Մատչելիության հղումներ

Կովկասյան բրենդը՝ «լավ առիթ երկխոսության համար»


Կովկասյան ցանցի Հայաստանի ներկայացուցիչը մտահոգ է, ասում է՝ ՄՄ-ին անդամակցելու պարագայում կովկասյան բրենդի արտադրությունը դժվարությունների առաջ կկանգնի:

Գործարարության և զարգացման կովկասյան ցանցը արդեն մի քանի տարի է կովկասյան բրենդ է արտադրում՝ սկզբում պանիր, հետո մեղր, գինի, հիմա նաև թեյ:

Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա. այս 4 պետությունների համատեղ ստեղծած կովկասյան բրենդն արտադրողներն այսօր հավաքվել էին Գյումրիում՝ ներկայացնելու իրենց արտադրատեսակները: Ադրբեջանը բացակայում էր։

Զարգացման կովկասյան ցանցի Կարսի ներկայացուցիչ Իսան Քարայազը ասաց, որ սա լավագույն օրինակ է, երբ Հայաստանի ու Թուրքիայի միջև չկա դիվանագիտական հարաբերություններ, բայց հայ ու թուրք պանրագործները համատեղ պանիր են արտադրում։

«2007-ին առաջին անգամ արտադրվեց կովկասյան պանիրը, երբ երկար ժամանակ Հայաստանի ու Թուրքիայի միջև չկար որևէ հարաբերություն։ Այս պանիրը դարձավ երկխոսության առաջին արդյունքը: Սահմանները անվերջ փակ չեն մնա, ու փորձում ենք մարդկանց միջև հարաբերություններ ստեղծելով շփումները հեշտացնել: Խնդիրները չեն լուծվում այսօրվանից մինչև վաղը, ժամանակ է անհրաժեշտ և երկխոսություն։ Այս միջոցառումները այդ երկխոսության համար լավ առիթ են»,- ասաց Քարայազը։

Վրաստանի թեյագործների ասոցիացիայի նախագահ Թենգիզ Սվանիձեն ներկայացրեց «Կովկասյան թեյ» բրենդը: Վերջինիս հարցրեցինք, թե երբ Հայաստանը գնում է Մաքսային միություն, արդյոք դա չի խանգարի՞ ծրագրի իրականացմանը։

«Մենք կունենանք և ռուսական շուկան՝ Հայաստանի միջոցով, և եվրոպականը՝ Վրաստանի միջոցով»,- ասաց նա։

Հարցին, թե այդ դեպքում գները չեն բարձրանա՞, Սվանիձեն պատասխանեց. - «Եթե արտադրանքը որակով է, գնին ոչ ոք չի նայի, և մենք պատրաստվում ենք որակյալ արտադրանք թողարկել»։

Իսկ ահա կովկասյան ցանցի Հայաստանի ներկայացուցիչ Արտուշ Մկրտչյանը ասում է, որ Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցության պարագայում կովկասյան բրենդի արտադրությունը դժվարությունների առաջ կկանգնի:

«Ինչպես կարո՞ղ են խնդիրներ չառաջանալ.... ես Վրաստանից բերում եմ թեյը, որն այստեղ խառնում ենք խոտաբույսերի հետ և պատրաստում ֆիտոթեյ, ինչպե՞ս կարող եմ վաղը Վրաստանից բերել, դա արդեն բոլորովին ուրիշ երկիր է՝ եվրոպական միության ստանդարտներին համապատասխան։ Շատ մեծ բարդություններ կունենանք»,- կարծիք հայտնեց Մկրտչյանը։

Կովկասյան պանիր, գինի, մեղր, թեյ՝ այս բրենդներն արդեն կան։ Արթուր Մկրտչյանն ասաց՝ հաջորդ քայլը ապրանքը «կոմերցիոն դաշտ տանելը կլինի, կազմակերպել վաճառքը արտասահմանում»։

Ծրագրի բրիտանացի ղեկավար Օսկարի Պենտիգայնենին հարցրեցինք, թե այսպիսի ծրագրերով հնարավո՞ր է նպաստել հայ-թուրքական սահմանի բացմանը։

«Այո մենք կուզենայինք հավատալ, որ մեր աշխատանքը իր համեստ ներդրում կունենա այդ հարցում: Մեր ջանքերով և այլ կազմակերպությունների հետ համատեղ կկարողանանք նպաստել դրան, որ կարողանանք ազատ առևտուր անել և տեղաշարժվել տարածաշրջանում»,- ասաց ծրագրի ղեկավարը՝ հավելելով, որ ծրագիրը կշարունակվի։

Ծրագրի նպատակներից մեկը հակամարտություններ ունեցող երկրների միջև համագործակցություն ստեղծելն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG