Մատչելիության հղումներ

Մարզահամերգային համալիրի աշխատակիցները կդիմեն Եվրադատարան


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, արխիվ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, արխիվ

ԴԱՀԿ ծառայության գործողությունները նրանք ոչ օրինաչափ են որակում:

Մարզահամերգային համալիրի աշխատակիցները այսօրվանից չեն կարող մուտք գործել իրենց աշխատավայր, քանի որ երեկ ժամը 14-ի սահմաններում Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն (ԴԱՀԿ) ապահովող ծառայության ներկայացուցիչները մուտք են գործել համալիրի շենք, աշխատակիցների պնդմամբ՝ իրենց դուրս են հրավիրել աշխատասենյակներից ու կնքել դռները, ցույց չտալով որևէ որոշում:

Մարզահամերգային համալիրի մամուլի ծառայության պատասխանատու Կորյուն Գրիգորյանն ասում է, որ իր մուտքը արգելվել է արդեն երեկ երեկոյան:

«Ինձ էլ ասում են՝ «դուք լիազորագիր ունե՞ք», ես էլ ասում եմ, որ աշխատանքի եմ գալիս, լիազորագրով չեմ գալիս, սա իմ աշխատավայրն է, որտե՞ղ եք տեսել, բոլոր գործարանի աշխատողները լիազորագրո՞վ են աշխատանքի գնում։ Ինձ ներս չթողեցին։ Ասում է՝ «լիազորագրով եկեք, ստորագրեք», ասում եմ՝ էդ լիազորագիրն իմ մոտ չկա, աբսուրդ է դա։ Մի խոսքով, թույլ չտվեցին։ Ամեն դեպքում, էս, ինչը որ անում են, օրենքից դուրս է, ոչ իրավաչափ գործողություն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ այս նույն իրավիճակում են հայտնվել Մարզահամերգային համալիրի բոլոր աշխատակիցները՝ 40-50 հոգի․ - «Այսինքն, մենք այսօր ունենք մի վիճակ, որ 40-50 ընտանիք մոտավորապես կմնա առանց կերակրող»:

Գրիգորյանի փոխանցմամբ՝ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները անգամ թույլ չեն տվել պահակներին ներսում մնալ ու հսկել շենքում մնացած գույքն ու անձնական իրերը:

«ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները հանել են շենքից բոլոր աշխատողներին, նաև մեր պահակային աշխատողներին, որոնք, փաստորեն, գույքի համար պատասխանատվություն են կրում, բոլորին հանել են դուրս, կնքել են դռները և իրենք ասել են, որ կմնան և կհետևեն, որ գողություն չլինի։ Մենք հարցրեցինք՝ եթե ինչ-որ գողությո՞ւն տեղի ունենա, ասաց՝ «մենք կմնանք, կհսկենք, որպեսզի բան տեղի չունենա», - ասաց Կորյուն Գրիգորյանը՝ շարունակելով․ - «Այնտեղ շատ բան կա և անձնական բաներ կա՝ մարդն, օրինակ, աշխատանքի չի եղել, եղել է արձակուրդում, պատկերացրեք՝ մենք ունենք աշխատակիցներ, ովքեր երեսուն տարուց ավել աշխատել են, այսինքն՝ բացման օրից աշխատում են համալիրում, հիմա էս մարդկանց համար սա ոնց որ երկրորդ բնակարան է՝ անձնական իրեր էլ կլինի, ինչ ասես կարա լինի, հասկանո՞ւմ եք։ Էդ ամեն ինչը էդտեղ փակված է, հիմա ես չգիտեմ՝ ի՞նչ է լինելու»։

Մարզահամերգային համալիրի մամուլի ծառայության պատասխանատուն ԴԱՀԿ ծառայության գործողությունները ապօրինություն է որակում և սեփականության իրավունքի կոպիտ ոտնահարում ու ասում է՝ դիմելու են Եվրադատարան:

«Մենք կդիմենք Եվրադատարան, պարզ է, որովհետև ոնց հասկանում ենք՝ Հայաստանի դատարանն աշխատում է կոնկրետ ուղղվածությամբ, կոնկրետ հրահանգներ կատարելու, էսպես է՝ ենթարկվում ենք հրամաններին տարբերակով», - փոխանցեց Գրիգորյանը։

Երեկ երեկոյան ԴԱՀԿԾ մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, որ «հուլիսի 29-ին Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից որոշում է կայացվել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ընկերությանը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Ծիծեռնակաբերդ զբոսայգում գտնվող մարզահամալիրից վտարելու մասին, որի համար հիմք է հանդիսացել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 64.1 հոդվածը»:

Հաղորդագրությունում նաև ասվում էր, որ որոշումը հարկադիր կատարողի կողմից ներկայացվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ընկերության լիազորված անձին՝ Արմինե Հակոբյանին, ով ծանոթացել է որոշմանը, սակայն հրաժարվել է ստորագրել այն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG