Մատչելիության հղումներ

WP. «Իսլամական պետությունը» իր վերելքի համար մեծապես պարտական է Թուրքիային»


Իրաք - «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» զինյալը Մոսուլում, հունիս, 2014թ․
Իրաք - «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» զինյալը Մոսուլում, հունիս, 2014թ․

«Թուրքիան գրկաբաց ընդունեց բոլոր նրանց, ովքեր կռվում էին Բաշար Ասադի դեմ: Այժմ մենք վճարում ենք այդ «հյուրասիրության» գինը»:

«Մերձավոր Արևելքի ամենածայրահեղական խմբավորումներից մեկը` «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» իր անսպասելի և սրընթաց վերելքի համար մեծապես պարտական է Թուրքիային», - օրերս գրել է ամերիկյան ամենահեղինակավոր պարբերականներից մեկը` The Washington Post-ը:

Ամերիկյան թերթի թղթակիցները այցելել են Սիրիայի հետ սահմանին գտնվող թուրքական Ռեյհանլը քաղաք: Այս բնակավայրը, լրագրողների բնորոշմամբ, մինչև վերջերս «իսլամիստ ծայրահեղականների համար յուրատեսակ անձնական օգտագործման սուպերմարկետ էր հանդիսանում»: Բացատրելով այս միտքը՝ The Washington Post-ի հեղինակները նկատում են․ - «Այս քաղաքի փոշոտ շուկաներում` փահլավայի խանութների և քյաբաբի վաճառքով զբաղվող կրպակների արանքում, իսլամիստ զինյալները բացահայտ կերպով առևտուր էին անում` համազգեստ կամ վերջին մոդելի Samsung հեռախոս գնելով: Սիրիական կառավարության դեմ կռվող «Իսլամական պետության» և «Ալ-Ղաիդա»-ի մասնաճյուղը համարվող «Ջաբհաթ ան-Նուսրա»-ի վիրավոր զինյալները բուժվում էին թուրքական հիվանդանոցներում: Եվ ամենակարևորը` թուրքերի թեթև ձեռքով Ռեյհանլըն և սահմանակից մի շարք այլ թուրքական քաղաքները դարձան այն հիմնական ուղիները, որոնցով համալրվում էին զինյալների շարքերը և նրանք սպառազինություն էին ստանում»: The Washington Post-ը մեջբերում է տեղի բնակիչներից մեկի հետևյալ խոսքերը․ - «Թուրքիան գրկաբաց ընդունեց բոլոր նրանց, ովքեր կռվում էին Բաշար Ասադի դեմ: Այժմ մենք վճարում ենք այդ «հյուրասիրության» գինը»:

«Այսօր Միացյալ Նահանգները օդային հարվածներ է հասցնում Իրաքում հարձակման անցած իսլամիստներին, բայց պետք չէ մոռանալ, որ այդ նույն իսլամիստների հզորացման պատճառներից մեկն էլ հենց ՆԱՏՕ-ի անդամ պետության սահմանը որպես ռազմավարական նշանակության մատակարարման ուղի օգտագործելու կարողությունն էր», - գրում է ամերիկյան պարբերականը:

Թերթի թղթակիցներին հաջողվել է զրուցել նաև «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դաշտային հրամանատարներից մեկի հետ: 27-ամյա Աբու Յուսաֆը պատերազմական գոտուց Ռեյհանլը է ժամանել հատուկ ամերիկացի լրագրողների հետ հանդիպման համար: «Այժմ Թուրքիա մուտք գործելն այնքան էլ հեշտ չէ», - ամերիկյան պարբերականի հետ զրույցում նշում է Եվրոպայում ծնված այս իսլամիստ զինյալը, ով Սիրիայում և Իրաքում կռվում է արդեն երկուևկես տարի: Նրա խոսքով, նախկինում `մինչև Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքի` Մոսուլի գրավումը «Իսլամական պետությունն» ու Թուրքիան շատ ավելի ջերմ հարաբերություններ ունեին:

«Մեր զինյալները, այդ թվում՝ հրամանատարներից մի քանիսը, բուժում են ստացել Թուրքիայում: Պատերազմի սկզբում մեզ միացած օտարերկրյա մարտիկների մեծ մասը Սիրիա հասավ հենց Թուրքիայով: Սա էր նաև մեր մատակարարումների հիմնական ուղին», - նշում է իսլամիստ զինյալը The Washington Post-ին տված հարցազրույցում:

Թերթը, սակայն, տեղեկացնում է, որ այժմ Իրաքում ծավալված ողբերգական իրադարձություններից հետո Թուրքիա սկսել է աստիճանաբար փակել իր սահմանը իսլամիստ զինյալների համար, ինչը, այդուհանդերձ, ըստ The Washington Post-ի, այլևս որոշիչ նշանակություն ունենալ չի կարող:

«Իրաքում արձանագրած հաջողություններից հետո մենք շատ ավելի քիչ կախում ունենք Թուրքիայից: Իրաքում «Իսլամական պետության» հետ դաշնակցել են ազդեցիկ սուննիական ցեղերը: Այժմ մենք թե՛ Իրաքում և թե՛ Սիրիայում այնքան զենք ենք կուտակել, որ օտարերկրյա մատակարարումների կարիք չի զգացվում», - ամերիկյան թերթին փոխանցել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» հրամանատարներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG