Մատչելիության հղումներ

Փոստանջյանը քաղաքական դաշտում նոր ցնցումներ է խոստանում


Զարուհի Փոստանջյան, արխիվ
Զարուհի Փոստանջյան, արխիվ

Վերջերս ԱՄՆ-ից վերադարձած «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը քաղաքական դաշտում նոր ցնցումներ է խոստանում։ Նա վստահեցնում է, որ լրացնելու է Հայաստանից բացակայության կես տարվա բացը։

Պատգամավորը Միացյալ Նահանգներ էր մեկնել ուսանելու։

«Անհապաղ պետք է սկսենք նորից նոր գործընթաց, պայթյուն գործընթաց, որպեսզի հասարակությունը ցնցվի և դուրս գա իր այդ հարաբերական անդորրից և իրոք պարտադրի իր քաղաքական կամքը այսօրվա մեր Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը փոխելու համար», - ասաց Փոստանջյանը շաբաթ օրը «Ժառանգության» համագումարից հետո լրագրողների հետ զրույցում:

Ընդդիմադիր պատգամավորը նշում է, որ հեռվից հեռու հետևում էր Հայաստանի անցուդարձին, մտածում այն մասին, որ արդեն ժամանակն է ազատվելու իշխանություններից։ Փոստանջյանն ասաց, որ դա առաջին խնդիրն է, որը պետք է լուծեն:

«Ես կարծում եմ՝ երկրորդ շրջանն է, երբ 1988 թվականին սկսվեց մեր ազգային ազատագրական պայքարը, և մենք անկախանում էինք և անկախության համար պատրաստ էինք զոհաբերել յուրաքանչյուրս թե՛ իր ֆինանսական միջոցները, թե՛ ամենաթանկագինը՝ իր կյանքը, այսօր երկրորդ անկախացման պահն է եկել, անկախացում թե՛ կոռուպցիայից, թե՛ ապօրինություններից և նաև, իհարկե, արտաքին վտանգներից», - հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

Ընդդիմադիր գործիչը անդրադարձավ նաև ոչ իշխանական քառյակի գործունեությանը՝ նշելով, որ այն փոքր համագործակցություն է, որը որակական փոփոխությունների սկզբնաղբյուր չի հանդիսանում․ - «Փոփոխությունները պետք է լինեն ոչ թե աշնանը, այլ հիմիկվանից: Եթե կարելի է որոշ հարցերի շուրջ համագործակցել, իհարկե դա ողջունելի է, բայց դա այսօր հայ ժողովրդի առջև դրված քաղաքական օրակարգը մեր չի սպասարկում»:

Երկրից կես տարի բացակայած ընդդիմադիր պատգամավորը խոսեց նաև վարչապետի փոփոխության մասին՝ քննադատելով նոր վարչապետին։ «Ժառանգության» ներկայացուցիչը նկատեց, որ անուններ փոխելով՝ իրավիճակ չի փոխվում, հակառակը՝ այն ավելի է բարդացել:

Փոստանջյանը չշրջանցեց նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործունեությունը, որը վերջերս է՛լ ավելի է ակտիվացել ու, ըստ ամենայնի, հանդես է գալիս իշխանություններին քննադատողի դիրքերից։

«Ինքը այս վարչախմբի սպասարկուներից մեկն է, հովանավորներից մեկն է, հիմնադիրներից մեկն է, և ինչ էլ այս պահին ինքը հայտարարի, իհարկե ունի հայտարարելու իրավունք, կարծիք արտահայտելու իրավունք, իհարկե կարող է մարդը փոխվել է, բայց ինքը պետք է նաև գա, ընդունի, և մենք իրեն նաև մեղադրում ենք, որ ինքը նաև այս գործընթացների մի կարևոր դերակատարներից մեկն է», - հայտարարեց Փոստանջյանը:

«Ի դեպ, ես Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանից չեմ տարանջատում, երկուսն էլ պետք է նստեն մեղադրյալի աթոռին: Այո, ես գտնում եմ, որ մարտի 1-ի մեղավորը․․․ որովհետև ի՛նքը կարող էր այդ հրամանը տալ միայն և հենց ի՛նքն է այդ հրամանը տվել», - ընդգծեց ընդդիմադիր գործիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG