Մատչելիության հղումներ

Չնայած սահմանին հնչող կրակոցներին, մարդիկ չեն ցանկանում լքել գյուղը


Չնայած սահմանին հնչող կրակոցներին, մարդիկ չեն պատրաստվում լքել գյուղը
please wait

No media source currently available

0:00 0:04:10 0:00

Կիրակի լույս երկուշաբթի գիշերը Տավուշի մարզի Այգեպար գյուղի ուղղությամբ ադրբեջանական դիրքերից կրակոցներ չեն հնչել, այսօր այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը:

«Կրակոցներ չեն եղել, հարաբերական անդորր է եղել, ոչ մի վախի մթնոլորտ մեր գյուղում չկա, տուժած չկա, ամեն ինչ նորմալ է։ Մեր դիրքերը, մեր տղաները միշտ պատրաստ են։ Մենք վստահում ենք մեր Զինված ուժերին՝ ժամանակին հակահարված տալուց հետո ամեն ինչ կարգավորվում է»,- ասաց Այդինյանը։

Հիշեցնենք, հունիսի 27-ի գիշերը ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափերի զենքերից կրակել էր Տավուշի մարզի մի քանի գյուղերի ուղղությամբ։ Բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չկան:

Հանգստյան օրերին Տավուշի մարզ էին այցելել Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կառավարման խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայկակ Արշամյանը: Պատվիրակության անդամները նախ եղել են Այգեպար գյուղում։

«Գնացել էինք ծանոթանալու իրավիճակին՝ զրուցելու տեղի բնակիչների հետ ու գոտեպնդելու նրանց։ Այնտեղ տուժել էին թե՛ բնակիչները, թե՛ շենքերն էին տուժել, նաև գազատարն էր վնասվել, խոտի դեզ էր վառվել։ Մարդիկ բավական վախեցած էին, որովհետև բոլորը վկայում էին այն մասին, որ էդպիսի բան զինադադարից հետո տեղի չի ունեցել, էդ կարգի հարձակում ադրբեջանցիների կողմից զինադադարից հետո չի եղել»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Հայկակ Արշամյանը:

Արշամյանը պատմեց նաև, որ այցելել են մարդկանց տներ, զրուցել նրանց հետ ու հասկացել, որ, չնայած կրակոցներին, մարդիկ կապված են իրենց հող ու ջրին ու չեն պատրաստվում լքել գյուղը:

«Եվ միակ բանը, որ էդ մարդիկ ուզում են՝ զուտ սոցիալական պայմանների բարելավումն է, որովհետև իրենք սահմանամերձ գյուղում չեն ապրում, իրենք սահմանի վրա են հենց ապրում։ Այդ մարդկանց համար ոչ միայն իշխանությունների, այլև ամբողջ բնակչության ուշադրությունն է կարևոր»,- փոխանցեց Արշամյանը։

Պատվիրակության անդամները գիշերել են Այգեպարում, հաջորդ օրը գնացել են Մովսես գյուղ, այցելել կրակոցներից տուժած մի քանի ընտանիքների:

«Մովսես գյուղում մի ծեր կնոջ տանը գիշերը նռնակով կրակել էին, ինքը չէր էլ իմացել, ուղղակի բախտը բերել էր, որ ինքն ուրիշ սենյակում էր քնած եղել՝ անկողինը բռնկվել էր։ Մեկ ուրիշ տուն էլ գնացինք, էդտեղ ընդհանրապես ուղղակի ոնց որ Աստծո ձեռքն էդ ընտանիքի գլխին էր, որովհետև տղամարդը կրակոցներից վեր էր կացել տեսնի՝ ինչ է կատարվում, հենց անկողնուց վեր էր կացել, պատը ծակել էր գնդակը և բարձով, վերմակով ամբողջովին ավիրել էր անկողինը։ Ուղղակի բախտի բերմամբ, էդ մարդը կենդանի էր մնացել»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը։

Նա ընդգծեց, որ սահմանամերձ գյուղի բնակիչներին, միանշանակ, ուշադրություն ու սոցիալական պայմանների բարելավում է պետք։

«Չի կարող էնպես լինել, որ սահմանին ապրող մարդը նույն չափ հոսանքի կամ գազի վճար վճարի, ինչ որ ես, որ ապրում եմ Երևանում՝ անվտանգ։ Էդ մարդիկ ամեն օր կրակի տակ են, վտանգի տակ են, ընդ որում նաև շատ կարևոր է այդ մարդկանց առողջության ապահովագրությունը, իհարկե, լավ կլինի, որ անվճար լինի, կամ մարդու տունը գնդակոծել են՝ վնասվել է, ոչ ոք չի գալիս տեր կանգնի։ Ինչ կանի գյուղապետարանը՝ կանի, հարազատները, բարեկամները։ Պետական հոգածութուն չկա»,- ասաց Արշամյանը։

Պատվիրակության անդամները Մովսես գյուղում հանդիպել են նաև զինվորականներին, զրուցել նրանց հետ ու հասկացել, որ զինվորները ո՛չ հուսահատված են, ո՛չ վախեցած են, ո՛չ էլ՝ հիասթափված։

«Ես դրա համար շատ ուրախ ու հպարտ եմ մեր բանակով, որովհետև հանդիպեցինք շատ բանիմաց, պրոֆեսիոնալ բարձրաստիճան զինվորականներին ու հասկացանք, որ մեր բանակն իրոք շատ լուրջ պատրաստված է և հուսահատության, հիասթափության նշմար անգամ չկար էդ մարդկանց աչքերում»,- փոխանցեց Արշամյանը։

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, որը հունիսի 27-ին այցելել էր Այգեպար, «Ազատությանը» հաղորդեց, որ նախատեսվում է պարսպապատել Այգեպարի դպրոցի և մանկապարտեզի շենքերը, որոնք ադրբեջանական դիրքերի թիրախում են:

Ինչ վերաբերում է Մովսես գյուղում գնդակոծություններից տուժած բնակիչների գույքային փոխհատուցմանը, մարզպետն ասաց.- «Երկու բնակարան է այսօր մատնացույց արվում, որտեղ որ ընդամենը մահճակալն է այրվել, իսկ մյուս բնակարանում նույնպես պայթյունը անկողնու ուղղությամբ է եղել, բարեբախտաբար, անկողնում մարդ չի եղել, ու մենք առանձնապես մեծ վնասներ չունենք»։

Կառավարությունն այսօր ամբողջությամբ փոխհատուցում է գնդակոծվող սահմանամերձ գյուղերի բնակիչների հողի հարկը և 50 տոկոսով ջրի վարձավճարները: Մարզպետ Հովիկ Աբովյանի խոսքով, գազի վարձավճարի փոխհատուցման հարց առայժմ չի բարձրացվել:

XS
SM
MD
LG