Մատչելիության հղումներ

Արտգործնախարարությանը հանձնարարական է տրվել Իրաքի եզդիների հարցով զբաղվելու մասին


ՀՀ նախագահի կողմից հանձնարարականներ են տրվել արտգործնախարարությանը և դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին՝ միջազգային ասպարեզում պատշաճ մակարդակով բարձրացնել Իրաքի եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների և մարդկային բազմաթիվ զոհերի հարցը:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը՝ «Արմենպրես» գործակալությանը տրամադրված հայտարարության մեջ:

Նշելով, որ Հայաստանը «խորապես անհանգստացած է» Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների փաստով, ՀՀ նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է․ - «Որևէ ազգային և կրոնական փոքրամասնության և, մասնավորապես, Իրաքի եզդիների հանդեպ բռնության կիրառումը բացարձակապես անընդունելի է, և միջազգային հանրությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի դրանք ժամ առաջ դադարեցնելու, տուժածներին աջակցություն ցուցաբերելու, մարդասիրական օգնություն տրամադրելու համար»:

Սաղաթելյանը նաև տեղեկացրել է, որ նախագահ Սարգսյանն այսօր ՀՀ վարչապետի հետ քննարկել է Հայաստանի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության՝ նախապես ծրագրված ծավալներն ավելացնելու հարցը, ինչին ՀՀ կառավարությունը լուծում կտա առաջիկա օրերի ընթացքում:

«Խնդիրը շարունակելու է մնալ պաշտոնական Երևանի ուշադրության կենտրոնում, և Հայաստանի Հանրապետությունն իր ուժերի չափով հետևողականորեն սատարելու է փորձության մեջ հայտնված բարեկամ եզդի ժողովրդին»,-ասվում է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG