Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ «Ղարաբաղի հարցը խաղաղ լուծելու քաղաքական կամք Ադրբեջանում չկա»


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում համաժողովի ժամանակ, արխիվ

Ադրբեջանի ԱԳ նախարարը, իր հերթին, Արևելյան գործընկերության հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում և Ղարաբաղում արտադրված ապրանքների արտահանմանը եվրոպական շուկա:

Երեքշաբթի երեկոյան Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպեցին Բրյուսելում` քննարկելու հարաբերությունները Եվրամիության հետ և հաջորդ տարի Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հետ կապված անելիքները:

Հանդիպումն ընթացավ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորությամբ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը նույնպես մասնակցում էր արտգործնախարարների հանդիպմանը և, ըստ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության, իր ելույթում անդրադարձել է նաև ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացին` շեշտելով Հայաստանի հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հանդեպ: Ըստ Նալբանդյանի` ղարաբաղյան հիմնահարցը խաղաղ լուծելու քաղաքական կամք Ադրբեջանում չկա:

«Մենք լիովին համամիտ ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի: Ցավոք, Ադրբեջանը լիովին հակառակն է անում` իր ռազմատենչ և սադրիչ հռետորաբանությամբ, անհանդուրժողականության և ատելության քարոզով, որը Արցախի հետ շփման գծին և Հայաստանի հետ սահմանին հանգեցնում է տարածաշրջանում լարվածության և իրավիճակի սրման», - իր ելույթում ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Իր հերթին, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն էլ, ըստ հրապարակված ելույթի, անդրադարձել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում արտադրված ապրանքների արտահանմանը եվրոպական շուկա: «Գրավյալ տարածքներում» տնտեսական գործունեության ծավալումն ու արտադրանքի արտահանումը հակասում է Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին` վրդովվել է Մամեդյարովն ու կոչ արել Եվրամիությանը քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:

Հիշեցնենք՝ երեկ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները: Միջնորդներն այսօր Վիեննայում են և ավելի ուշ հանդես կգան բռնության վերջին դեպքերի հետ կապված հայտարարությամբ:

Արևելյան գործընկերության հանդիպմանը իր ելույթում Նալբանդյանը նաև շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը շարունակական աջակցության համար և պատրաստակամություն է հայտնել սկսել Եվրամիության հետ մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման մասին երկխոսությունը` հիմնվելով մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի հաջողված փորձի վրա, որը, հիշեցնենք, ուժի մեջ մտավ այս տարվա հունվարից:

Ձեր կարծիքը

Ցույց տալ մեկնաբանությունները

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG