդհանուր ցավ»:

«Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը և դրան հաջորդած այլ բարձրաստիճան թուրք պաշտոնյաների մեկնաբանությունները Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին և հետո, նման դեպքերից են: «Ընդհանուր ցավի», «արդար հիշողության» շինծու դրույթները դժվար թե որևէ մեկին կարող են մոլորեցնել», - ասված է նախարարի հոդվածում, - «Հատկապես, երբ Ահմեդ Դավութօղլուն է ընդգծում. «Էրդողանի հայտարարության հիմնական նպատակը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ամբողջ աշխարհում գործադրվող ջանքերի խափանումն է»: Հաշտեցմանն ուղղված կոնկրետ քայլերի փոխարեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ հանցակցության կոչեր են արվում»:

Նալբանդյանը գրում է, որ ցյուրիխյան արձանագրությունների վավերացումը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, սահմանների բացումը կարող են ճանապարհ հարթել երկու ժողովուրդների հաշտեցման համար:

«Պատմական հարթության ենթահանձնաժողովը, ինչպես նախատեսված է արձանագրություններով, կարող է հաստատել երկխոսություն երկու ազգերի միջև փոխադարձ վստահությունը վերականգնելու նպատակով: Դա հնարավոր չի լինի անել՝ հարցականի տակ դնելով Հայոց ցեղասպանության եղելությունը», - հավելում է Հայաստանի արտգործնախարարը:

«Ոչ միայն հայերը, այլ ողջ միջազգային հանրությունը գրեթե 100 տարի է, ինչ սպասում է, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հաշտության իրական ցանկությունը պետք է ապացուցվի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջոցով: Թուրքական կառավարությունը չպետք է խուսափի իրական հաշտեցումից: Հազարավոր թուրքեր արդեն ընտրել են այդ ուղին», - գրում է Նալբանդյանը:

Հոդվածը նա եզրափակում է կոչով՝ «Հայաստանի նախագահը հրավիրել է Թուրքիայի նախագահին այցելելու Հայաստան 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապացությամբ: Մենք հուսով ենք, որ սա չի լինի կորսված հնարավորություն և Թուրքիայի նախագահն այդ օրը կլինի Երևանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG