Իրաքի քրդերը մտադիր են անկախության հանրաքվե անցկացնել և քրդական անկախ պետություն հռչակել։
Իրաքի հյուսիսային մասում քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանին երեքշաբթի օրը հայտարարել է, որ անկախության հանրաքվեն տեղի կունենա առաջիկա ամիսների ընթացքում։ Նա ասել է, որ քվեարկության ժամանակը հասունացել է, քանի որ Իրաքն արդեն փաստացի բաժանվել է՝ իսլամական պետություն ստեղծելու կողմնակիցները անկախություն են հռչակել՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն»։
Բարզանին BBC-ին ասել է. - «Մենք հանրաքվե կանցկացնենք Քուրդիստանում և կհարգենք ու կիրականացնենք մեր ժողովրդի որոշումը։ Հույս ունենք, որ մյուսները ևս կհարգեն ընդունված որոշումը»։
Նա ժամկետ չի նշել, բայց ասել է, թե խոսքն ամիսների մասին է, ժամկետը կորոշի խորհրդարանը, իսկ մինչ ընտրությունները պետք է ստեղծվի ընտրական անկախ մարմին։
Քուրդիստանի առաջնորդը վերջերս դիմել էր ՄԱԿ-ին՝ օգնություն խնդրելով Քիրքուքում հանրաքվե անցկացնելու համար։
Ինչ վերաբերում է հարևան երկրների արձագանքներին, ապա Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընջն ասել է, թե Թուրքիան երբեք չի աջակցի Իրաքի անջատական գործընթացներին, մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն կողմ է Քուրդիստանի անկախ պետության ստեղծմանը։
Երկու օր առաջ Թուրքիայի փոխվարչապետը ասել էր, թե Միջին Արևելքի բաժանումները կծառայեն Իսրայելի շահերին։ Իսրայելը ցանկանում է ուժեղացնել անվտանգության և տնտեսական կապերը քրդերի հետ։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը Իրաքի քրդերի անկախությունը բնութագրել է որպես կատարված փաստ, բայց միաժամանակ նշել է, որ Քուրդիստան անկախ պետություն պաշտոնապես ստեղծելու հարցում իր երկիրն օգնություն չի ցուցաբերի։