Չնայած Իրաքում ծագած ճգնաժամին և իսլամիստների շարունակվող հաղթարշավին դեպի Բաղդադ` ամերիկացիների ճնշող մեծամասնությունը համոզված է` կոալիցիոն զորքերի դուրսբերումն այդ երկրից ճիշտ քայլ էր: Սա են վկայում Gallup սոցիոլոգիական ծառայության երեկ հրապարակած հետազոտության արդյունքները:
Հունիսի 20-21-ը ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգներում և մայրաքաղաք Վաշինգտոնում անցկացված հարցման 1200 մասնակիցների 61 տոկոսը պնդում է, որ Իրաքում ամերիկյան ռազմական ներկայությանը վերջ տալու Բարաք Օբամայի որոշումը միանգամայն ճիշտ էր:
Gallup-ի մասնագետները, սակայն, նկատում են, որ Իրաքում ծավալված վերջին իրադարձությունների ֆոնին ամերիկյան զորքերի դուրսբերման աջակիցների թիվը Միացյալ Նահանգներում կրճատվում է: 2011 թվականին, օրինակ, Իրաքից ամերիկյան ստորաբաժանումների դուրսբերման կողմնակիցների թիվը 75 տոկոս էր` 14 տոկոսով ավելին, քան այսօր է:
Ամերիկացիների մեծ մասը, սակայն, այսօր էլ համոզված է, որ նախագահ Բուշի` Իրաքի դեմ ռազմական գործողություն սկսելու որոշումը քաղաքական սխալ էր․ այդ տեսակետին է հակված հարցված ամերիկացիների 57 տոկոսը: Միացյալ Նահանգների քաղաքացիների 39 տոկոսը, հակառակը, պնդում է, որ 2003-ին Իրաք ներխուժելու որոշումը լիովին արդարացված էր և արդյունավետ:
Gallup-ի մասնագետները նաև նշում են, որ Իրաքում Սպիտակ տան որդեգրած քաղաքականության հանդեպ վերաբերմունքը մեծապես կախված է հարցվածների կուսակցական նախապատվություններից: Gallup-ի տվյալներով՝ հարցմանը մասնակցած հանրապետականների միայն 33 տոկոսն է համարում, որ Բարաք Օբաման իրավացի էր` որպես նախագահ իր պաշտոնավարման առաջին ժամկետի առանցքային որոշումներից մեկը դարձնելով Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումը: Դեմոկրատների շրջանում նման կերպ տրամադրվածների թիվը գրեթե երեք անգամ ավելին է՝ նախագահ Օբամայի կուսակիցների շարքում Իրաքից ամերիկյան բանակային ստորաբաժանումների դուրսբերման կողմնակիցների թիվն այսօր էլ հասնում է 87 տոկոսի:
Զեկույցի հեղինակները, սակայն, հարկ են համարում տեղեկացնել, որ չնայած երկրում գերակշռող հակապատերազմական տրամադրություններին՝ Սպիտակ տունը ստիպված է որոշակիորեն ներգրավվել Իրաքում ծավալված իրադարձություններին:
«Երբ մենք արդեն ավարտել էինք հետազոտության անցկացումը, հայտնի դարձավ, որ արձագանքելով Իրաքում ծավալված ճգնաժամին` Օբամայի վարչակազմը որոշել է այդ երկիր ուղարկել 275 զինծառայողների` Բաղդադում ամերիկյան դեսպանատան պաշտպանությունն ուժեղացնելու, ինչպես նաև ևս 300 ռազմական խորհրդականների` կառավարական զորքերին աջակցելու համար», - նշում են Gallup-ի փորձագետները: