Մատչելիության հղումներ

Թուրքական խմբերը ֆինանսավորել են կոնգրեսականների խնդրահարույց շրջագայությունը Ադրբեջանում


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Միջազգային մամուլն այս օրերին հեղեղված է եվրոպական և ամերիկյան քաղաքական գործիչների մասին սկանդալային պատմություններով, որոնք ջերմ ընդունելության են արժանացել Ադրբեջանում և Թուրքիայում՝ շահադիտական թաքուն դրդապատճառներով:

Նորագույն բացահայտումը հրապարակվել է «Հյուստոնյան խրոնիկա»-ի (Houston Chronicle) կողմից հուլիսի 27-ին` «Կոնգրեսականների շրջագայությունը ահազանգ է հնչեցնում» խորագրով: Հոդվածը բացահայտել է, որ թուրքական շահույթ չհետապնդող հինգ խմբեր ծախսել են 274 459 դոլար` Կոնգրեսի տասը անդամների և 35 աշխատակիցների Ադրբեջան ճոխ ճամփորդության վրա 2013 թվականի մայիսին: Այդ դրամական միջոցները նվիրաբերել էին.

- Թուրք ամերիկացիների և եվրասիացիների խորհուրդը (Հյուստոն) - 101 680 դոլար.

- Ամերիկայի միջին արևմտյան հատվածի թուրքական միությունը (Չիկագո) - 68 324 դոլար.

- Ամերիկայի թուրքական դաշինքը (Վաշինգտոն) - 52 975 դոլար.

- Ամերիկայի հարավ-արևելյան հատվածի թուրքական միությունը (Ատլանտա) - 26 550 դոլար.

- Թուրք-ամերիկյան ընկերակցությունների խորհուրդը (Նյու Յորք) - 24 930 դոլար:

Ահա այն տասը կոնգրեսականները, որոնց դեպի Բաքու ճամփորդության բոլոր ծախսերն ամբողջովին վճարվել էին.

- Դենի Դևիս - 24 084 դոլար.

- Ռուբեն Հինոջոզա - 19 962 դոլար.

- Ջիմ Բրայդենշտին - 14 173 դոլար.

- Թեդ Պո - 13 431 դոլար.

- Սթիվ Սթոքման - 13 431 դոլար.

- Միշել Լուհան Գրիշեմ - 12 780 դոլար.

- Շիլա Ջեկսոն Լի - 12 034 դոլար.

- Լենարդ Լանս - 9 798 դոլար.

- Իվետ Քլարկ - 8 701 դոլար.

- Գրեգորի Միքս - 6 431 դոլար:

Կոնգրեսականների ուղևորության իրական նպատակը մի համաժողովի մասնակցելն էր, որը մասամբ ֆինանսավորվել էր SOCAR-ի (Ադրբեջանի ազգային նավթային ընկերություն) կողմից, և որն իր գործընկերներից մեկի՝ NIOC-ի (Իրանի ազգային նավթային ընկերություն) հետ միասին ձեռնարկել էր 28 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիր՝ «Շահ Դենիզ» գազի հանքավայրը շահագործելու համար: Պատահական չէր, որ շրջագայությունը կազմակերպվել էր հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսը պատրաստվում էր լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: Ադրբեջանցիներին և նրանց իրանցի գործընկերներին խիստ անհրաժեշտ էր Կոնգրեսից ստանալ արտոնություն՝ այս հսկայածավալ ծրագիրն իրականացնելու համար: Զարմանալի չէ, որ կոնգրեսական պատվիրակության շքեղ ճամփորդությունից վերադառնալուց հետո, դեռ երկու ամիս չանցած, Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց այդ ցանկալի արտոնությանը…

«Հյուստոնյան խրոնիկա»-ն օրինագծի շուտափույթ հաստատումը սովորաբար դանդաղաշարժ Կոնգրեսի կողմից բացատրում է նրանով, որ «SOCAR-ը, ադրբեջանական այլ պետական միավորների հետ մեկտեղ դարձել է Վաշինգտոնի խոշորագույն փող ծախսողներից մեկը՝ ամերիկյան գործընկերներ ապահովելով իր նավթամթերքները համաշխարհային շուկաներ հանելու համար… Լոբբիստները, Ադրբեջանի կառավարությունը և էներգետիկ ընկերությունները, բոլորը մասնակցել էին Բաքվի հավաքույթին» Հեյդար Ալիևի անվան շքեղ կենտրոնում, որտեղ գլխավոր բանախոսը նախագահ Իլհամ Ալիևն էր: «Առնվազն չորս կոնգրեսականների ընկերակցել էին իրենց կանայք կամ նշանածները: Ոմանք օգտվել էին առաջին կարգի թռիչքներից և իրենց ուղևորությունը երկարաձգել՝ մնալով Թուրքիայի շքեղ հյուրանոցներում: Միայն կոնգրեսականների ճամփորդական ծախսերը կազմել էին 270 հազար դոլար»:

Հետաքրքրական է, որ այցելության գլխավոր կազմակերպիչը՝ Թուրք ամերիկացիների և եվրասիացիների խորհուրդը, «չի բացահայտել որևէ առևտրական ընկերության աջակցություն կամ օտարերկրյա կառավարության օգնություն դեպի Բաքու կոնգրեսականների կատարած ուղևորությունների համար», ինչպես պահանջվում է դաշնային օրենքով, հաղորդում է «Խրոնիկա»-ն: Թուրքական շահույթ չհետապնդող հինգ կազմակերպությունները և տասը կոնգրեսականները հնարավոր է խախտել են Կոնգրեսի էթիկայի կանոնները և դաշնային օրենքը՝ չբացահայտելով առևտրական նվիրատվությունները ուղևորության համար, հայտարարում է «Խրոնիկա»-ն:

Արձանագրությունները ցույց են տալիս, որ կոնգրեսական Միքսը «չի բացահայտել Բաքու կատարած իր ճամփորդության ծախսերը վերջնաժամկետից մեկ տարի անց», պարզել է «Խրոնիկա»-ն: Ավելին, կոնգրեսական Սթոքմանը լրացուցիչ ստացել է 5 հազար դոլար քարոզչական նպատակներով երեք վճարումներով, նույն ամսվա ուղևորության ընթացում, Թուրքական խորհրդի նախագահ Քեմալ Օքսուզից, որը ղեկավարում է շահույթ չհետապնդող երկու խմբեր, ընդ որում դրանք Հյուստոնում գրանցված են միևնույն հասցեում: «Երկու խմբերն էլ ճանաչվել են որպես Բաքվի համաժողովի հովանավորներ կամ կազմակերպիչներ և երկուսն էլ գումար են վերցրել SOCAR-ից: Մի խումբը՝ Ադրբեջանի բարեկամների ասամբլեան, գործում է որպես SOCAR-ի ամերիկյան հանրային կապերի թև»՝ ըստ «Խրոնիկա»-ի տեղեկությունների:

Օքսուզը Բաքվում հայտնել է մի ամերիկացի լրագրողի, որ նավթային համաժողովի ծախսը կազմել է 1.5 միլիոն դոլար: Նա նաև ասել է, որ հյուրերը որպես նվեր ստացել են ձեռագործ գորգեր, որը խախտում կհամարվի, եթե դրանց մասին չհայտնեն ԱՄՆ համապատասխան մարմիններին:

«Խրոնիկա»-ն պարզել է, որ «այդ ոչ առևտրային խմբերից շատերը ղեկավարվում են թուրք նախկին իմամ, վտարանդի Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդների կողմից, որն ապրում է Փենսիլվանիայում… Ընդհանուր առմամբ, թուրքական խմբերը կոնգրեսականների և նրանց աշխատակազմերի համար 2009-2013 թվականներին ֆինանսավորել են 272 արտասահմանյան ուղևորություններ» դեպի Ադրբեջան և Թուրքիա:

«Հյուստոնյան խրոնիկա»-ն, ի լրումն իր մերկացնող հետաքննական հոդվածի, նաև հրապարակել է խիստ քննադատական մի խմբագրական՝ հանդիմանելով տասը կոնգրեսականներին` «ահավոր միամիտ կամ նողկալի կաշառակեր լինելու» համար, և «մի քանի գրպանած նվիրատվությունների» դիմաց ծառայելու համար Ադրբեջանի շահերին՝ «մի կոռումպացված ավազակապետության, ուր իշխում է Ալիևների ընտանիքը, որ ապօրինի գումարներ է կուտակում՝ խեղդելով քաղաքական այլախոհությունը»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG