Մատչելիության հղումներ

Ջոն Հեֆերնը հանդիպումներ է ունենում պաշտոնյաների հետ


Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության
Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Աբրահամյանը գոհունակություն է հայտնել հայ - ամերիկյան հարաբերությունների բարձր մակարդակից և շնորհակալություն հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ Հայաստանում տարբեր բնագավառներում զարգացման ծրագրեր իրականացնելու համար:

Իր հերթին, դեսպան Հեֆերնը ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ նոր ծրագրերի իրականացման կարևորությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև հայ - ամերիկյան հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր:

Ջոն Հեֆերնին երեկ ընդունել է նաև նորաստեղծ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը։

Քննչական կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ, դեսպանը շնորհավորել է Աղվան Հովսեփյանին՝ նոր նշանակման կապակցությամբ։

Քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանին՝ արդյունավետ համագործակցության և, մասնավորապես, կոմիտեի ստեղծման ուղղությամբ օրենսդրական փաթեթի քննարկումներին ցուցաբերած աջակցության համար։

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ` հետագա աշխատանքային քննարկումների արդյունքում համագործակցության նոր ուղղություններ նախանշելու, անդրազգային հանցավորության դեմ պայքարում գործակցության շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG