Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը ելույթ կունենա ԵԽԽՎ-ում


ԵԽԽՎ-ի նստաշրջանը Ստրասբուրգում, արխիվ
ԵԽԽՎ-ի նստաշրջանը Ստրասբուրգում, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարարը նախօրեին Վեհաժողովում հայտարարել է, թե երկրի իշխանությունները որոշել են ուշադրությունը կենտրոնացնել կոռուպցիայի դեմ պայքարի վրա:

Այսօր՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի երկրորդ օրը Ստրասբուրգում ելույթ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ալիևը ելույթ է ունենալու որպես մի երկրի ղեկավար, որը կես տարով ստանձնել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը:

Այսօր ակնկալվում է նաև, որ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մի ակցիա կանցկացնեն` այդ երկրում քաղբանտարկյալների և մարդու իրավունքների խախտումների խնդրի վերաբերյալ:

Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության վիճակը քննադատում են Վեհաժողովի պատվիրակները ևս:

Բանաձևի նախագիծ է ներկայացվել, որում հեղինակները, հիշեցնելով 2013 թվականին ընդունված՝ քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու կոչ անող բանաձևը, միաժամանակ նկատում են, որ այդ բանաձևից հետո ավելացել են լրագրողների, իրավապաշտպանների և ընդդիմադիրների ձերբակալությունները: Վեհաժողովը պարտավոր է ձերբակալություններին հետամուտ լինել, կոչ է անում բանաձևի նախագիծը:

Երեկ` նիստի բացման օրը, ելույթ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Վերջինս խոսել է Ադրբեջանի նախագահության շրջանում իրենց առաջնահերթությունների մասին և ներկայացրել այն միջոցառումները, որ այս ամիսների ընթացքում տեղի են ունենալու: Ուշագրավ է, որ կոռուպցիոն բազմաթիվ սկանդալներում հայտնված Ադրբեջանի իշխանությունները որոշել են իրենց նախագահության ընթացքում ուշադրությունը կենտրոնացնել կոռուպցիայի դեմ պայքարի վրա:

Մամեդյարովը ելույթից հետո նաև հարցերի է պատասխանել՝ այդ թվում և ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցին, ու վերահաստատել է իրենց մոտեցումը` հիշելով ՄԱԿ-ի բանաձևերը: Նա ասել է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն կարող է է՛լ ավելի մեծ ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում:

Ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը հարց է ուղղել այն սկանդալի մասին, որը տեղի է ունեցել ԵԽԽՎ-ի փոխնախագահ, ֆրանսիացի խորհրդարանական Ռընե Ռուքեի հետ, մասնավորապես՝ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել էին նրան թողնել իրենց երկիր, քանի որ Ռուքեն այցելել էր Ղարաբաղ և տեղ զբաղեցրել Ադրբեջանի արտգործնախարարության սև ցուցակում:

Այս սկանդալային միջադեպի կապակցությամբ ԵԽԽՎ-ի բյուրոն որոշել է առաջիկա երկու տարվա ընթացքում Ադրբեջանում Վեհաժողովի կոմիտեների նիստեր չանցկացնել:

Մամեդյարովը, սակայն, ևս մեկ անգամ պաշտպանել է իրենց որոշումը` ասելով, թե ԵԽԽՎ-ի անդամները պետք է հարգանք տածեն անդամ երկրների օրենքների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG