Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» քառյակի գործընկերներին չվստահելու «առիթ չունեն»


ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» քառյակի գործընկերներին չվստահելու «առիթ չունեն»
please wait

No media source currently available

0:00 0:06:05 0:00

ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» քառյակի գործընկերներին չվստահելու «առիթ չունեն»

«Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունների ղեկավարների խոսքով՝ ՀԱԿ-ը ու «Ժառանգությունը» կաջակցեն քառյակի գործընկերներին:

Ընդդիմադիր «Ժառանգություն» և Հայ ազգային կոնգրես խմբակցությունները կաջակցեն քառյակի իրենց գործընկերներին Սահմանադրական դատարան դիմելու հարցում: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրին այդ խմբակցությունների ղեկավարները՝ Ռուբիկ Հակոբյանը և Լևոն Զուրաբյանը՝ չհամաձայնելով քառյակում առկա հակասությունների և քառյակի փլուզման մասին կարծիքներին։

Քառյակը երկյակ դառնալու մասին կարծիքներ հնչեցին օգոստոսի 27-ին Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան»-ի և Դաշնակցության երկկողմ փակ հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել էր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին նոր օրենքը ՍԴ-ում վիճարկելու հարցը:

«Ժառանգությունն» ու Կոնգրեսը դեմ են դատարան դիմելուն, բայց դիրքորոշումների տարբերություններում քառյակին ուղղված որեւէ վտանգ չեն տեսնում:

«Ես հասկանում եմ, որ ինչ-որ շատ մեծ ցանկություն կա, որ անպայման հակասություններ տեսնեն քառյակում, ամեն մի առիթն արհեստականորեն օգտագործում են, ուռճացնում են, որպեսզի հակասություններ գտնեն, բայց ի սկզբանե ասել ենք, որ քառյակը այն հարցերի շուրջ է միասին դիրքորոշում ունենում, եթե բոլորը համաձայն են, ունեն նույն մոտեցումը, իսկ եթե չունեն նույն մոտեցումը, ցանկացած խմբակցություն կարող է վարվել այնպես, ինչպես ճիշտ է գտնում, բայց ամբողջությամբ թե մենք, թե ՀԱԿ-ը պատրաստակամ ենք աջակցել ստորագրությամբ և մասնակցել քննարկումներին», - ասաց Ռուբիկ Հակոբյանը՝ հավելելով, որ անհրաժեշտություն չի եղել, որպեսզի իրենք էլ հրավիրվեին ԲՀԿ-ի և Դաշնակցության խմբակցությունների միջև կայացած հանդիպմանը, քանի որ քննարկված հարցերի շուրջ արդեն իսկ արտահայտել են իրենց հստակ դիրքորոշումը, ինչպես նաև՝ դա առաջին երկկողմ հանդիպումը չէր:

Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Սահմանադրական դատարան դիմելու հարցում իրենց անհամաձայնությունը բացատրեց նրանով, որ այդ կառույցը դիտարկում են որպես «ռեժիմի արարքները լեգիտիմացնող գործիք»: Նույն կուտակայինի վերաբերյալ այս դատարանի վերջին որոշումն էլ, ըստ Զուրաբյանի, դրա վկայությունն էր:

«Նա հուշեց կառավարությանը, իշխանություններին այն ուղիները, թե ինչպես կարելի է օրենքի էությունը չփոխելով՝ ապահովել դրա համապատասխանությունը սահմանադրականությանը: Նման Սահմանադրական դատարանին դիմելը մենք համարում ենք անիմաստ գործ: Էս ռեֆորմից կարելի է ստիպել հրաժարվել այս իշխանություններին միայն համաժողովրդական ճնշման ներքո, բայց մյուս կողմից, մենք հարգում ենք մեր գործընկերներին, եթե նրանք կարծում են, որ ՍԴ-ում այդ հարցի արծարծումը ինչ-ինչ օգուտ կարող է բերել, բնականաբար եթե լինի մեր ստորագրությունների կարիքը, մենք պատրաստ ենք մեր ստորագրությունները տրամադրել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զուրաբյանը:

Մամուլում կան վերլուծություններ, որ ՍԴ դիմելով՝ ԲՀԿ-ը ու Դաշնակցությունը փաստացի հրաժարվում են Կառավարությանն ամիսներ առաջ ներկայացրած 12 պահանջներից (դրանցից մեկը հենց կուտակայինին էր վերաբերում) և մինչև սեպտեմբերի 30-ը տրված վերջնաժամկետից, քանի որ հայտնի չէ, թե ե՞րբ դատարանը կսկսի քնել դիմումը, ե՞րբ որոշում կկայացնի: Վերլուծաբանների կարծիքով՝ թեժ աշնան և հանրահավաքային պայքարի խոստումներն ու ծրագրերը ՍԴ դիմելու պատրվակով կարող են շարունակ հետաձգվել։

«Ես ոչ մի հիմք չունեմ նման բան կարծելու: Մենք լուրջ երկխոսության մեջ ենք բոլոր քաղաքական ուժերի մեջ, ունենք պայմանավորվածություններ և որևէ հիմք չունեմ մտածելու, որ նման ինչ-որ դավադրություններ են մշակվել քառյակի ինչ-որ ուժերի միջև», - նշեց Լևոն Զուրաբյանը:

«Դավադրության տեսության կողմնակից չեմ եղել երբեք և չեմ կարծում, որ նման մոտիվ կարող է լինել, որովհետև անկախ նրանից՝ կդիմենք ՍԴ, թե չենք դիմի, առաջիկայում քառյակը իր հերթական աշխատանքային նիստը կունենա, և դա կլինի սեպտեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում: Մենք կտանք մեր միասնական գնահատականը կառավարությանը և դրանից հետո կանենք այն, ինչ որոշում կընդունի քառյակը»,- ասաց Հակոբյանը:

«Ես կարծում եմ, որ այն մոտեցումները, որ մենք ունեցել ենք և այն ճանապարհային քարտեզը, ժամանակացույցը, որ մենք միասին քննարկել, ընդունել ենք, կյանքի կկոչվի, և ես առիթ չունեմ չվստահելու իմ գործընկերներին», - ընդգծեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

«Ազատության» դիտարկմանը, թե ԲՀԿ-ին առնչվող լրատվամիջոցներով վերջին օրերին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի 60-ամյակին նվիրված հաղորդումները ևս չեն սասանո՞ւմ իրենց վստահությունը գործընկերների նկատմամբ, զրուցակիցներս պատասխանեցին, որ քառյակի օրակարգում Քոչարյանին առնչվող որևէ թեմա գոյություն չունի։

«Քառյակի հարաբերություններում, քառյակի ծրագրերի մեջ, քառյակի օրակարգի մեջ Ռոբերտ Քոչարյան երևույթ գույություն չունի։ Ինչի՞ ենք մենք նորից ուրվականներ, մտացածին կերպարներ կենդանացնում, բերում ասպարեզ», - ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

Ի դեպ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պաշտոնապես շնորհավորել է երկրորդ նախագահին՝ բարձր գնահատելով նրա հարուստ աշխատանքային կենսագրությունը, Հայաստանի և Արցախի կայացման գործում նրա ավանդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG