Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանը հանդիպումներ է ունեցել Պենտագոնում, Պետդեպարտամենտում


Հայաստանի պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյան, արխիվ
Հայաստանի պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյան, արխիվ

ԱՄՆ-ի Կանզաս նահանգից Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալի Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն, այնուհետև՝ Նյու Յորք:

Վաշինգտոն կատարած այցի ընթացքում երեկ կայացել են Տոնոյանի հանդիպումները ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասի, պետքարտուղարի փոխտեղակալներ Գրեգ Կաուսների և Էրիկ Ռուբինի հետ:

Հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են հայ - ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում ղարաբաղա - ադրբեջանական շփման գծում և հայ - ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ կողմերը կարևորել են իրավիճակը կայունացնելու անհրաժեշտությունը և վերահաստատել են հակամարտությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու դիրքորոշումը:

Դավիթ Տոնոյանը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել նաև ամերիկահայ լոբբիստական առաջատար կազմակերպությունների՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և Ամերիկայի Հայկական համագումարի ղեկավարների հետ:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանի և Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու հետ հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը և ամերիկահայ համայնքին հուզող մի շարք հարցերի:

Վաշինգտոնից Հայաստանի պաշտպանության փոխնախարարը մեկնել է Նյու Յորք, որտեղ այսօր նախատեսվում են հանդիպումներ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Էդմոնդ Մուլետի և ռազմական հարցերով խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մախսուդ Ահմեդի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում իրականացվող ՅՈւՆԻՖԻԼ առաքելությանը հայկական խաղաղապահ զորախմբի առաջիկա ներգրավմանը, Աֆրիկյան մայրցամաքում իրականացվող ՄԱԿ-ի առաքելություններին հայկական կողմի հնարավոր մասնակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG