Ադրբեջանական բանակի կարգախոսը երկրորդ հայկական պետության ստեղծման բացառումն է: Այսօր Բաքվում` ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին ավարտական վկայականներ հանձնելու արարողության ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
«Չնայած այն իրողությանը, որ հրադադարի մասին համաձայնագրի կնքումից անցել է շուրջ 20 տարի, այդ ռեժիմը ռազմաճակատում խախտվում է ամեն օր», - հայտարարեց Ադրբեջանի պաշտպանության նախարարը` շփման գծում առկա լարվածության ողջ մեղքը բարդելով հայկական կողմի վրա:
«Հայաստանի Զինված ուժերը գնդակոծում են մեր հենակետերն ու բնակավայրերը, հայկական դիվերսիոն-հետախուզական խմբերը փորձում են հարձակվել մեր դիրքերի վրա, բայց նրանց այդ գործողությունները նախապես կանխվում են, թշնամին կորուստներ է կրում: Հայկական կողմն ի վերջո պետք է համակերպվի իրականության և ուժերի առկա հավասարակշռության հետ», - ասաց Հասանովը:
Նշենք, որ սա Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարի առաջին հրապարակային ելույթն էր Նախիջևանում վերջերս տեղի ունեցած իրադարձություններից հետո:
Հիշեցնենք՝ ուղիղ մեկ շաբաթ առաջ Հայաստանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրնեը հաղորդեցին, որ հայկական ուժերին հաջողվել է վերահսկողություն հաստատել հայ - նախիջևանյան սահմանագծի Ջուլֆայի հատվածում գտնվող մի շարք բարձունքների հանդեպ, ինչի արդյունքում ինքնավար հանրապետության մայրաքաղաք Նախիջևանը փաստորեն հայտնվեց Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների ուղղակի տեսանելիության դաշտում` մոտ 30-35 կիլոմետր հեռավորության վրա: Հայկական կողմը հրապարակել էր նաև բարձունքների փաստացի գրավումն ապացուցող մի շարք լուսանկարներ, իսկ անցած շաբաթավերջին սահմանագծի այդ հատված էր այցելել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Չնայած միմյանց հաջորդած այդ իրադարձություններին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը Նախիջևանում տեղի ունեցածին այսօր որևէ կերպ չարձագանքեց:
Փոխարենը, հայ - նախիջևանյան սահմանագծում ծավալվող իրադարձությունները սկսել են ակտիվորեն մեկնաբանել բաքվեցի վերլուծաբանները:
Պատասխանելով Minval.az կայքի հարցին՝ ադրբեջանցի ամենահայտնի ռազմական փորձագետներից մեկը` Ուզեիր Ջաֆարովը, սկզբունքորեն չի հերքել հայկական ուժերի առաջխաղացման հնարավորությունը:
«Ասենք թե նրանք գրավել են մինչ այդ չեզոք այդ բարձունքները, հետո՞ ինչ: Հայերը պատրաստվում են գրավե՞լ Նախիջևանը: Չեմ կարծում: Նախիջևանում տեղակայված համազորային առանձին բանակը այսօր ամենամարտունակն է մեր զինված ուժերում ընդգրկված ստորաբաժանումների շարքում: Չնայած ինքնավար հանրապետությունը շրջափակման մեջ է, բայցևայնպես Նախիջևան են տեղափոխվել ռազմական տեխնիկայի ամենավերջին նմուշները` տանկեր, ուղղաթիռներ, վերջերս Ռուսաստանից ձեռք բերված հրետանային և զենիթահրթիռային համակարգեր: Բացի այդ, մի մոռացեք, որ Թուրքիան Նախիջևանում շատ հստակ զսպող դերակատարություն ունի», - հայտարարում է ռազմական փորձագետը:
Բաքվեցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, սակայն, Ջաֆարովի լավատեսությունը չի կիսում:
«Երբ խոսում են, թե Թուրքիան ու Ռուսաստանը Նախիջևանի անվտանգության երաշխավորներն են, այդ ամենը զուտ թղթի վրա է: Իրականությունն այլ է», - պնդում է Ալիզադեն` մատնանշելով Ուկրաինայի օրինակը․ - «Իսկ որտե՞ղ է այժմ Ղրիմը: Ի՞նչ տեղի ունեցավ Ուկրաինայի տարածքային ամբողջականության հետ»:
«Ի վերջո, մենք պատերազմական դրության մեջ ենք: Մեր տարածքի 15․7 տոկոսը օկուպացված է, բայց իշխանությունը, հանրությունն ու ժողովուրդը դրան շատ սառնասրտորեն են վերաբերվում` կարծես խոսքը արևածագի ու մայրամուտի մասին է: Մենք չսարսափեցինք տարածքների 15․7 տոկոսի կորստից, չդիմեցինք որևէ քայլի, այժմ էլ, ահա, տեղեկացանք, որ գրավվել են նախկինում չեզոք բարձունքները: Ի՞նչ պետք է անեն հանրությունն ու իշխանությունը: Պետք չէ հիստերիայի մեջ ընկնել: Ոչ, պարզապես հարկավոր է նախապատրաստվել մտածված ու արդյունավետ պատասխանին», - նշում է Ալիզադեն` ընդգծելով, որ պաշտոնական Բաքուն նախևառաջ պետք է դիմի ԵԱՀԿ-ի կառույցներին, հայկական կողմի վարկածը հաստատվելու դեպքում էլ միջազգայնացնի խնդիրը:
Բաքվեցի քաղաքագետի կարծիքով, սակայն, նախիջևանյան թեմայի ակտիվացումը ուղղակիորեն կապ ունի տարածաշրջանում Ռուսաստանի շահերի հետ: «Ուշագրավ է, որ այս իրադարձությունը տեղի ունեցավ հենց Լավրովի Բաքու կատարած այցից առաջ», - նկատում է Ալիզադեն: