Մատչելիության հղումներ

Բրազիլիայում վերսկսվում է աշխարհի առաջնությունը


Ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության լոգոն
Ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության լոգոն

Երկօրյա ընդմիջումից հետո Բրազիլիայում վերսկսվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Երկու օր առանց ֆուտբոլի դժվար էր դիմանալ։ Այսօր տեղի կունենան մեկ քառորդի առաջին խաղերը։

Երևանի ժամանակով երեկոյան ժամը 8-ին Ռիո դե Ժանեյրոյի «Էստադիո դու Մարականա» մարզադաշտում հանդիպում են Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականները։

Գերմանացիներն ու ֆրանսիացիները սկզբունքային մրցակիցներ են, այդ է վկայում վիճակագրությունը։ Նրանք հանդիպել են 25 անգամ, ֆրանսիացիները հաղթել են 11 անգամ, գերմանացիները՝ 8, ևս 6 հանդիպում ոչ-ոքի է ավարտվել։ Թեև ընդհանուր առմամբ առավելությունը ֆրանսիացիներինն է, բայց գնդակների հարաբերակցությամբ առջևում գերմանացիներն են` 42-41։

Երևանի ժամանակով կեսգիշերին Ֆորտալեզայի «Էստադիո Կաստելաո Ֆորտալեզա» մարզադաշտում սկսվելու է Բրազիլիա - Կոլումբիա հանդիպումը։ Այստեղ վիճակագրությունը միանշանակ վկայում է բրազիլացիների առավելության մասին` 25 խաղ, 15 հաղթանակ, 8 ոչ-ոքի և ընդամենը 2 պարտություն։ Գոլերի հարաբերակցությունը 55-11 է։

Բայց, ինչպես մեկնաբաններն են նշում, հենց այս ժամանակաշրջանում Կոլումբիայի հավաքականը չափազանդ տպավորիչ խաղ է ցուցադրում, և բնավ չի կարելի վստահորեն պնդել, թե աշխարհի հնգակի չեմպիոններն անպայման կհաղթեն։

Հենց բրազիլացի մարզական լրագրողներն են քննադատում իրենց թիմին որոշ դրվագներում պարզունակ, ձախողված փոխանցումների ու ամբողջ խաղը միայն Նեյմարի վրա կառուցելու համար։

Բրազիլիան երկրորդ անգամ է առաջնություն անցկացնում։ Շատ վաղուց` 64 տարի առաջ, 1950 թվականին Բրազիլիայի հավաքականը եզրափակիչում զիջել է Ուրուգվային։ Երկրում հիրավի սուգ էր, վավերագրական կադրերը վկայում են՝ նորակառույց «Մարականա» մարզադաշտ եկած 200 հազար բրազիլացիներ լալիս էին։

Իսկ վաղը տեղի կունենան քառորդ եզրափակիչի երկու մնացած հանդիպումները` Արգենտինա - Բելգիա, ապա՝ Նիդերլանդներ - Կոստա Ռիկա։

Արգենտինայի և Բելգիայի հավաքականները անցյալում հանդիպել են չորս անգամ, երեք անգամ հաղթել են արգենտինացիները, մեկ անգամ` բելգիացիները:

Նիդերլանդների և Կոստա Ռիկայի ընտրանիները նախկինում երբևէ չեն հանդիպել։ Մասնագետները նախապատվությունը տալիս են հոլանդացիներին, բայց հարկ է նշել, որ կոստառիկացիներն էլ այս առաջնությունում բարձր որակի խաղ են ցույց տալիս։

Կիսաեզրափակիչ խաղերը տեղի կունենան հուլիսի 8-ին և 9-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG