Մատչելիության հղումներ

Լրագրողները պնդում են՝ խորհրդարանը աստիճանաբար փակում է դռները իրենց առջև


Ազգային Ժողովի աշխատանքը լուսաբանող լրագրողները բարձրաձայնում են խոչընդոտների մասին
please wait

No media source currently available

0:00 0:04:03 0:00

Ազգային Ժողովի աշխատանքը լուսաբանող լրագրողները բարձրաձայնում են խոչընդոտների մասին

Լրագրողների հիմնական դժգոհությունը խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի աշխատելաոճին է վերաբերում:

Ազգային ժողովի աշխատանքը լուսաբանող լրագրողները բարձրաձայնում են խոչընդոտների մասին, որոնք ստեղծել է խորհրդարանի աշխատակազմը: Վերջին օրերին, մասնավորապես, լրագրողները, ձեռքին ունենալով անցաթուղթ, միևնույն է ստիպված են լինում երկար սպասել անցագրային կետում: «Երկիր» կայքի լրագրող Մելանյա Մելքումյանը պատմեց, որ երեկ իրեն նույնպես խոչընդոտել են մուտք գործել շենք։

«Երբ մտա անցակետ, տեսա որ բոլոր լրագրողները այնտեղ են, չեն կարողանում մուտք գործել, փաստորեն իմ անցաթուղթն էլ չանցավ: Անվտանգության աշխատակիցներն ասում էին, որ սա հաշիվ չէ, պետք է թույլտվություն ունենաք: Իմ հարցին, թե ի՞նչ թույլտվություն, ժպտալով ասացին՝ վերևից: Այսինքն անուն չեն նշում: 20 րոպե, մնացածները 40 րոպե սպասում էին, այսինքն մեր աշխատանքը տապալվեց»,- պատմեց Մելքումյանը:

Լրագրողը տարակուսած է՝ անվտանգության աշխատակիցները հատկապես հետաքրքրված են եղել մասնագիտական գործիքներով՝ տեսախցիկ, ձայնագրիչ, որոշ դեպքերում նույնիսկ պահանջել են, որ անցագիր տված պատգամավորը նաև սարքավորման մասին առանձին տեղյակ պահի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին:

«Նախ հարցնում են՝ ի՞նչ ունեք ձեզ հետ, դիկտաֆոն ունե՞ք․․․ եթե այսուհետ դիկտաֆոնը համարվում է սառը զենք, թող Հրայր Թովմասյանը բարձրաձայնի դրա մասին: Երկու սարք կա այնտեղ, բոլորը գիտեն, մեկը մարդուն է ստուգում, մյուսը սարքավորումները: Հիմա ինչո՞վ է պայմանավորված վերևներից լրացուցիչ թույլտվությունը»,- հարցնում է Մելքումյանը:

1in.am-ի լրագրող Արմինե Ավետյանը երեկ ցանկացել է լուսաբանել «Բարգավաճ Հայաստան»-ի և Դաշնակցության պատգամավորների հավաքը խորհրդարանում:

«Պատգամավորներից մեկին խնդրեցի, ինձ անցաթուղթ տվեցին, բայց անվտանգության գոտու տղաները անմիջապես զանգեցին աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին, տեղեկացնելու, թե որ լրագրողն է եկել: Բոլոր լրագրողների դեպքում էլ անմիջապես զանգում էին Հրայր Թովմասյանին, տեղեկացնում էին, գրավոր թույլտվությունից հետո նաև բանավոր թույլտվություն էին ստանում»,- պատմեց 1in.am-ի լրագրողը:

Միայն Հրայր Թովմասյանի զանգից հետո են թույլ տվել, որ Արմինե Ավետյանին ուղեկցող օպերատորը նույնպես շենք մտնի, թեև նա ունեցել է անցագիր:

Լրագրողներն ափսոսում են, որ խորհրդարանը աստիճանաբար փակում է դռները իրենց առջև՝ սահմանափակելով նաև տեղեկատվության աղբյուրները: Գո՞ւցե իշխող կուսակցության՝ սկանդալային պատմություններով հայտնի պատգամավորներին են պաշտպանում լրագրողների հարցերից:

«Երկիր»-ի լրագրող Մելանյա Մելքումյանը այս միջադեպից հետո Հրայր Թովմասյանին հանդիպել է Կառավարությունում, փորձել է հետաքրքրվել՝ ո՞րն է խնդիրը, բայց անարդյունք:

«Էլի նույն արհամարհական վերաբերմունքը՝ չի կանգում, չի խոսում, մեզ չի համարում գործընկեր»,- ասաց Մելքումյանը:

Մեր հեռախոսազանգերը նույնպես արդարադատության նախկին նախարար Թովմասյանը անպատասխան թողեց: Լրագրողն ասում է՝ այս ամենը պատահական չէ՝ հենց նա դարձավ աշխատակազմի ղեկավար, մամուլի հետ խնդիրները սկսվեցին:

«Ի՞նչ անվտանգության խնդիր է լուծում․․․ լրագրողը շատ մե՞ծ սպառնալիք է ներկայացնում իր տեսախցիկով կամ դիկտաֆոնով: Եվ մինչ այդ էլ նա չէր փայլում լրագրողների հետ շփումներով կամ բարյացակամ վերաբերմունքով, հիմա առավել ևս: Գիտեմ, որ ինքը շատ նեղված էր, երբ իր անզգույշ խոսքը՝ «ղալլաթ են անում», դարձավ իր համար մեծ տհաճությունների պատճառ, միգուցե վրեժ է լուծում»,- կարծիք հայտնեց Մելքումյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG