Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Թբիլիսիի նախկին քաղաքապետը


Վրաստան - Գիգի Ուգուլավան մասնակցում է ԱՄՆ-ի Անկախության օրվան նվիրված միջոցառմանը, Թբիլիսի, 2-ը հուլիսի, 2014թ․
Վրաստան - Գիգի Ուգուլավան մասնակցում է ԱՄՆ-ի Անկախության օրվան նվիրված միջոցառմանը, Թբիլիսի, 2-ը հուլիսի, 2014թ․

Միխեիլ Սաակաշվիլիի զինակից Գիգի Ուգուլավան «հանցավոր խմբի այլ անդամների» հետ մեղադրվում է «սև փողերի» ապօրինի արտահանման մեջ:

Այսօր վաղ առավոտյան Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է Վրաստանի մայրաքաղաքի նախկին քաղաքապետ, նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գիգի Ուգուլավան:

Երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մերձավոր Ուգուլավան «հանցավոր խմբի այլ անդամների» հետ մեղադրվում է «սև փողերի» ապօրինի արտահանման մեջ:

Ըստ վրացական լրատվամիջոցների՝ Ուգուլավան թռչում էր Կիև, այնտեղից էլ պետք է մեկներ Քիշնև, որտեղ նախատեսում էր մասնակցել Եվրախորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի մոնիթորինգի գծով կոմիտեի նիստին:

«Օպերատիվ տվյալների համաձայն՝ Ուգուլավան պատրաստվում էր թաքնվել», - այսօր հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գեորգի Գրձելաշվիլին:

Նրա խոսքերով՝ ընդդիմադիր քաղաքական գործիչը փորձում էր թաքնվել, խուսափել քննչական գործողություններից, ավելին՝ կա օպերատիվ տեղեկություն այն մասին, որ Ուգուլավան այլևս չէր վերադառնալու Վրաստան: «Հետևաբար՝ Ուգուլավայի ձերբակալությունը բխում էր անհրաժեշտությունից», - ավելացրել է Գրձելաշվիլին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությունը Թբիլիսիի նախկին քաղաքապետին մեղադրել է խոշոր չափի պետական միջոցների՝ մասնավորապես 614 հազար դոլարի վատնման մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել նաև նախկին իշխող կուսակցության նախընտրական ծախսերի «ֆինանսական հանցավոր սխեմայի մշակման», «Իմեդի» հեռուստաալիքի ապօրինի տնօրինման մեջ»: Ուգուլավային սպառնում է 9-12 տարվա ազատազրկում:

Ինքը նախկին քաղաքապետը իր ձերբակալության փաստը կապում է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ: Նա հայտարարել է, որ իրեն ձերբակալում են, քանի որ չի խոնարհվում նախկին վարչապետի առջև:

«Ես ձերբակալվել եմ այն պատճառով, որ գլուխս չեմ խոնարհել Բիձինա Իվանիշվիլիի առաջ և երբեք դա չեմ անի։ Եվ հետո անհրաժեշտ էր պատռել այս համակարգի դիմակը, և ես դա արեցի», - Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալությունից անմիջապես հետո հայտարարել է Գիգի Ուգուլավան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG