Մատչելիության հղումներ

Վարորդները դժգոհ են կառավարության նախագծից


Վարորդները դժգոհ են կառավարության նախագծից
please wait

No media source currently available

0:00 0:02:22 0:00
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը վարորդների համար նախատեսված տուգանքների չափը իջեցնելու՝ կառավարության օրինագիծը ժամանակավոր խաբկանք է համարում։

Այսօր կառավարության շենքի դիմաց կազմակերպած մամլո ասուլիսում վարորդներն ասացին, որ կառավարությունը պարզապես ցույց է տալիս, թե իրականացնում է իրենց պահանջները, մինչդեռ իրականում դա այդպես չէ։

Վարորդների պահանջներից մեկը, օրինակ, տեսախցիկների և արագաչափերի գրանցած խախտումների համար տուգանքների չափի հինգ անգամ կրճատումն է, մինչդեռ կառավարության երեկ տեղի ունեցած արտահերթ նիստում հաստատված նախագծի համաձայն, իջեցումը միջինում ընդամենը 50 տոկոս է լինելու։

«Ո՞վ է որոշել, որ տասը հազար է, որ գնում են զիջումների, իբր իջեցնում են։ Նախ և առաջ չկա էս ստանդարտը, սահմանագիծը։ Նույն ձևով կարող են որոշել 100 հազար ու ասեն՝ մենք գնացինք զիջման, 50 հազար դարձրեցինք»։

Երեկ օրենքի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ առաջարկվող փոփոխությունները քննարկվել են պետական մարմիններում, դրանց մասին կարծիք է հայտնել նաև նախագահը։ «Մենք զիջում ենք անում»,- ասել էր վարչապետը:

Բողոքող վարորդներն այսօր հակադարձեցին վարչապետին՝ պնդելով, որ կառավարությունը չի իրականացնում իրենց գլխավոր պահանջներից մեկը՝ այն է հենց այս պահից բոլոր տեսակի տուգանքների կասեցումը և այս հարցով հանրային քննարկումների կազմակերպումը։

«Ժամանակավոր խաբկանք է, ժամանակ ձգելու համար են անում, մեկ օր էլ ձգեն, ահռելի գումարներ են աշխատելու»։

Վարորդները շեշտեցին, որ իրենց պահանջներից էր նաև կարմիր գծերով վճարովի ավտոկայանատեղերի վերացումը, մինչդեռ կառավարությունը այս պահանջն ընդհանրապես անտեսել է։

«Իմ գրպանից հանեն տան ո՞ւմ։ Ես որպես շարքային վարորդ տալիս եմ համ գույքահարկ, համ տեխզննման գումար, համ ամեն ինչ... էս իմ վճարած գումարով սարքած ասֆալտն է, ուրեմն ես գումար տամ, սարքե՞մ, մեկ էլ գումար տամ, որ կանգնե՞մ»։

Նախաձեռնության անդամների պնդմամբ, որոշ տեղերում կարմիր գծերը անգամ խանգարում են երթևեկությանը, և այս օրինագիծը կազմելիս վարորդների կարծիքը հարցնելը պարտադիր էր։

Եվ չնայած կառավարության մշակած օրենքի նախագիծն արդեն ներկայացվել է Ազգային ժողով, վարորդները նահանջել չեն պատրաստվում, վաղը կեսօրին նրանք մայրաքաղաքի կենտրոնում մեքենաներով բողոքի հերթական երթը կանցկացնեն։
XS
SM
MD
LG