Մատչելիության հղումներ

Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուի պատասխանները հիասթափեցրել են ամերիկահայերին


Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության հնարավորություններ են բացվում՝ երեկ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարել է նախագահ Օբամայի կողմից Թուրքիայում առաջադրված դեսպանի թեկնածուն՝ Ջոն Բասը:

Փորձառու դիվանագետը հիմնավորել է. - «Այս տարի ապրիլի 24-ի նախօրեին վարչապետ էրդողանն իր ցավակցությունը հայտնեց առաջին աշխարհամարտի տարիներին սպանված հայերի ժառանգներին: Այդ քայլը, ինչպես նաև Թուրքիայի կառավարության կողմից վերջին ամիսներին նկատվող այլ դրական ջանքեր վկայում են, որ երկխոսության դաշտը բացվում է: Սակայն կարելի է և պետք է շատ ավելին անել, և մենք քաջալերում ենք երկու կողմերին հետամուտ լինել 1915 թվականի ողբերգական իրադարձությունների ամբողջական, ազնիվ և արդար ճանաչմանը»,-հայտարարել է Բասը, ով նախկինում ԱՄՆ դեսպանն էր Վրաստանում, իսկ այժմ զբաղեցնում է պետքարտուղար Քերիի հատուկ խորհրդականի պաշտոնը:

Ի տարբերություն դեսպան Ռիկարդոնեի թեկնածության շուրջ նույն հանձնաժողովում չորս տարի առաջ տեղի ունեցած թեժ քննարկումների, այս անգամ որևէ հարց չհնչեց հայ-թուրքական հարաբերությունների կամ ցեղասպանության ճանաչման մասին, և սա այն դեպքում, երբ դեռ շաբաթներ առաջ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը հորդորել էր ամերիկահայերին աշխատել իրենց սենատորների հետ, որպեսզի Բասին հստակ հարցեր տրվեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ուրացման և արդարության վերականգման մասին:

«Գործընթացը դեռ վերջացած չէ, մենք ակնկալում ենք, որ հայամետ սենատորները առաջիկայում Բասին գրավոր հարցադրումներ կանեն»,- ազատության հետ զրույցում ասաց հանձնախմբի խոսնակ էլիզաբեթ Չուլջյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ հնարավոր դեսպանի զգուշավոր պատասխանները արդեն հիասթափեցրել են ամերիկահայերին:

Մինչ այդ՝ երեկվա լսումների ժամանակ, սենատորներն առավել կենտրոնացել էին Թուրքիայի հարևան երկրներում՝ Սիրիայում և Իրաքում ստեղծված իրավիճակի վրա և հետաքրքրվում էին, թե օրինակ ի՞նչ դիրքորոշում կորդեգրի Բասը, եթե Իրաքի քրդական հատվածը անկախություն հռչակի:

«Միացյալ Նահանգներն ու Թուրքիան սերտորեն աշխատում են Իրաքի միասնության և կայունության համար»,- դիվանագիտորեն պատասխանեց դեսպանի թեկնածուն:

Լսումների դիվանագիտական, հանդարտ տոնը, սակայն, անսպասելի սրվեց, երբ հարցեր տալու հերթը հասավ հանրապետական սենատոր, 2008-ի նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի մրցակից Ջոն ՄըքՔեյնին:

«Ձեզ չե՞ն մտահոգում վարչապետ էրդողանի՝ Սահմանադրությունը փոխելու ցանկությունն ու մյուս քայլերը, և չե՞ք կարծում, որ դրանք երկիրը դեպի բռնապետություն են տանում»,- հարցրեց ՄըքՔեյնը

Թուրքիայում դեսպանի թեկնածուն նախ փորձեց դիվանագիտորեն պատասխանել՝ «Վարչապետ Էրդողանը ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդ է....»:

«Տեղյակ եմ, տեղյակ եմ»,-ապագա դեսպանի խոսքը կտրեց ՄըքՔեյնը՝ կրկնելով իր հարցը՝ «չե՞ք կարծում, որ բազմաթիվ քայլեր, որ նա արդեն ձեռնարկել է՝ ճնշումները սոցիալական ցանցերի, Յություբի, Թվիթերի, խոսքի ազատության նկատմամբ, շրջադարձ է դեպի բռնապետություն»:

Դեսպանի թեկնածուն այս անգամ էլ փորձեց խուսանավել:

«Պատասխանեք՝ այո, կամ՝ ոչ»,- հակադարձեց Մըքքեյնը,- «Ես ուղիղ պատասխան եմ ուզում՝ այո, կամ՝ ոչ», - կրկնեց սենատորը մեկ անգամ, երկրորդ անգամ․․․ երրորդին՝ անցավ սպառնալիքների․ - «Ես չեմ պատրաստվում սատարել այս թեկնածությունը և կսառեցնեմ այն, քանի դեռ հստակ պատասխան չեմ ստացել իմ՝ շատ պարզ և ուղիղ հարցին: Արդյոք սա շեղում չէ՞ դեպի բռնապետություն»: Ավելի քան երեք րոպե շարունակված այս հետևողական հարցապնդումներից հետո ապագա դեսպանը ստիպված էր տեղի տալ. - «Այո՛, էրդողանի ձեռնարկած վերջին քայլերը շեղում են երկրի ընթացքը դեպի բռնապետություն»:

«Եթե հաստատվեմ դեսպանի պաշտոնում, խոստանում եմ աշխատել բոլորիդ հետ՝ պաշտպանելու և առաջ տանելու մեր շահերը՝ նպաստելով անվտանգությանը, բարգավաճմանը, ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին՝ Թուրքիայում և նրա սահմաններից դուրս»,- հայտարարեց Ջոն Բասը, որի թեկնածությունն առաջիկայում պետք է նախ հաստատվի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ապա քննարկման դրվի Սենատի լիագումար նիստում:

Ակնկալվում է, որ այդ ընթացակարգը օրենսդիրները կփորձեն հնարավորինս արագ անցնել. - «Օգոստոսին Թուրքիայում նախագահական ընտրություններ են, առաջին անգամ ժամանակակից հանրապետության պատմության մեջ նախագահը կընտրվի ժողովրդի կողմից, և ցանկալի է, որ մինչ այդ արդեն Վաշինգտոնն իր դեսպանն ունենա Միացյալ Նահանգների համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրում» ,-արձանագրեց լսումները նախագահող սենատոր Քրիս Մըրֆին:

XS
SM
MD
LG