Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ձերբակալվել է


Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ձերբակալվել է
please wait

No media source currently available

0:00 0:02:38 0:00

Ժամանակակից Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ այսօր նախկին նախագահը հայտնվեց անազատության մեջ՝ հարցաքննության նպատակով: Փարիզի Նանտե արվարձանում առավոտյան ձերբակալեց Նիկոլա Սարկոզին՝ դատական համակարգի վրա ճնշում գործադրելու կասկածանքով:

Ֆրանսիական օրենքներով իրավապահները կարող են հարցաքննության համար մարդուն մինչև 48 ժամ ազատազրկել. երկրի երբեմնի նախագահի նկատմամբ, սակայն, այս դրույթը կիրառվեց առաջին անգամ: Քննությունը պնդում է, թե Ֆրանսիայի նախկին առաջնորդը ճնշումներ է բանեցրել դատական համակարգի վրա ու ոմանց անգամ պաշտոնի բարձրացում խոստացել՝ իր բջջային հեռախոսի գաղտնալսման մասին տեղեկություններ փոխանցելու դիմաց:

Աղմկահարույց այս գործում Սարկոզիից բացի ներգրավված են նաև նրա փաստաբանն ու Վերաքննիչ դատարանի երկու ներկայացուցիչ, որոնք ևս նախօրեին ձերբակալվել են: Ընդ որում, Ֆրանսիայի նախկին նախագահը առաջին անգամը չէ հարցաքննվում ոստիկանական այս բաժանմունքում:

Անցած տարի նա կրկին այստեղ էր՝ Ֆրանսիայի ամենահարուստ տիկնոջից՝ «Լ՛Օրեալ»-ի տիրուհուց ապօրինի ֆինանսավորում ստանալու կասկածանքով: Քննիչներն այն ժամանակ պնդում էին, թե Սարկոզին 2007 թվականի նախագահական ընտրություններում իր հաղթանակն ապահովել է 90-ամյա միլիարդատիրուհուց ստացած ծրարների շնորհիվ: Ամիսներ անց դատարանը կարճեց այդ գործը, Սարկոզիի գլխին կուտակված ամպերը, սակայն, չցրվեցին: Նոր կասկածներ առաջ քաշվեցին, այս անգամ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիից ապօրինի միլիոններ ստանալու վերաբերյալ: Իրավապահները կրկին խոշորացույցի տակ առան նախկին նախագահի հեռախոսազրույցներն ու պարզվեց՝ «Լ՛Օրեալ»-ի տիրուհու գործում չբացահայտված կետեր են մնացել:

Ըստ հաղորդումների՝ իրավապահները ապացույցներ են հայտնաբերել, որոնց համաձայն, այդ գործով իրականացվող քննության ընթացքում Սարկոզին օգտագործել է երբեմնի ազդեցությունը՝ նախաքննությունը իր ուզած ուղով տանելու համար: Գործը քննող դատավորներից մեկը, մասնավորապես, համաձայնել է Սարկոզիին ու նրա փաստաբանին ներքին տեղեկություններ փոխանցել և անգամ տեղյակ պահել իրավապահների ծրագրերի մասին՝ Մոնակոյում դատավորի պաշտոն ստանալու դիմաց:

Ինքը՝ Սարկոզին, հերքում է այս և նախկինում առաջադրված բոլոր մեղադրանքները. լրատվամիջոցները փաստում են՝ եթե դրանք ապացուցվեն, Ֆրանսիայի նախկին նախագահը կարող է մինչև տասը տարվա ազատազրկման դատապարտվել:

«Ֆրանսիական արդարադատությունն այս գործում պետք է գնա մինչև վերջ, քանի որ Սարկոզին Ֆրանսիայի որևէ քաղաքացուց առավել չէ և բոլորի պես պետք է հավասար լինի օրենքի առջև»,- այսօր հայտարարել է Ֆրանսիայի կառավարության խոսնակը:

Լրատվամիջոցները միաժամանակ նկատում են, որ Սարկոզիի այս աղմկահարույց հարցաքննությունն ու ազատազրկումը իրականացվում է նրա համար շատ կարևոր մի ժամանակաշրջանում, երբ ակնկալվում էր, որ պահպանողական առաջնորդը կարող է հայտարարություն անել մեծ քաղաքականություն վերադառնալու մասին:

XS
SM
MD
LG