Մատչելիության հղումներ

Չի բացառվում, որ Էրդողանը առաջադրվի Թուրքիայի նախագահի պաշտոնում


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ասուլիսի ժամանակ, Անկարա, 9-ը հունիսի, 2014թ․
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ասուլիսի ժամանակ, Անկարա, 9-ը հունիսի, 2014թ․

Չի բացառվում, որ արդեն մի քանի օրից` հուլիսի 1-ին, Ռեջեփ Էրդողանը պաշտոնապես առաջադրվի Թուրքիայի նախագահի պաշտոնում: Չորեքշաբթի օրը Անկարայում նման հայտարարությամբ հանդես եկավ Էրդողանի երկարամյա զինակիցներից մեկը` փոխվարչապետ Բյուլենթ Առինջը:

«Կարող եմ ասել, որ օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ մեր կուսակցության թեկնածուի հարցն արդեն գրեթե վերջնականապես որոշված է: Ամենայն հավանականությամբ, արդեն հուլիսի 1-ին մեր կուսակցությունը վարչապետ Էրդողանին պաշտոնապես կառաջադրի որպես նախագահի թեկնածու», - հայտարարեց Առինջը` հատուկ ընդգծելով, թուրքական մամուլում պարբերաբար ի հայտ եկող տեղեկությունները, թե Էրդողանի հնարավոր առաջադրումն իբր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերում իբր պառակտում է առաջացրել, իրականությանը չեն համապատասխանում:

«Կուսակցության ներսում գործող բոլոր խմբերը, որոնց հետ վերջին շրջանում հանդիպել է Էրդողանը, արտահայտվել են նրա առաջադրման օգտին», - Բյուլենթ Առինջի խոսքերն է փոխանցում Hurriyet օրաթերթը:

Այն, որ Թուրքիայում իշխող իսլամիստների ընտրությունը ըստ ամենայնի կանգ է առնելու հենց Էրդողանի թեկնածության վրա, պատահական չէ: Թուրքիայում գործող միանգամից մի քանի սոցիոլոգիական ծառայությունների անցկացրած հետազոտությունների արդյունքները վկայում են, որ Էրդողանը օգոստոսի 10-ի ընտրություններում կարող է հաղթել առանց լուրջ ջանքեր գործադրելու:

Այսպես, Gener սոցիոլոգիական ծառայության անցկացրած հետազոտության համաձայն, առաջիկա ընտրություններում Էրդողանը կստանա քվեների 55, իսկ ընդդիմադիր երկու առաջատար կուսակցությունների` Ժողովրդա-հանրապետականի և Ազգայնական շարժման թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն` մոտ 36 տոկոսը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Sabah օրաթերթն էլ մեջբերում է MAK Consultancy գործակալության հրապարակած տվյալները, որոնց համաձայն` առաջին իսկ փուլում Էրդողանը կստանա թուրք ընտրողների ձայների 56, իսկ Իհսանօղլուն` 34 տոկոսը:

Երկու ծառայությունների հրապարակած տվյալների համաձայն՝ օգոստոսյան քվեարկության ընթացքում երրորդ տեղը կզբաղեցնի քրդական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշը: Նրա վարկանիշը, ըստ թուրք սոցիոլոգների, մոտ 10 տոկոս է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG