Մատչելիության հղումներ

Շարմազանով․ «Առաջին նախագահը իջեցրել է իր քաղաքական նշաձողը»


Շարմազանով․ «Առաջին նախագահը իջեցրել է իր քաղաքական նշաձողը»
please wait

No media source currently available

0:00 0:04:23 0:00

Իշխող Հանրապետական կուսակցությունը բացառում է Բարգավաճ Հայաստան կուսակցության հանդեպ ճնշումները։

Երեկ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց՝ իրականության հետ կապ չունեն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումները, թե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կարող է ճնշումների ենթարկվել՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին համաձայնություն տալու համար։

«Պետք չէ առաջին նախագահի խոսքերը «հալած յուղի» տեղ ընդունել,- ասաց հանրապետականի խոսնակն ու հավելեց,- Միգուցե ճնշումներ եղել են շատ վաղ անցյալում՝ Հայաստանի առաջին տասնամյակի շրջանում, միգուցե, ինքը կարող է ավելի լավ իմանալ՝ իր կառավարման շրջանում եղել են, թե չէ, բայց կոնկրետ Հանրապետականի կառավարման շրջանում մենք հասել ենք նրան և հասնելու ենք նրան, որ Հայաստանը ամեն Աստծո օր լինի ավելի ժողովրդավարական, ավելի բազմակարծիք, ավելի բազմակուսակցական, ավելի հանդուրժող, քան այսօր է և երեկ էր: Եվ բնականաբար ճնշումների մասին խոսելը ընդամենը «Կիկոսի մահի» ժանրից է»։

Հիշեցնենք՝ Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին և նրա կողմնակիցներին մեղադրել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) հանդեպ ճնշումներ կիրառելու մեջ։ Առաջին նախագահի խոսքով՝ Սերժ Սարգսյանը ցանկանում է սահմանադրական փոփոխությունների միջոցով հավերժացնել իր իշխանությունը, մինչդեռ այդ ճանապարհին կարևոր է, որ դրան կողմ լինի նաև ԲՀԿ-ն, ուստի կուսակցության աջակցությունը ստանալու համար, Տեր-Պետրոսյանի խոսքով, գործող նախագահը պատրաստվում է սպառնալիքների և շանտաժի լեզու կիրառել։

Շարմազանովն ասաց, թե Տեր-Պետրոսյանի հարցազրույցը կարդալով՝ իրենց մոտ տպավորություն է ստեղծվում, թե նա ինչ-որ քաղաքական ուժի փաստաբանն է, այլ ոչ առաջին նախագահը։

«Առաջին նախագահը վերջին իր հարցազրույցներում ամեն ինչ անում է, որ մենք մոռանանք, որ ինքը եղել է երբևէ Հայաստանի Հանրապետության նախագահ, և այնքան է իր քաղաքական նշաձողը իջեցրել, որ մեկ-մեկ լավ է, որ դուք հիշեցնում եք, որ Տեր-Պետրոսյանը եղել է նախագահ ու ոչ թե այլ քաղաքական ուժի կամ մի խումբ մարդկանց փաստաբան կամ թասիբի գցող», - հայտարարեց Հանրապետականի խոսնակը:

Շարմազանովը հավելեց, որ առաջին նախագահը և իր ղեկավարած քաղաքական ուժը վաղուց քաղաքական օրակարգ չեն թելադրում և դժվար թե ազդեցիկ համարվեն անգամ սեփական դաշնակիցների մոտ:

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, իշխող կուսակցության նյարդային ռեակցիան ցույց է տալիս, որ նրանք շատ անհանգստացած են։

«2007 թվականից սկսած, պարբերաբար էդ նույն հայտարարությունները անում են։ 2007 թվականից սկսած, այնուամենայնիվ, քաղաքական օրակարգը թելադրվում է Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժի կողմից, և դրա առաջին ապացույցը հենց այս հիստերիկ, նյարդային արձագանքներն են, ինչը ինձ անձամբ ուրախացնում է, որովհետև այստեղից մենք կարող ենք եզրակացնել, որ իրենք անհանգստացած են և անհանգստանալու շատ պատճառներ ունեն»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Զուրաբյանը։

Զուրաբյանի համոզմամբ՝ հանրապետականի ճնշումները ոչ մի հեռանկար չունեն. իշխող քաղաքական ուժը ձախողվել է և այժմ փորձում է ճնշումների միջոցով հաջողության հասնել, մինչդեռ քառյակի համագործակցությունը տապալել հնարավոր չէ։

ՀԱԿ փոխնախագահը հիշեցրեց, որ քառյակը հստակ պահանջներ է ներկայացրել և հստակ ժամկետ։ Դրանց չկատարման դեպքում, անցնելու են գործողությունների։

«Բնական է, որ նրանք ոչ 12 կետն են կարողանալու կատարել, որվհետև չեն կարող կտրել մի ճուղ, որի վրա իրենք են նստած, բնական է, որ չեն կարող որևէ բարելավում ապահովել, որևէ կերպ շտկել երկրում ստեղծված իրավիճակը, և դա, մի քիչ մտածելու կարողություն ունեցող մարդկանց համար, բավարար է հասկանալու համար, թե ինչ է իրենց սպասելու աշնանը»,-փոխանցեց Զուրաբյանը։

Բարգավաճ Հայաստան կուսակցությունից Նաիրա Զոհրաբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք հրաժարվում են մեկնաբանել առաջին նախագահի հարցազրույցը։

Մինչ օրս ԲՀԿ-ից թեմային անդրադարձել է միայն պատգամավոր Վահան Բաբայանը։ Zham.am-ին տված հարցազրույցում նա ասել է, որ կուսակցության տարբեր անդամներ ժամանակին ճնշումների ենթարկվել են, օրինակ՝ Տիգրան Սարգսյանի կառավարությանը անվստահություն հայտնելու ժամանակ։

«Մենք այսօր շատ ուժեղ ենք, ժողովրդի համբերության բաժակը լցված է, և յուրաքանչյուր անզգույշ քայլից այն, պարզապես, կարող է պայթել»,- ասել է պատգամավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG