Մատչելիության հղումներ

Մահացել է ընդդիմադիր գործիչ Վալերիա Նովոդվորսկայան


Ռուսաստանի իրավապաշտպան Վալերիա Նովոդվորսկայա, արխիվ։
Ռուսաստանի իրավապաշտպան Վալերիա Նովոդվորսկայա, արխիվ։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր մոսկովյան հիվանդանոցում մահացել է անվանի ընդդիմադիր քաղաքական գործիչ և իրավապաշտպան Վալերիա Նովոդվորսկայան։

64-ամյա այլախոհին հենց այսօր են փոխադրել Մոսկվայի 13-րդ քաղաքային հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրան։ Ըստ «Ինտերֆաքս»-ի, ախտորոշումը և մահվան պատճառը հիվանդանոցը չի հայտնել։

Նշվում է միայն, որ վերջին ժամանակաշրջանում Նովոդվորսկայան ուներ մի շարք քրոնիկ հիվանդություններ։ Պաշտոնապես չհաստատված տեղեկության համաձայն, մահվան պատճառն ինֆեկցիոն տոքսիկ շոկն է եղել։

Վալերիա Նովոդվորսկայան ծնվել է 1950-ին խորհրդային Բելառուսում, ապա ընտանիքով տեղափոխվել է Մոսկվա։ 1968-ին ավարտել է Մորիս Տորեզի անվան օտար լեզուների մոսկովյան ինստիտուտի ֆրանսերենի բաժինը։

Այլախոհական գործունեությունը սկսել է 1969 թվականին` տարածելով Չեխոսլովակիա սովետական բանակի ներխուժումը դատապարտող թռուցիկներ, ինչի հետևանքով ԿԳԲ-ի կողմից ձերբակալվել և փոխադրվել է Կազանի հոգեբուժարան։

Ազատ արձակվելուց հետո շարունակել է քննադատել Խորհրդային Միության քաղաքականությունը, բազմիցս ձերբակալվել և փոխադրվել է հոգեբուժարաններ։

1992 թվականին մի խումբ համախոհների հետ ստեղծել է «Ռուսաստանի դեմոկրատական միությունը», որը սատարել է Բորիս Ելցինին։ 90-ականներին հանդես է եկել Չեչնիայի անկախությունը ճանաչելու կոչերով։

1994 թվականին մասնակցել է «Ռուսաստանի դեմոկրատական ընտրություն» կուսակցության հիմնադիր համագումարին։

2000-ականներին հեռացել է քաղաքական ասպարեզից և ակտիվ զբաղվել է հրապարակախոսությամբ, իր հոդվածներում և հրապարակային ելույթներում խստորեն դատապարտելով Կրեմլի քաղաքականությունը։

Վալերիա Նովոդվորսկայան հեղինակել է մի շարք գրքեր, արժանացել է մրցանակների իրավապաշտպան գործունեության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG