Մատչելիության հղումներ

Նախագահը դեմ է սահմանամերձ գյուղերի բնակչությանը զինելուն


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, 25-ը հուլիսի, 2014թ․
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, 25-ը հուլիսի, 2014թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ:

Նախագահին ներկայացվել են խորհրդի տարբեր հանձնաժողովներում մինչ այս քննարկված՝ հասարակությանը մտահոգող մի շարք հարցեր և դրանց վերաբերյալ խորհրդի մոտեցումները, վերլուծությունների արդյունքներն ու առաջարկությունները: Մասնավորապես, անդրադարձ է եղել արտագաղթի խնդրին, այդ երևույթին նպաստող պատճառներին, հետևանքներին և կանխման հնարավորություններին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին, անդամակցության պարագայում Հայաստանի զարգացման նոր հնարավորություններին, սահմանամերձ գոտու ամրապնդմանն ու անվտանգության ապահովմանը, հանքարդյունաբերության և բնապահպանական խնդիրներին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցերին, ինչպես նաև Սահմանադրության բարեփոխումներին:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նշված հարցերի վերաբերյալ Հանրային խորհրդի անդամներին տրվել են տեղեկություններ, ներկայացվել են պետության կողմից վերոնշյալ ուղղություններով իրականացվող աշխատանքներն ու նախատեսված ծրագրերը: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը տեղեկացրել է, որ խորհրդի անդամներն ակտիվ քննարկումներ են ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահի և անդամների հետ, բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել, որոնց մի մասն ընդունվել է, սակայն Հանրային խորհրդի անդամների մոտ կան հարցեր, որոնց վերաբերյալ դեռևս ընդհանուր մոտեցումներ չեն ձևավորվել և որոնք նոր քննարկումների կարիք ունեն: Նախագահը հավաստիացրել է, որ նման քննարկումների համար դեռ շատ երկար ժամանակ կա:

Հանրային խորհրդի կողմից հնչել են նաև բազմաթիվ առաջարկներ սահմանամերձ գոտու ամրապնդման և անվտանգության ապահովման խնդիրների շուրջ: Ակտիվ քննարկում է ծավալվել, մասնավորապես, սահմանամերձ գյուղերի բնակչությանը զինելու հարցի շուրջ, որին նախագահը դեմ է արտահայտվել և հանգամանորեն ներկայացրել այսօր արդեն առկա բոլոր այն հնարավորությունները, որոնք ստեղծված են Զինված ուժերում՝ զենք բռնելու ունակ սահմանամերձ բնակիչների համար:

Սերժ Սարգսյանը պատասխանել է խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին:

Քննարկվել են նաև խորհրդի ապագա գործունեության հետ կապված հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG