Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանը վկայեց ոստիկանությունում զենքով բռնության մասին


Շանթ Հարությունյանը վկայեց ոստիկանությունում զենքով բռնության մասին
please wait

No media source currently available

0:00 0:06:43 0:00

Շանթ Հարությունյանը դատարանում քննադատեց ոստիկանական համակարգի ներկայացուցիչների գործելակերպը:

Շանթ Հարությունյանն այսօրվա դատական նիստի ընթացքում ցուցմունք տվեց նոյեմբերի 5-ին ոստիկանական բաժանմունքում իր նկատմամբ զենքով բռնություն գործադրելու մասին:

Նա ձեռնպահ մնաց բռնություն գործադրած ոստիկանի անունը նշելուց:

«Ասեց՝ հիմա գլխիցդ խփում եմ, գրանցեմ դժբախտ պատահար, մեկ ա` դու խելառ ես, գժի թուղթ ունես», - մանրամասնեց Շանթ Հարությունյանը և հավելեց, որ ինքը տվյալ ոստիկանին ասել է․ - «Հինգ օր ես ընդեղ նստած էի՝ Օպերայում դասընկերներիս հետ, էդ զորքդ հավաքեիր, գայիր, ըտեղ կռիվ անեինք: Բայց ինքը ըտեղ ասեց՝ ոչ մեկդ Շանթին մատով չկպնեք, աթոռը տվեց, նստեցի», - պատմեց Շանթ Հարությունյանը:

Պատասխանելով իր պաշտպանի՝ Ինեսա Պետրոսյանի հարցին, արձագանքեց ամիսներ առաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությանը, թե ինքը բռնություն չի գործադրել Շանթ Հարությունյանի նկատմամբ: Հիշեցնենք, Գասպարյանն ասել էր, որ եթե ինքն իրեն թույլ տար նման բան անել, «Շանթից բան կմնա՞ր»:

Հարությունյանն այս կապակցությամբ ասաց․ - «Ով էլ լիներ իմ տեղը, ես, թե Գասպարյան Վովան, թե Պողոսը... Էդ միջավայրում ու իրան խփողը ով էլ լիներ, իրանից բան չէր մնա, հաստատ: Նենց չի, որ Վովան էդքան կա, Շանթն էլ էսքան նվազ ա: Ինքը նենց թեթև խփեց, ավելի շատ իրա խոսքը ինձ վիրավորեց, ասում ա՝ մաստ ես փոխե՞լ»:

Ոստիկանության բաժնում տեղի ունեցած այլ մանրամասներ ներկայացնելով՝ նա շարունակեց անուն չտալ, քննադատեց ոստիկանական համակարգի ներկայացուցիչների գործելակերպը:

«Մեկը կար, որ ինձի խփեց, հետո իմացա, որ էտի էն ա, որը մեկին խփել, ջարդուխուրդ ա արել ինչ-որ ցույցերի վախտ, էն Գրիշա Վիրաբյանին», - ասաց Հարությունյանը:

Շանթը՝ Սերժ Սարգսյանի մասին

Շանթ Հարությունյանն իր ցուցմունքում անդրադարձավ հեղափոխության անխուսափելիությանը՝ պատմական մանրակրկիտ ակնարկներով: Մի քանի անգամ Սերժ Սարգսյանի անունը տվեց՝ հիշեցնելով, թե նա ինչով էր զբաղված խորհրդային տարիներին․ - «Ձեզ ինչ ա թվում, որ ինքը դարձել ա պրեզիդենտ, ինքը պիտի փոխվի՞»:

Դատավորը նման դեպքերում հորդորում էր ցուցմունք տալ ըստ էության՝ մեղադրանքի շուրջ: Բայց, երբ Հարությունյանը գոհունակություն հայտնեց Սոչիում Սարգսյան - Պուտին հանդիպման կապակցությամբ, դատավորը չընդհատեց:

«Երբ որ ինքը գնաց ասեց՝ ինչպես Պուտինը հարմար կգտնի, Ուկրաինայի մասին մեզ կասի, դրանից հետո մենք իրան կասենք Կովկասի, Ղարաբաղի վիճակը, ասեցի հազիվ լավ, մալադեց, մի անգամ իրան դաստոյնի պահեց», - նշեց Շանթ Հարությունյանը:

Այսօր ցուցմունք տվեց Շանթ Հարությունյանի որդին՝ 15-ամյա Շահեն Հարությունյանը: Նա նկարագրեց ոստիկանի գործողությունները նոյեմբերի 5-ին․ - «Ոստիկանը վազելով հետևիցս ընկավ, մի քանի հոգի ինձ գցեցին գետնին՝ մեքենայի անիվների տակ, ոտքերով հարվածեցին»:

Բարձրախոսով ոստիկանության «հրեշտակների» գնդի հրմանատարին ուղեղի ցնցում պատճառելու մեջ մեղադրվող Շահեն Հարությունյանը պատմեց, որ երբ իրեն բերման են ենթարկել բաժին, խոսակցություններ է լսել, թե ինքը զրկվել է հորից, իսկ հոր ընկերները վերակենդանացման բաժնում են, սակայն ավելացրեց, որ ինքը մինչ այդ տեսել էր նրանց:

«Ես էլ չեմ ուզում ստրուկ լինել»

Այսօրվա դատական նիստի ժամանակ ցուցմունք տվեց նաև ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու և ոստիկանի նկատմամբ բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Վահե Մկրտչյանը: Նա մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը․ - «Մահվան դուռը քանի անգամ եմ գնացել: Բայց հո մենք է՞ս չենք ուզում, մենք ուզում ենք ավելի լավ երկիր: Ընդհանուր ժողովրդին սարքել են ստրուկ, ես էլ չեմ ուզում ստրուկ մնալ»:

Վահե Մկրտչյանն ասաց, որ քննիչին էլ է տեղեկացրել, որ անձամբ ինքը հացի խնդիր չի ունեցել:

2 հոդվածով մեղադրվող Մկրտչյանը պատասխանեց իր պաշտպանի՝ Հովհաննես Քոչարյանի հարցին․ - «Պետրոս Հայրապետյանին Դուք հարվածե՞լ եք․ տուժողը նման ցուցմուքն տվեց դատարանում»:

«Դե փորձել է փայտը ձեռքիցս վերցնի, ես էլ թողել եմ, հիմա՝ կպել-վնասել է, ես էդտեղ մեղավոր չեմ», - պատասխանեց Մկրտչյանը:

Ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնության և ոստիկանին բռնության ենթարկելով՝ խուլիգանության մեջ մեղադրվող Ալբերտ Մարգարյանը նույնպես մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը: Նա նոյեմբերի 5-ի դեպքերը նկարագրելով՝ խոսեց սադրիչների մասին․ - «Հետո է պարզվել, որ ոստիկան էր, ես շատ գիտեմ․․․Դրանք պրովոկատորներ էին, ես արդեն ասեցի»:

Նախաքննական ցուցմունքում, ըստ մեղադրող Գևորգ Գևորգյանի, Ալբերտ Մարգարյանը նշել է, որ հարվածել է քաղաքացիական հագուստով ոստիկանի: Ալբերտ Մարգարյանը, սակայն, ասաց, որ դա քննիչի թելադրանքն է եղել, և իր նկատմամբ ճնշում են գործադրել:

Հաջորդ դատական նիստը նշանակված է ուրբաթ՝ օգոստոսի 15-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG