Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 5-ի գործով տուժող ոստիկանը հակասական ցուցմունքներ է տալիս


Շանթի ուղերձը՝ Տարոն Մարգարյանին
please wait

No media source currently available

0:00 0:04:49 0:00

Շանթի ուղերձը՝ Տարոն Մարգարյանին

Շանթ Հարությունյանը այսօր Տարոն Մարգարյանին հիշեցրեց հոր գաղափարների մասին։

Շանթ Հարությունյանն այսօր նոյեմբերի 5-ի գործով դատավարության մեկնարկին հանդես եկավ հայտարարությամբ՝ խոսքն ուղղելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ կապված «դավաճան Միկոյանի արձանը Երևանում կանգնեցնելու որոշման հետ»։

«Անդրանիկ Մարգարյանը հայ կոմունիստներին ու մասնավորապես Միոկային դավաճան էր համարում»,- ասաց նա։

Շանթ Հարությունյանը հիշեցրեց այն տարիները, երբ ինքը, Տարոն Մարգարյանը, նրանց հայրերն իրենց ընկերներով սեղան էին նստում և խմում երեխաների կենացը և այդ ֆոնին համեմատեց իրեն ու Երևանի քաղաքապետին։

«Ես հպարտ եմ, որ իմ որդին այստեղ հավասար իրավունքով է նստած իր հոր ընկերներին, հպարտ եմ, քանի որ իմ որդին ոչ թե հանցագործ է, այլ հայրենիքի համար պայքարող։ Իսկ քեզ, Տարոն, և մյուս երեխաներին այդպես էլ չտեսա նշված սեղանների շուրջ, չնայած վստահ եմ, որ իշխանական սեղաններին ձեզանից ոմանք առիթ ունենում նույն սեղանի շուրջ նստելու և նման կենացներ խմելու։ Այս ամենը հիշեցի, քանի որ դու, Տարոն, Երևանում Միկոյանի արձանն ես կառուցում։ Հուսով եմ, որ Անդրանիկ Մարգարյանի արյունը քո երակներում ջուր չի դառնա»։

Հրեշտակների գնդի հրամանատարը «հիշեց» իրեն ծեծողներին, «մոռացավ» նոյեմբերի 5-ի մանրամասները

Այսօր դատարանում ցուցմունք տվեց տուժող ոստիկան, պարեկապահակային ծառայության «հրեշտակների» գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը: Հարությունյանին հունից հանեց Գեղամ Խաչատրյանի այն հայտարարությունը, թե ինքը լսել է, որ Շանթը հայտարարել է Բաղրամյան 26 գնալու մասին: Շանթն ասաց՝ ոստիկանը «շառ է անում»։

Տուժող ոստիկանի ձայնն այս պահին լսելի դարձավ, մինչ այդ ցուցմունք էր տալիս ցածրաձայն: Ոստիկանը դիմեց Հարությունյանին, ընկերները խառնվեցին։

Հարությունյանը մի քանի անգամ փորձեց պարզել՝ բացի տուժող ոստիկանից ո՞վ կարող է ապացուցել, վկայել, որ ինքը իսկապես հայտարարել է Բաղրամյան գնալու մասին, դրա համար էլ ոստիկանը քաշքշուկ է սկսել, երբ Շանթը ոտքը դրել է փողոց: Ոստիկանն ասաց՝ չի կարող ասել, թե էլ ով է լսել դա։

Իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով խուլիգանության մեջ մեղադրվող Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանի հարցին ի պատասխան ոստիկանն ասաց, որ լավ հիշողություն ունի: Բայց նա չհիշեց, մեղադրվող կողմի բնորոշմամբ, մի շարք կարևոր հարցերի պատասխանները:

Փաստաբանի հարցերից պարզվեց, որ եթե ոստիկանը ցուցմունք տալիս հստակ հիշում էր, թե մեղադրյալներից որ մեկը քանի անգամ, որ պահին, քանի վայրկյանում, ինչ հագուստով, ակնոցով ու կոշիկները հագած էր իրեն հարվածում, սակայն չէր հիշում այլ մանրամասներ: Մասնավորապես այն, թե երբ է ցուցմունք տվել առաջին անգամ, ո՞վ էր քննիչը, քանի՞ ոստիկան է նրան այցելել, երբ նոյեմբերի 5-ի դեպքերից հետո հայտնվել է հիվանդանոցում:

Որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով խուլիգանության մեջ մեղադրվող Վարդան Վարդանյանը հարցադրում հնչեցրեց՝ իմաստ ունի՞ շարունակել ոստիկանի հարցաքննությունը։

«Թողնենք էս մարդուն թող գնա»,- հեգնեց Վարդանյանը։

Տուժող ոստիկանի հարցաքննությունից հետո փաստաբան Արա Զաքարյանը հրապարակեց դեպքի տեսագրույթան այն հատվածը, որից պարզ է դառնում, որ երբ Շանթ Հարությունյանը փորձում է գնալ փողոցի ուղղությամբ, մեքենաներ չկային: Մինչդեռ տուժող ոստիկանն ասել էր՝ թույլ չի տվել, որ Շանթը ոտքը դնի փողոց, քանի որ առաջնորդվել է, իր բառերով, գերակա հանրային շահով, բացատրել էր, թե նկատի ունի մեքենաների երթևեկությունը, նաև այն, որ շտապօգնության մեքենաներ էին անցնում փողոցով: Տուժող ոստիկանը նաև ասել էր, թե Շանթն առաջիննէ փորձել ոտքը դնել թերթևեկելի մաս, բայց տեսանյութում պարզ երևում է, որ Շանթից առաջ 7-8 հոգի կար: Փաստաբանի հարցին ի պատասխան՝ տուժող ոստիկանն ասաց, թե այդ մարդիկ լրագրողներ են եղել, բայց դահլիճում ներկա լրագրողները չճանաչեցին նրանց:

Հակասական ցուցմունքներ

Փաստաբան Արա Զաքարյանը տուժող ոստիկանի նախաքննական և դատավարական ցուցմունքների միջև հակասություններ տեսավ։ Հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները: Հաջորդ նիստին՝ հուլիսի 18-ին, մեղադրվող կողմը կփորձի հարցերի միջոցով հասկանալ տուժող ոստիկան «հրեշտակների» գնդի հրամանատար Գեղամ Խաչատրյանի ցուցմունքների հակասական լինելու պատճառը։

Ի դեպ, Շանթ Հարությունյանի դատավարությանն այսօր հետևում էր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարեց, որ Հարությունյանն ու ընկերները քաղաքական բանտարկյալներ են:

XS
SM
MD
LG