Մատչելիության հղումներ

Վերաքննիչն անփոփոխ թողեց «Հարսանքարի» գործով դատավճիռը


«Հարսանքարի» գործով դատավճիռը՝ անփոփոխ
please wait

No media source currently available

0:00 0:02:33 0:00
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Չիչոյանի նախագահությամբ, այսօր անփոփոխ թողեց «Հարսնաքարի» գործով Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մարտի 24-ի դատավճիռը:

​Առաջին ատյանի դատարանը մարտի 24-ին զինվորական բժիշկ Վահե Ավետյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող վեց ամբաստանյալներին դատապարտել էր12-ական տարվա ազատազրկման և 100 հազարական դրամի վարչական տույժի։

Վերաքննիչ դատարան դիմելով՝ ամբաստանյալները դժգոհել էին, թե դատավճիռը խիստ է: Դատարանում, սակայն, նրանք, ներկայացնելով իրենց փաստարկները, 2012 թվականի հունիսի12-ին տեղի ունեցած ծեծից հետո Վահե Ավետյանի մահվան մեղքը փորձում էին բարդել տուժողների վրա:

Տուժող կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պնդելով, որ ամբաստանյալների մեղադրանքը շատ մեղմ է: Նրանց, ըստ տուժող կողմի, պետք էր դատապարտել ոչ թե ծեծելով մահվան հասցնելու, այլ սպանության համար: Տուժող կողմի պնդմամբ՝ նախաքննական մարմինն ի սկզբանե ամբաստանյալներին առաջադրել էր թեթև մեղադրանք, դատարանն էլ ընդհուպ ցմահ ազատազրկման փոխարեն՝ ամբաստանյալներին դատապարտել էր12-ական տարվա պատժի:

Գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող ռեստորանում մոտ երկու տարի առաջ դաժան ծեծից12 օր անց` հունիսի 29-ին, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը: Մինչ այդ, Ավետյանի ապաքինմանը սպասող հասարակության մեջ կուտակված բողոքի ալիքը պայթեց 2012-ին․ տեղի ունեցան բողոքի երթեր, մոմավառություն «Հարսնաքարի», Ռուբեն Հայրապետյանի տան մոտ: Հասարակական ճնշման հետևանքով Հայրապետյանը հրաժարվեց պատգամավորի իր մանդատից:

Նա առաջին ատյանի դատարանում որպես վկա ցուցմունք տվեց այն իրավիճակում, երբ դատավոր Դավիթ Հարությունյանն ակնհայտորեն խուսափում էր անգամ քննարկել Ռուբեն Հայրապետյանին դատարան հրավիրելու վերաբերյալ տուժող կողմի միջնորդությունը: Ռուբեն Հայրապետյանն, ի վերջո, անցյալ տարի դատարան ներկայացավ առանց դատավորի որոշման՝ ինքնակամ, այն ժամանակ, երբ դատարանի դահլիճում հանրության ներկայացուցիչների շարքերը նոսրացել էին:

Ամբաստանյալների հարազատները մոտ երկու տարի է այս գործով աղմկոտ դատավարության ժամանակ արդարադատության պակասից են դժգոհում:

Այսօր Վերաքննիչի որոշման հրապարակումից հետո ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրը նախ մի քանի րոպե լուռ նստեց, ապա սկսեց աղաղակել: Կարգադրիչները դահլիճից դուրս հրավիրեցին լրագրողներին, փակեցին դատարանի դահլիճի դուռը՝ ներս թողնելով միայն ամբաստանյալների հարազատներին: Ամբաստանյալների հարազատներն էլ փորձում էին խոչընդոտել լրագրողների աշխատանքը:

Մոտ 30 րոպե դատարանի դահլիճի դուռը ներսից փակ էր:

Քիչ անց դատարանի շենքի մոտ շտապ բուժօգնության ավտոմեքենա ժամանեց: Գարիկ Մարգարյանի մորը դեղամիջոցների օգնությամբ տեղափոխեցին շտապօգնության մեքենայով:

Դատավճռից հետո մյուս ամբաստանյալների հարազատները ևս դժգոհում էին դատավճռից: Ամբաստանյալ Արման Խաչատրյանի հայրը բողոքեց․ - «Արման Խաչատրյանն առավոտ շուտ գնացել ա իրա աշխատանքին, որ աշխատի բերի իրա երեխային պահի, չի գնացել, որ 12 տարի սրոկ վերցնի գնա: Դատապարտվողը պետք ա դատապարտվեր, բայց էլի էդ չափի չէ»:

Արման Խաչատրյանի հայրը, դատարանի բակում դժգոհելով դատավճռից, Սերժ Սարգսյանին հեռակա հիշեցնում էր ժամանակին կատարած իր ընտրության մասին․ - «Ձայն ենք տվել, ընտրել ենք Ձեզ, ասեք՝ ի՞նչ եք անում»:

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը գավառականություն որակեց ամբաստանյալների հարազատների նման պահվածքը: Ինչ վերաբերում է դատավճռի հետ կապված նրանց դժգոհություններին, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ իրականում պատիժը պետք է լիներ շատ ավելի կոշտ:

«Այդ անմիջապես խփողին կամ խփողներին պետք էր հասներ շատ ավելի կոշտ պատիժ, մնացածներին, ես էլի համոզված եմ, 12 տարուց ոչ պակաս: [Ամբաստանյալների հարազատների] նման վերաբերմունքը ես բացատրում եմ համոզմունքով, որ կարելի է խմբով ծեծել սպային հայկական բանակի, նրան ուղղակի տեղում, ինչպես ասում են, ոտի տակ գցելով և դա արժանի չէ՞ այդպիսի պատժի: Նրանք արդյոք նորմալ են համարում կամ ավելի մեղմ պատժի [արժանի] են համարում, եթե իրենց որդիներին, ոչ թե 12 տարի տային, այլ նույն ձևով հասցներին ծանր մարմնական վնասներ, չեմ ուզում ասեմ մահ», - ասաց Լարիսա Ալավերդյանը:

Մարդու իրավունքների առաջին պաշտպանը հավելեց, որ բոլոր հանցագործներին համաչափորեն չպատժելը կարող է քայքայել արդարադատության մասին հասարակության պատկերացումները:
XS
SM
MD
LG