Մատչելիության հղումներ

Ռուբիկ Հակոբյան. «Իշխանությունը ցույց է տալիս, որ ադեկվատ չէ»


Ռուբիկ Հակոբյան. «Իշխանությունը ցույց է տալիս, որ ադեկվատ չէ»
please wait

No media source currently available

0:00 0:05:05 0:00

Ըստ ընդդիմադիր գործչի՝ քառյակը պարտավոր է նախագահի հրաժարականի հարց բարձրացնել։

Իշխանությունները չեն կատարել քառյակի 12 պահանջներից որևէ մեկը, և քառյակը արդեն պարտավոր է նախագահի հրաժարականի հարց բարձրացնել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին։

Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերը` «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Հայ եղափոխական դաշնակցություն» և «Ժառանգություն», հունիսի սկզբին ներկայացրեցին 12 կետից բաղկացած իրենց պահանջներն ու Կառավարությանը ժամանակ տվեցին մինչև սեպտեմբերի վերջն իրագործել դրանք։

Դրանցում ո՛չ նախագահ Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պահանջ չկար։ Պահանջներն, առավելապես, վերաբերում էին տնտեսական մենաշնորհների վերացմանը, հարկային ու մաքսային ոլորտներին, 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցմանը։

«Ես կարծում եմ, որ ընդհանրապես ոչինչ չի կատարվել. ճիշտ է, եթե հիշում եք, երբ քառյակը նոր-նոր հայտարարեց, իշխանության ոչ երկրորդական դեմքերը հայտարարեցին՝ «ինչ հրաշալի ընդդիմություն ունենք, ինչ կառուցողական ընդդիմություն է, տեսեք՝ ինչ հրաշալի կետեր են առաջարկել և դրանք անպայման կիրականացնենք ընդդիմության հետ միասին»։ Անկեղծ ասած, հումոր չի սա, ինձ թվում էր՝ չեն կարդացել։ Հետո Սերժ Սարգսյանն ու Դավիթ Հարությունյանը կարդացին, հայտարարեցին՝ «ի՞նչ եք ասում, էս կետերն ո՞վ կիրականացնի»,-ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով, եթե իշխանությունը հրաժարվի 41 մեծամասնական մանդատից, ապա հաջորդ ընտրության ժամանակ իշխանությունը միանգամից կվերանա․ - «Պատկերացրեք, որ իշխանությունը համաձայնի լծակներ տալ վերահսկիչ ընդդիմությանը, հաջորդ անգամ խոհանոց կբացահայվի, և կտեսնենք, որ 701 միլիարդ դրամ ռիսկային, ինչպես Վերահսկիչ պալատը ներկայացրեց, այդ ամբողջ բյուջեի 70 տոկոսը իսկապես դրված է փակ սենյակում, և ամեն մեկն իր մուսկուլների, իր դաստիարակության չափով ուղղակի ատկատ է անում դրանից։ Բնականաբար, նրանք չեն տա վերահսկողական լծակներ։ Այսինքն՝ դրանք կետեր են, որոնք երեք ամսում կարող էին իրականացվել, բայց մի հստակ գործոնի պատճառով չիրականացվեցին․ իշխանությունը չունի քաղաքական կամք, կոսմետիկ այդ հայտարարություններին չեմ անդրադառնում»,-ասաց Հակոբյանը։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրերս արած հայտարարությանը, թե «կախարդական փայտիկ չունի» ստվերը կարճ ժամանակում հարկային դաշտ բերելու համար». Ռուբիկ Հակոբյանը հակադարձեց․ - «Էդ փայտիկը, որ լավ փնտրեն, կգտնեն, որովհետև այդ փայտիկն իրենց կողքին դրված է։ Այսինքն այդ փայտիկը ո՞րն է․ որ չի կարելի կաշառակերությամբ զբաղվել, չի կարելի ազգ-բարեկամներին խցկել պետական և տեղական ինքնակառավարման համակարգ՝ անգրագետ ձևով և հակահիգիենիկ կեցվածքով, տնտեսական դաշտը մենաշնորհի ենթարկել, չի կարելի կեղծել ընտրությունները: Փայտիկներից մեկը դա է, չի կարելի 41 մանդատ պահել։ Բոլորը տեսնում են այդ փայտիկները, բացի իշխանությունից»։

Նրա խոսքով՝ այս պահին անիմաստ է նորից պահանջել Կառավարության հրաժարականը։

«Մենք, որպես «Ժառանգություն», պահանջելու ենք ամբողջական իշխանափոխություն՝ օրվա իշխանությունների հետ միասին։ Մենք տեղ չունենք այլևս գնալու. իշխանությունը ցույց է տալիս, որ ինքն ադեկվատ չէ, չի գնահատում իրավիճակը, և մենք պարտավոր ենք հրաժարականի հարցը բարձրացնել», - ասաց Հակոբյանը։

Շատ կարևորելով քառյակի բոլոր չորս ուժերի համախմբվածությունը՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ եթե չորս քաղաքական ուժերի լիդերներն իրենց թիմակիցների հետ անկեղծորեն կանգնեն հրապարակում և գնան իշխանափոխության, իշխանափոխությունը «օրերի խնդիր կլինի»։

Ռուբիկ Հակոբյանը առաջիկայում ակնկալում է ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգության» և ՀՅԴ ղեկավարների հանդիպում։

Հայ ազգային կոնգրեսը ևս համարում է, որ այս պահին քառյակի 12 պահանջները կատարված չեն։

Ինչ վերաբերում է նախագահի հրաժարականի պահանջին, կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Ազատությանը» ասաց. - «Այդ պահանջն ուժի մեջ է 2008 թվականից սկսած. ժողովուրդը չպիտի հանդուրժի Սերժ Սարգսյանի ղեկավարած ռեժիմի գոյությունը Հայաստանում»։

Ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան»-ը այսօր գումարել է Գագիկ Ծառուկյանին կից խորհրդատվական խմբի նիստ։ Քննարկված յոթ հարցերից երկուսը վերաբերել են քառյակի միասնական օրակարգին ու 12 պահանջների իրականացման ընթացքին։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ տրվել է նախնական գնահատական 12 կետերի կատարման ընթացքի վերաբերյալ։ Թե որն է այդ գնահատականը, կուսակցությունն առայժմ չի հրապարակում։

«Ցանկալի է, որ որևէ մեկը չվարանի և չկասկածի, որ դիրքորոշումը է և լինելու է ադեկվատ երկրում առկա իրավիճակին», - «Ազատությանը» փոխանցեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: - «Բայց գիտեք, որ «Բարգավաճ Հայաստան»-ը գործում է միասնաբար ոչ իշխանական ուժերի հետ, մասնավորապես, 12 կետերի վերաբերյալ, որոնք ձևավորվել են միասնական օրակարգում։ Ուստի առաջիկայում՝ քառյակի հետ քննարկումից հետո, նիստից հետո, «Բարգավաճ Հայաստան»-ը կարտահայտի միասնաբար իր ասելիքը դրա վերաբերյալ»։

Ինչ վերաբերում է նախագահի հրաժարականի պահանջի վերաբերյալ Ռուբիկ Հակոբյանի դիտարկումներին, ԲՀԿ խոսնակը նշեց. - «Քառյակի անդամ բոլոր ուժերի ներկայացուցիչները հայտնում են տարբեր մտքեր, որոնք, անշուշտ, դիտարկման ենթակա են, և, կարծում եմ, ևս համապատասխան պահին կլինի համապատասխան դիրքորոշում»։

XS
SM
MD
LG