Մատչելիության հղումներ

Պատժամիջոցները կարող են վատ անդրադառնալ BP-ի վրա


British Petroleum բրիտանական նավթահանող ընկերությունը հայտարարել է, որ Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կարող են բացասական ազդեցություն ունենալ իրենց բիզնեսի վրա: Միաժամանակ BP-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Կրեմլի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները դեռ իրենց աշխատանքի վրա որևէ ազդեցություն չեն ունեցել:

«Ցանկացած լարվածություն «Ռոսնեֆտ»-ի հետ մեր հարաբերություններում կամ հետագայում կիրառվելիք տնտեսական պատժամիջոցները կարող են բացասաբար անդրադառնալ մեր բիզնեսի, Ռուսաստանում մեր ռազմավարական նպատակների, եկամուտների ծավալի, «Ռոսնեֆտ»-ում մեր ներդրումների ու հեղինակության վրա»,- հայտնել է բրիտանական ընկերությունը, որը Ռուսաստանում ամենախոշոր արտասահմանյան ներդրողն է համարվում՝ «Ռոսնեֆտ» պետական ընկերությունում իր 20 տոկոս մասնաբաժնով:

BP-ի շահույթը այս տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 3.2 միլիարդ դոլար նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.4 միլիարդի համեմատ: Այսպիսով BP-ի շահույթը մեկ տարվա ընթացքում աճել է 34 տոկոսով:

Ավելի վաղ Միացյալ Նահանգները «Ռոսնեֆտ» ընկերությունն ավելացրել էր պատժամիջոցների իրենց ցանկում, ԵՄ-ն էլ ամենայն հավանականությամբ կարգելի սարքավորումների արտահանումը, որոնցով նավթահանում է իրականացվում Ռուսաստանում: «Ռոսնեֆտ»-ի նախագահ ու Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկեր Իգոր Սեչինը ԱՄՆ «սև ցուցակում» է հայտնվել դեռևս այս տարվա ապրիլին:

Արա Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG