Վրացական պատվիրակության անդամներն աստիճանաբար ժամանում են Բրյուսել` հունիսի 27-ին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի այստեղ կայանալիք ստորագրումից առաջ:
Վրաստանի փոխարտգործնախարար Թամար Բերուճաշվիլիի խոսքով` վրաց պաշտոնյաները առաջիկա երկու օրերին Բրյուսելում վերջին քննարկումները կանցկացնեն Ասոցացման համաձայնագրի շուրջ:
«Ասոցացման համաձայնագիրը շատ հավակնոտ ու կարևոր մի փաստաթուղթ է, որն իրավական հստակ շրջանակ է գծագրում Վրաստանի և Եվրամիության հարաբերությունների հետագա խորացման համար», - նշում է Բերուճաշվիլին:
Բրյուսելում վրացական պատվիրակությունը կղեկավարի և Վրաստանի անունից համաձայնագիրը կստորագրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Կառավարության ղեկավարը, ինչպես նաև վրաց նախարարների զգալի մասը Բելգիայի մայրաքաղաք կժամանեն առաջիկա երկու օրերին: Նրանց թվում կլինի նաև Բրյուսելի հետ բանակցությունների ամենաակտիվ մասնակիցներից մեկը` եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով նախարար Ալեքսանդր Պետրիաշվիլին:
«Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը իրոք պատմական կարևորություն ունի մեր պետության համար: Այս քայով մեկնարկում է Վրաստանի` Եվրամիությանը միանալու իրական գործընթացը: Այս համաձայնագրի ստորագրումը Վրաստանի եվրոպականացման գործընթացը անշրջելի կդարձնի: Սա Վրաստանի արդիականացման ծրագիրն է, որն ի վերջո հանգեցնելու է Վրաստանի անդամակցությանը Եվրոպական միությանը», - նշում է Պետրիաշվիլին:
Թբիլիսիում այս օրերին առկա գլխավոր մտավախությունը, սակայն, Ռուսաստանի պահվածքն է՝ արդյոք Մոսկվան վերջին պահին չի՞ փորձի խոչընդոտել Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը:
Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն երեկ վրացական լրատվամիջոցներին փոխանցել է, որ նման մտագոհությունները լիովին անհիմն են: «Հունիսի 27-ին մենք շատ հանգիստ կստորագրենք Ասոցացման համաձայնագիրը», - հայտարարեց Աբաշիձեն:
«Կա որոշակի օրակարգ: Հուլիսին արդեն Չեխիայի մայրաքաղաքում կկայանա իմ հերթական հանդիպումը Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ: Այդ հանդիպումից մի քանի օր առաջ` նույնպես Պրահայում, կհանդիպեն երկու կողմերի փորձագետները` քննարկելով նախևառաջ տնտեսական խնդիրները: Հաշվի առնելով, որ վրաց - ռուսական բանակցությունների հերթական փուլը կայանալու է արդեն հունիսի 27-ից հետո, պարզ է, որ քննարկումների առարկա կդառնա նաև Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը», - նշում է Աբաշիձեն:
Երեկ էլ՝ Ասոցացման համաձայնագրի ծրագրված ստորագրումից երեք օր առաջ, Եվրամիությունը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, որում ասված է․ - «Օտարերկրյա ներդրումների կարիք զգացող Վրաստանի համար այս համաձայնագիրն առանձնահատուկ նշանակություն կունենա: Եվրամիության շուկան վրացական ապրանքների համար կբացվի առանց անցումային փուլի: Ասոցացման համաձայնագրից Վրաստանի հետագա օգուտները կախված են բարեփոխումների հաջող ընթացքից»: