Մատչելիության հղումներ

Թուրք-գերմանական լրտեսական սկանդալին փոխարինելու է գալիս թուրք-ամերիկյանը


«Երկերասանի բարեկամություն: Թուրքիան թե՛ թիրախի և թե՛ գործընկերոջ դերում»․ այսպես է վերնագրել գերմանական Spiegel հանդեսը Անկարայի դեմ ուղղված լրտեսական գործողությունների մասին հերթական բացահայտումների չափաբաժինը, որ հեղինակավոր գերմանական այս հանդեսի էջերում հայտնվել է կիրակի օրը:

Վկայակոչելով սեփական աղբյուրները, այդ թվում՝ Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը՝ պարբերականը պնդում է․ - «Ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունները տարիներ շարունակ զբաղված էին Թուրքիայի բարձրագույն քաղաքական ղեկավարների, ինչպես նաև թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունների մասին տեղեկատվության հավաքագրմամբ և լայնածավալ լրտեսական գործողություններով»:

Գերմանական մամուլում հայտնված այս տեղեկություններն արդեն իսկ Թուրքիայում լուրջ դժգոհությունների առիթ են տվել: Այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրեց Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինջը: Ահմեդ Դավութօղլույի նորանշանակ կառավարության առաջին նիստից հետո թուրք պաշտոնյան լրագրողներին ասել է․ - «Քանի որ Spiegel-ում լույս տեսած հոդվածում շոշափվել էր Միացյալ Նահանգների դերակատարության հարցը, Թուրքիայի արտգործնախարարությունը հարկ համարեց Անկարայում Միացյալ Նահանգների ժամանակավոր հավատարմատար Ջես Բեյլիին հրավիրել գերատեսչություն` հստակ բացատրություններ ստանալու ակնկալիքով», - նշել է Առինջը` չհստակեցնելով սակայն, թե արդյոք այս պահին Անկարայում հավատարմագրված ամենաբարձրաստիճան ամերիկացի այս դիվանագետի պազաբանումները գոհացրել են թուրքական կողմին:

Հիշեցնեմ, որ բառացիորեն մի քանի օր առաջ կրկին Spiegel-ում հայտնված տեղեկատվության պատճառով նույն կացության մեջ էին հայտնվել Անկարայում հավատարմագրված գերմանացի դիվանագետները: Օգոստոսի վերջին գերմանական այս հանդեսը տեղեկացրեց, որ գերմանական հետախոզությունը` BND-ն, 2009 թվականից ի վեր գաղտնալսումներ էր իրականացնում Թուրքիաիյի տարածքում:

Այժմ ահա պարզվում է, որ գերմանական հատուկ ծառայությունները միայնակ չեն եղել: Spiegel-ում կարդում ենք․ - «Մեր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն, Միացյալ Նահագների համար Թուրքիան նույնքան կարևոր է, որքան Վենեսուելան: Ավելին՝ Կուբայի տարածքում տեղեկատվության հավաքագրումը ամերիկյան հատուկ ծառայությունների համար այժմ պակաս կարևոր է, քան Թուրքիայից ստացվող տեղեկությունների հավաքագրումը»:

Ըստ հրապարակման, ամերիկյան հետախուզության համար առաջնահերթ կարևորություն էին ներկայացնում հատկապես «թուրքական ղեկավարության ծրագրերը, ինչպես նաև ռազմական, էներգետիկ և արտաքին քաղաքականության ոլորտներին վերաբերող տեղեկատվության հայթայթումը»:

Spiegel-ի տեղեկություններով, Թուրքիայի դեմ լրտեսական գործունեությունը ամերիկյան հատուկ ծառայությունները սկսել են 2006 թվականին` նախկին նախագահ Ջորջ Բուշի պաշտոնավարման ընթացքում:

«2006 թվականից ի վեր Ազգային անվտանգության գործակալության մի շարք ստորաբաժանումներ համատեղ գործողություններ ձեռնարկեցին` նպատակ ունենալով ներթափանցել այն համակարգչային ցանցերը, որոնցից օգտվում էին Թուրքիայի բարձրագույն ղեկավարները: Գործակալության աշխատակցիներին վեց ամիս պահանջվեց հաջողության հասնելու համար: Փաստաթղթերից մեկում նշված է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների մասնագետներն ի վերջո կարողացել են գտնել «հաջողության բանալին և սկսել են տեղեկություններ հավաքագրել Թուրքիայի ղեկավարաների համակարգիչներից»:

2010 թվականից ամերիկյան հատուկ ծառայությունները ընդլայնել են գործունեության շրջանակը` գաղտնալսելով Վաշինգտոնում թուրքական դեսպանատան և ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչության գրասենյակները:

«Ամերիկյան հատուկ ծառայություններին հաջողվել է հատուկ լրտեսական ծրագրեր ներբեռնել Նյու Յորքում աշխատող թուրք դիվանագետների համակարգիչներում` հնարավորություն ստանալով պատճենահանել դրանցում տեղ գտած ցանկացած տվյալ: Ամերիկյան Ազգային անվտանգության գործակալության աշխատակցիների համար նաև հասանելի են դարձել Վաշինգտոնում թուրքական դեսպանատան բոլոր հեռախոսներն ու համակարգիչները», - գրում է Spiegel-ը:

Ուշագրավ է սակայն, որ տասնամյակներ շարունակ Ազգային անվտանգության գործակալությունը Թուրքիան ընկալում էր նախևառաջ որպես գործընկեր, այլ ոչ թե գաղտնալսման թիրախ:

«Վերջին տասնամյակներին Քրդական աշխատավորկան կուսակցության գործունեության մասին տեղեկությունների զգալի մասը Թուրքիայի իշխանությունները ստանում էին հենց ամերիկացիներից», - գրում է Spiegel-ը՝ հավելելով․ - «Փոխարենը Թուրքիան իր տարածքը դեռ 50-ականներից ի վեր տրամադրել էր ամերիկացիներին` Խորհրդային Միության հարավային շրջանների, այդ թվում Կովկասի դեմ լրտեսական գործողությունների համար: Ամերիկացի հետախույզներն այսօր էլ աշխատում էն Թուրքիայի տարածքում»:

Spiegel-ի պնդմամբ՝ այսօր նրանց հիմնական թիրախներներն են Ռուսաստանը, Վրաստանը և Սիրիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG