Երկու տարի Քութաիսիում աշխատելուց հետո վրացական խորհրդարանը կարող է կրկին վերադառնալ Թբիլիսի:
Իշխող «Վրացական Երազանք» դաշինքի ներկայացուցիչները չեն բացառում իրադարձությունների զարգացման նման սցենարը` նշելով, թե խորհրդարանի տեղափոխման մասին` նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի 2012 թվականին կայացրած որոշումը ժամանակավրեպ էր և զուրկ հիմնավոր պատճառաբանություններից:
Սա է, թերևս, պատճառը, որ խորհրդարանի նախկին` Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում գտնվող շենքը վերջին ամիսներին սկսել են ակտիվորեն վերանորոգել` ընդհանուր առմամբ այդ աշխատանքների վրա ծախսելով մոտ 22 միլիոն լարի:
Երեքշաբթի օրն էլ խորհրդարանի ղեկավար մարմինը` բյուրոն, նիստ էր հրավիրել ոչ թե Քութաիսիում գտնվող ժամանակակից, ապակեպատ շենքում` այլ Թբիլիսիի կենտրոնում` նախկին խորհրդարանական համալիրի տարածքում:
Վրացական խորհրդարանի ղեկավար Դավիթ Ուսուպաշվիլին, սակայն, նշում է` առայժմ խորհրդարանի վերադարձը Թբիլիսի քիչ հավանական է: Դրա պատճառն էլ ոչ թե ցանկության բացակայությունն է, այլ օրենսդրական խոչընդոտները:
«Վրաստանի խորհրդարանի նստավայրն, ըստ Սահմանադրության, Քութաիսին է: Այդ իսկ պատճառով առավելագույնն ինչ կարող ենք անել տվյալ պահին` Թբիլիսիում մշտական հանձնաժողովներում կազմակերպվող լսումներն ու բյուրոյի արտագնա նիստերի կազմակերպումն է, իսկ լիագումար նիստերի համար` Քութաիսի մեկնելը», - ասում է նա:
Միխաիլ Սաակաշվիլիի կողմնակիցները համոզված են, որ «Վրացական երազանքի» իրական ցանկությունը Քութաիսին խորհրդարանական մայրաքաղաքի սահմանադրական կարգավիճակից զրկելն է: Ընդդիմադիր Ազգային միացյալ շարժման խորհրդարանական խմբակցության ղեկավար Գոկա Գաբաշվիլիի պնդմամբ, իշխանությունները փորձում են զրոյացնել նախկին նախագահի բոլոր ձեռքբերումներն ու նախաձեռնությունները:
«Այն, ինչ կատարվում է՝ Սահմանադրության դրույթների կոպիտ խախտում է: Այս ամենի հետևում մեկ մարդու` Բիձինա Իվանիշվիլիի կամակորություններն են: Նախընտրական շրջանում նա խոստացել էր, թե խորհրդարանը հետ կբերի Թբիլիսի և այժմ իր կողմնակիցներից միջոցով աստիճանաբար սկսել է իրագործել իր այդ խոստումը: Այդ մարդն ու նրա աջակիցները պարզապես փորձում են աղբանոցը նետել երկրի մայր օրենքը», - նշում է Գաբաշվիլին, պնդելով, թե ըստ Վրաստանի սահմանադրության խորհրդարանն ամբողջ կազմով, կամ դրանում ընդգրկված առանձին կառույցները արտագնա նիստեր կարող են անցկացնել միայն ռազմական դրության պայմաններում:
«Վրացական երազանքը» այս քննադատությանը կարծես հանգիստ է վերաբերվում` առանց շտապողականության պատրաստվելով Թբիլիսիում կազմակերպել նաև խորհրդարանի լիագումար նիստերը: Դրա անուղղակի ապացույցը խորհրդարանական դահլիճի վերանորոգումն է, ինչպես նաև այնտեղ էլեկտրոնային քվեարկության նոր համակարգի տեղադրումը: Խորհրդարանի` Թբիլիսի վերադարձի ճանապարհին միակ խոչընդոտը «Վրացական Երազանքի»` սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ քվեների պակասն է: Սահմանադրության փոփոխության համար Վրաստանի 150 տեղանոց խորհրդարանում հարկավոր է առնվազն 113 քվե հավաքել: Իշխող «Վրացական երազանքը» այսօր խորհրդարանում ընդամենը 85 մանդատի է տիրապետում: