Մատչելիության հղումներ

Տնտեսագետ. «Բաղդասարովի բիզնեսների սնանկացման վերջին ակորդն է դրվում»


Տնտեսագետ.«Միքայել Բաղդասարովի բիզնեսների սնանկացման վերջին ակորդն է դրվում»
please wait

No media source currently available

0:00 0:04:44 0:00

Սեպտեմբերի 4-ին տեղի կունենա «Միկա» մարզադաշտի երրորդ՝ վճռորոշ աճուրդը, որով, ըստ տնտեսագետների, Հայաստանի երբեմնի խոշոր գործարարներից մեկի՝ Միքայել Բաղդասարովի բիզնեսների սնանկացման վերջին ակորդն է դրվում:

Կառավարության երեկվա որոշմամբ՝ մարզական համալիրը աճուրդի է հանվում «Միկա»-ի՝ պետությանն ունեցած պարտքի պատճառով, որն ընդհանուր առմամբ հասնում է մոտ 30 միլիարդ դրամի։

Հստակ է, որ պարտքը մեկ օրում չի կուտակվել։ «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ է Կառավարությունը տարիներ շարունակ աչք փակել՝ թույլ տալով, որ Բաղդասարովի ընկերությունները կանգնեն սնանկացման եզրին, Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, որ Կառավարությունը շարժվում է ոչ թե միանգամից լուծարելու, այլ հնարավորություն տալու սկզբունքով։

«Միկա Բաղդասարովը որոշակի միավոր ներկայացնող բիզնեսմեն էր, և առաջին 100 միլիոնի դեպքում նման հայցով դիմելն այդքան էլ ճիշտ չէր, որովհետև Կառավարությունը, հատկապես ներկա պայմաններում, ավելի շահագրգռված է, որպեսզի միանգամից ոչ թե լուծարի, սնանկացնի կազմակերպություններին, այլ հնարավորութուն տա որոշակի ժամանակում աշխատել, այդ թվում՝ նաև պետության պարտքը մարել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաֆարյանը։

Վերջին մեկ տարվա ընթացքում Բաղդասարովին պատկանող ընկերությունները մեկը մյուսի հետևից հայտարարեցին սնանկացման մասին։ Ամեն ինչ սկսվեց մենաշնորհային դիրք զբաղեցնող «Արմավիա» ավիաընկերությունից, որին հաջորդեց «Միկա ցեմենտ»-ի սնանկացումն ու «Միկա Քորփորեյշն»-ին պատկանող բենզալցակայանների փակումը։

«Ազատության» հետ զրույցում տնտեսական վերլուծաբան Բաբկեն Թունյանն ասաց, թե գործարարի նկատմամբ Կառավարության ներողամիտ դիրքորոշման մեջ հստակ միտում է տեսնում․ - «Այնպիսի տպավորություն էր, որ պետությունը միտումնավոր ձգձգում է էդ պրոցեսը՝ իմանալով, որ ընկերությունը խնդիրներ ունի, որպեսզի էդ պարտքերն ավելի մեծանան, ու ընկերությունը փաստացի հայտնվի անելանելի դրության մեջ»։

«Միկա»-ին պատկանող մարզահամալիրը երկու անգամ արդեն դրվել է աճուրդի, գնորդ, սակայն, դեռևս չի գտնվել: Եթե 3-րդ անգամ էլ չվաճառվի, այն կանցնի պետությանը, ընդ որում, սա վերջին ամիսների ընթացքում պետությանն ունեցած պարտքի դիմաց աճուրդի հանված գույքի արդեն երկրորդ դեպքն է:

Ավելի վաղ ԲԱՄՕ ընկերության սեփականատերեր Մուրադյան եղբայրներին պատկանող Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն էր հանվել աճուրդի, կրկին՝ ապարդյուն։

Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի կարծիքով՝ պատահական չէ, որ միմյանց հաջորդող այդ աճուրդներում գնորդ չի գտնվում։

«Ոչինչ պատահական չէ. էդ որոշված էր, որ չպիտի վաճառվեր, որևէ մեկը չէր գնի դա։ Որոշում չկայացվեց տալ որևէ մեկին, ստիպել որևէ օլիգարխի գնել դա: Դրա դեպքերը մենք ունենք, կարող եմ օրինակը բերել՝ ասենք «Բջնի» հանքային ջրերի գործարանի դեպքում», - ասաց տնտեսական մեկնաբանը։

Գալոյանը հիշում է, թե ինչպես տարիներ առաջ Բաղդասարովը հայաստանյան բիզնես աշխարհ մտավ՝ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ, ու միանգամից լայն հնարավորություններ ու արտոնություններ ստացավ․ - «Բաղդասարովը Հայաստանի տնտեսական կյանք մտավ, որքանով ես տեղյակ եմ, գործող նախագահ, էն ժամանակ Անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի երաշխավորությամբ: Նրա համար ապահովվեց նավթի ներմուծման հնարավորություն, և մեծ թափով մտավ շուկա»։

Ըստ Գալոյանի՝ Բաղդասարովի սնանկացումը վկայում է, որ նա կա՛մ դադարել է վայելել գործող նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությունը, կա՛մ ի սկզբանե «բիզնես հոտառություն» չի ունեցել:

Մինչդեռ տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը չի շտապում ասել, թե Բաղդասարովը Հայաստանում հարստություն է կորցրել. - «Էդ հարցում ինֆորմացիան էնքան փակ ա, որ մարդ չի հասկանում, թե իրականում Բաղդասարովը էս պատմությունից կորցրա՞ծ է դուրս եկել, թե՞ շահած: Որովհետև, ըստ որոշ տեղեկություների, գրավադրած գույքի դիմաց նա բացել է վարկային միջոցներ: Հիմա ստացվում է, որ ո՛չ վարկային միջոցները կան, ո՛չ բիզնեսը կա, գույքն էլ մնալու է ուրիշ մարդկանց։ Ստացվում է, որ Բաղդասարովը ոչ մի բան չունի: Բայց էդպես չի լինում, այսինքն էդ գումարները, որոնք վերցրել են, դրանք հնարավոր չի փոշիացված լինեն: Այսինքն դրանք կարող են ներդրված լինել այլ երկրներում կամ, ասենք, հենց թեկուզ մեր երկրի ներսում, բայց՝ ուրիշ տեղ»։

Ֆինանսների փոխնախարարի խոսքով՝ եթե հաջորդ աճուրդում էլ գնորդ չգտնվի, «Միկա» համալիրը կանցնի պետությանը:

Վերլուծելով այս զարգացումները՝ տնտեսական մեկնաբանները նշում են, թե արդեն գույքի սեփականության որոշակի տեղաբաշխում են նկատում:

XS
SM
MD
LG