Մատչելիության հղումներ

Սահմանամերձ Խարկովի միակ բնակիչը՝ 78-ամյա Վահանդուխտ տատը


Երբեմնի հարուստ գյուղից միայն հիշողություններ են մնացել ու փակված դռներ
please wait

No media source currently available

0:00 0:04:43 0:00

Սահմանամերձ Խարկով գյուղի մեն-միակ բնակչուհին՝ 78-ամյա Վահանդուխտ Վարդանյանը 52 տարի առաջ Հոկտեմբերյանից է հարս եկել:

Երբ ասել են՝ Խարկով, մտածել է՝ Ուկրաինա է գնալու, բայց հետո պարզվել է, որ Ախուրյանի ափին է ապրելու՝ Թուրքիայի սահմանից քիչ հեռու, ուղիղ Անիի ավերակների դիմաց:

Վահանդուխտ տատը հիշում է, որ այդ տարիներին դեռ Խարկովը շեն գյուղ էր. - «Մարդաշատ գյուղ ա եղել, էս բլած տները որ տեսնում եք, մարդ ա ապրել էդտեղ, ամեն տուն էլ 6-7 երեխա ա ունեցել, բազմազավակ ընտանիքներ են եղել»։

Հիմա գյուղում շրջելիս միայն ավերակ տներ ես տեսնում. երբեմնի հարուստ գյուղից միայն հիշողություններ են մնացել ու փակված դռներ:

Անկախությունից հետո գյուղը սկսել է դատարկվել, մեկը մյուսի հետևից խարկովցիները հեռացել են: Երկու տարի առաջ, երբ ամուսինն էլ մահացավ, Վահանդուխտ տատը մնաց գյուղում ապրող վերջին մահկանացուն: Թե ինչու են համագյուղացիները տուն ու տեղ թողել ու հեռացել՝ շատ լավ գիտի. պատճառներից մեկը սահմանային անցակետն էր ու գնալ-գալու վրա դրված արգելանքը: Մարդիկ հոգնել էին հատուկ անցագրերով սեփական գյուղ ելումուտ անելուց, հյուրեր ընդունելուց ու ճանապարհելուց, այն դեպքում, երբ այս դժվարությունների դիմաց գյուղը որևէ արտոնություն չէր ստանում, անգամ դպրոց չուներ:

«Երեխաների պատճառով են գնացել սաղ, դպրոցը մինչև 4-րդ դասարան է եղել ու դրանից հետո էլ չկար: Երեխեքը մնային անգրագե՞տ: Ծնողները մնային էստեղ, բա երեխեքն ինչ անեի՞ն, չոբանությո՞ւն անեին: Սաղ էլ խելացի գրագետ երեխեք էին»:

Հիմա Վահանդուխտ տատը ստիպված է առավոտից երեկո հարևանություն անել միայն սահմանապահ ուղեկալի ռուս զինվորների հետ: Համակերպվել ու ապրում է այսպես: Կով է պահում, մեղու, հող է մշակում ու ապրում: Չնայած դժվար է, բայց չի հեռանում: Տարիներ առաջ դեռ Մուշից գաղթած ու հայրենիք կորցրած սկեսուրը պատգամ է թողել. - «Կեսուրս Մշո Խաս գյուղից էր, շատ աղա կնիկ էր, մեզի ասում էր՝ չլքեք գյուղը, տղային ասում էր՝ Աղվան ջան կմնաս գյուղում կապրես մինչև կյանքիդ վերջը»:

Մեկ այլ պատգամ էլ սահմանին ապրող հարսին է թողել. - «Ասում էր, որ ալուր էլ չունենաս հաց թխես, թոնիրդ վառի, ծուխը թող ծխա, որ թշնամին տեսնի գյուղում մարդ կա, հայ կա»:

Վահանդուխտ տատը մի հետաքրքիր դեպք հիշեց. մի օր հարևան Շիրակավան գյուղի գյուղացիներից մեկից անակնկալ զանգ է ստացել Ախուրյան գետից այն կողմից՝ հենց Անիից. - «Մեկ էլ՝ տատ էդ ինչ ես էնո՞ւմ, ասի՝ ի՞նչ կա բալես, թե բա՝ Անիի մեջն եմ, ասի՝ Անիի մեջ ընչի ես գնացել, Վաչիկ ջան, թե բա՝ տուրիստ եմ գնացել, թնդիրդ վառում էր, ծուխն էլնում էր, ասի տատը կաթ ա քաշում, հլը զանգեմ տեսնեմ՝ ոնց ա», - հիշեց տարեց կինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG