Մատչելիության հղումներ

«Եդինայա Ռոսիա»-ն մտադիր է Մակարևիչին զրկել պետական պարգևներից


Ռուսաստանում իշխանությունների քաղաքականության դեմ բողոքող մտավորականների դեմ արշավը շարունակվում է:

«Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցության հարվածի տակ է հայտնվել հանրահայտ «Մաշինա վրեմենի» ռոք խմբի ղեկավար Անդրեյ Մակարևիչը․ առաջարկվում է նրան զրկել բոլոր պետական կոչումներից ու շքանշաններից:

Նախաձեռնության հեղինակը «Եդինայա Ռոսիա»-ի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովն է:

Պատգամավորի նախաձեռնությանն արդեն դեմ է արտահայտվել Ռուսաստանի օմբուդսմեն Ելենա Պանֆիլովան՝ փաստարկելով, որ կոչումներն ու պարգևները Մակարևիչը ստացել է անցյալի գործունեության համար:

Իսկ Անդրեյ Մակարևիչը հայտարարել է, որ մտադիր է զրպարտության համար Ֆյոդորովին դատի տալ:

Աղմուկը բարձրացել է այն բանից հետո, երբ ռոք երաժիշտը ուկրաինացի փախստականների համար համերգ է տվել Ուկրաինայի իշխանությունների հսկողության տակ գտնվող Սվյատոգորսկում: Ռուսաստանյան մամուլում և համացանցում իսկական արշավ է սկսվել Մակարևիչի դեմ: Երաժիշտը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին ասել էր․ - «Ուկրաինա մեկնել էի Ուկրաինայի կամավորների հրավերով․ այդ մարդիկ պարզապես օգնում են նրանց, ովքեր օգնության կարիք ունեն: Ես համերգ եմ տվել ոչ թե Սլավյանսկուն, ինչպես գրում են, այլ Սվյատոգորսկում փախստականների համար, փախստական երեխաների համար: Իսկ եթե այդ մարդիկ շարունակեն ինձ ֆաշիստ անվանել, ես ստիպված կլինեմ դիմել դատարան: Նրանք դա գիտակցաբար են անում․ հարձակվում են մեկի վրա, որ մյուսների իրենց խելոք պահեն»:

Նա նաև հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել իր կոչումներից ու պարգևներից:

Հանրահայտ երգիչը, ինչպես և ռուս մտավորականության մի շարք այլ ներկայացուցիչներ, չի պաշտպանում նախագահ Պուտինի քաղաքականությունը Ուկրաինայի հարցում: Մասնավորապես, նրա կարծիքով, Ռուսաստանի քաղաքականությունը Ղրիմի հարցում «անօրինական է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG