Մատչելիության հղումներ

Շնորհավորանքներ Սերժ Սարգսյանին ծննդյան 60-ամյակի առթիվ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան 60-ամյակի կապակցությամբ:

«Ձեր գործունեությունը մշտապես նպատակաուղղել եք պետության առաջընթացին: Դուք մեկտեղել եք զինվորի ու նախագահի երդումը՝ գիտակցելով, որ երկրին անհրաժեշտ են իրական գործողություններ: Համոզված եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանն այսուհետ ևս հետևողականորեն շարունակելու է վստահ քայլերով շարժվել զարգացման վերընթաց ճանապարհով՝ արձանագրելով նոր ձեռքբերումներ», - Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է, մասնավորապես, Գալուստ Սահակյանի ուղերձում:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանը իր ուղերձում գրել է․ - «Ձեր հոբելյանի մեջ յուրովի խտացված են Հայաստանի անկախության և Արցախի ինքնիշխանության հռչակման գործընթացները, հաղթանակներն ու ձեռքբերումները մարտի դաշտում և պետական շինարարության մեջ: Ձեր կյանքը և գործունեությունը Դուք ի սպաս եք դրել Հայրենիքի կերտման և հզորացման, հայ ժողովրդի բարօրության ապահովման վեհ գործին: Դուք կանգնած եք եղել նոր Հայաստանի կերտման և Արցախի ազատագրական հաղթական պայքարի ակունքներում՝ Հայրենիքի նկատմամբ Ձեր անմնացորդ նվիրվածությամբ օրինակ ծառայելով գալիք սերունդների համար»:

«Տարբեր ժամանակներում բարձր պաշտոններ զբաղեցնելով Արցախում և Հայաստանում` Դուք անմնացորդ նվիրվել եք հարազատ ժողովրդի շահերի պաշտպանությանը, համազգային նպատակների ու ծրագրերի իրականացմանը: Դա հայրենանվեր և ազգանպաստ ծառայություն է, որն արժանի է բարձր գնահատանքի», - Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանին գրել է Բակո Սահակյանը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG