Մատչելիության հղումներ

Գագիկ Եգանյան․ Ռուսաստանը միգրացիոն ոլորտում բարի կամք է դրսևորում մեր հանդեպ


Գագիկ Եգանյան․ Ռուսաստանը միգրացիոն ոլորտում բարի կամք է դրսևորում մեր հանդեպ
please wait

No media source currently available

0:00 0:03:57 0:00

34-35 հազար Հայաստանի քաղաքացիներ, որ բոլորովին վերջերս դեռ ապրում ու աշխատում էին Ռուսաստանում, այսօր այդ երկիր մուտք գործել չեն կարող։ Նրանք հայտնվել են Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության մուտքի իրավունքից զրկված մարդկանց ցանկում՝ Ռուսաստանում ապրելու տարիներին վարչական իրավախախտում թույլ տալու կամ միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար։

Նման մեծածավալ «սև ցուցակ» Ռուսաստանն առաջին անգամ է կազմել ու անակնկալի բերել աշխատանքային միգրանտներին, որոնցից շատերը տարիներով ապրել են այդ երկրում, և ոչ ոք նրանց չի հորդորել հեռանալ։

Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը հնարավորություն է տալիս իր կայքում գործող համակարգի միջոցով ստուգել, թե արդյոք քաղաքացին զրկված է Ռուսաստան մուտքի իրավունքից։ Ոմանք օգտվում են այդ համակարգից, բայց, մեր տեղեկություններով, բազմաթիվ քաղաքացիներ միայն ավտոմեքենայով կամ օդանավով Ռուսաստանի սահմանին հասնելուց հետո են պարզում, որ այդ երկիր մուտք գործել չեն կարող:

Գյումրեցի Իսրայել Վարդանյանը, ով 16 տարի աշխատել է Ռուսաստանում, իր 6 հոգանոց ընտանիքի միակ աշխատողն է, գաղափար անգամ չունի, թե այս տարիներին ընթացքում ինչ վարչական խախտում է արել։

«Ո՛չ խուլիգան ենք եղել, ո՛չ հարբեցող ենք եղել, ո՛չ եսիմ ինչ ենք եղել: Գնացել խելոք, գլուխներս կախ աշխատել ենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանը:

Նա ասաց, թե Ռուսատանում աշխատանքային դժվար պայմաններն ու ընտանիքից հեռու լինելը ամեն դեպքում գերադասելի է Հայաստանում պարապ մնալուց: Այստեղ ապրելու ամեն օրը ավելացնում է նրա ընտանիքի պարտքերը խանութում։

«Այստեղ աշխատանք չկա, իսկ Ռուսաստան վերադառնալ դեռ չեմ կարող», - ասաց նա։

Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանն ասում է, որ հազարավոր քաղաքացիներ անելանելի վիճակում են հայտնվել․ - «Շատերի համար ճակատագրական նշանակություն ունեցող խնդիր է: Օրինակ, ընտանիքի մի մասը այնտեղ է, մի մասը՝ այստեղ: Կամ մարդը այնտեղ ունի իր գործունեության բնագավառը, որպես գործարար անձ, տարիներ ի վեր՝ 10-15 տարի: Բայց հիմա չի կարողանում գնալ»:

Եգանյանը համաձայն է, որ միգրանտների համար այս խառնաշփոթ իրավիճակը ստեղծվեց, քանի որ Ռուսաստանը վերջին ամիսներին փոփոխություններ կատարեց միգրացիոն օրենսդրության մեջ, բացի այդ սկսեց կիրառել արդեն վաղուց գործող օրենքները։

Օրինակ, Ռուսաստանի պահանջն էր, որ այդ երկիր մտնող օտարեկրացին 7 օրվա ընթացքում փոստով նամակ ուղղեր միգրացիոն ծառայությանը ու հաղորդեր, որ գտնվում է Ռուսաստանում, ինչն անում էին շատ քչերը։ Այս կարգը խախտելը նույնպես կարող էր պատճառ հանդիսանալ, որ քաղաքացին զրկվեր Ռուսաստան վերադառնալու հնարավորությունից։

Հայաստանցի պաշտոնյաների ու նրանց ռուս գործընկերների մի քանի հանդիպումներից հետո Ռուսաստանը որոշել է ընդառաջել։ Ըստ Եգանյանի՝ հարևան երկիրն այժմ «բարի կամք» է դրսևորում՝ թույլ տալով դիմումներ ներկայացնել Հայաստանի միգրացիոն ծառայություն՝ ցուցակները վերանայելու խնդրանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG