Մատչելիության հղումներ

«Դեմ եմ» շարժումը մեկ օրով «Դեմ չեմ» դարձավ


«Դեմ եմ» շարժումը մեկ օրով «Դեմ չեմ» դարձավ
please wait

No media source currently available

0:00 0:03:54 0:00

Օգոստոսի սկզբին «Դեմ եմ» շարժումը մեկ օրով «Դեմ չեմ» դարձավ: Կուտակային կենսաթոշակային պարտադիր վճարումների դեմ պայքարի ընթացքում ծանոթացած Նելլի Գյուրջյանն ու Սերգեյ Ղահրամանյանը դեմ չէին ընտանիք կազմելուն:

Մասնագիտությամբ տնտեսագետ Նելիի ծնողներն ու գործընկերները, անհանգստանալով նրա անվտանուգթյան համար, վերջին ամիսներին հաճախ էին խորհուրդ տալիս չմասնակցել «Դեմ եմ»-ի հանրահավաքներին: Ծնողների անհանգստությունը փարատելու համար Նելլին ստիպված էր լինում նրանցից գաղտնի մասնակցել ակցիաներին:

«Ազատության» հետ զրույցում աղջիկը խոստովանում է, թե պայքարի գաղափարից բացի, նաև կանխազգացում է ունեցել՝ ապագա ամուսնուն հանդիպելու է հենց այդ թեժ հանրահավաքների ընթացքում:

«Հնարավորինս ուզում էին զերծ պահել, բայց միևնույն է՝ մի անգամ չէի ասում, մի անգամ սուտ էի ասում, սուտ ասելուց էլ բռնվում էի, քանի որ միշտ ինձ նկարում էին, հեռուստատեսությամբ ցույց էին տալիս։ Աշխատավայրում էլ ինձ արգելում էին, ասում էին՝ հազար ու մի փորձանք կա, մի գնա։ Մի խոսքով, ասում էի՝ մի՛ խանգարեք, ես հանդիպելու եմ իմ երկրորդ կեսին։ Իսկապես, որ ասում են խոսքը մեծ ուժ ունի, դա էդպես է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նելլին։

Համակարգչային ծրագրավորող Սերգեյի աշխատանքը խլում է նրա գրեթե ողջ ժամանակը: Եղածն էլ նա տրամադրում է «Դեմ եմ»-ի ակցիաներին: Ինչպես ասում են՝ եղավ երկուսը մեկում. մասնակցեց ակցիաներին, ծանոթացավ ապագա կնոջ՝ Նելլիի հետ:

«Այսօր, կարելի է ասել, որ չէի կարող պատկերացնել, երազել, որ ժամանակ կարող եմ գտնել, ընկերուհի ունենալ և անձնական կյանք ստեղծել, բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ», - նշեց Սերգեյը։

Նրանց ինքնատիպ հարսանեկան հանդեսի յուրաքնաչյուր դետալ «Դեմ եմ»-ի տարբերանշանն է կրել՝ սկսած տարոսիկներից, հարսանեկան տորթից, հարսի ծաղկեփնջից, մինչև հյուրերի մեքենաների ապակիներին փակցված տարբերանշանները: Միայն թե այս դեպքում «Դեմ եմ»-ին ավելացել էր «չ» տառը: Արդյունքում՝ նշանաբանը հետևյալ տեսքն էր ընդունել՝ «Դեմ չեմ»։

Կուտակայինի հանրահավաքների մասին ծանուցող տեսահոլովակից շատ քիչ էր տարբերվում նաև այս հարսանիքի տեսահրավերը: Եկեղեցու բակում ներկա է եղել «Դեմ եմ»-ի ողջ թիմը: Բայց մեկ տարբերիչ հանգանամք կար՝ այս միջոցառմանը ներկա չէին ակցիաները ցրող ոստիկանները, իսկ քահանայի հարցին՝ «հնազանդ ե՞ս», հարսանացուն պատասխանել է ՝ «Դեմ չեմ»:

Հիմա արդեն ամուսիններով են պատրաստվում մասնակցել «Դեմ եմ»-ի բոլոր հանրահավաքներին՝ պայքարը չեն դադարեցնելու. այս ընտանիքն իր ապագան տեսնում է միայն Հայաստանում:

Սերգեյը նկատել է՝« Դեմ եմ»-ում ևս մեկ ընտանիք է կազմվելու, իրենք միակը չեն լինելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG