Եվրոպական միությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երրորդ փուլի վրա է աշխատում, դրանք կյանքի կկոչվեն այն դեպքում, եթե Ռուսաստանը չդադարեցնի իր անմիջական մասնակցությամբ Ուկրաինայի արևելքի ապակայունացումը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հետ զրույցում հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։
«Եթե Ռուսաստանի ուղղակի մասնակցությամբ Ուկրաինայի արևելքում ապակայունացումը շարունավի, ապա Եվրամիությունը կկիրառի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փուլը, որի վրա ներկայումս ինտենսիվորեն աշխատում ենք», - ասել է Ֆյուլեն։
Հարցին՝ արդյոք մտավախություն չկա՞, որ Ռուսաստանը կարող է խոչընդոտել Եվրոպական միության հետ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի մերձեցմանը, Ֆյուլեն պատասխանել է, որ ոչ, քանի որ Ռուսաստանը չունի այդ հնարավորությունը։
«Մենք փորձում ենք մեր ռուսաստանցի գործընկերներին ցույց տալ, որ Ասոցացման համաձայնագիրը և եվրոպական հավակնությունները չեն հակասում Ռուսաստանի և մեր գործընկերների միջև ավանդական լավ հարաբերություններին», - ավելացրել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը մի շարք հարցերում շարունակում է մնալ Եվրոպական միության գործընկերը:
«Սակայն եթե Ռուսաստանը համարում է, որ ինքը ոչ թե գործընկեր, այլ հակառակորդ է, ապա դա ոչ թե մեր, այլ Ռուսաստանի որոշումն է», - ընդգծել է Շտեփան Ֆյուլեն։