Մատչելիության հղումներ

Ընդդիմությունն Ախալքալաքում քվեների վերահաշվարկ է պահանջում


Վերջին երկու օրերին թեժանում են հետընտրական կրքերը Ջավախքում: Ախալքալաքում քվեների շուրջ 30 տոկոսը ստացած «Արտախորհրդարանական ընդդիմություն» դաշինքը երեկվանից քվեների վերահաշվարկ է պահանջում:

Դաշինքի ներկայացուցիչների պնդմամբ, ընտրական հանձնաժողովների անդամները հաշվարկի փուլում մտածված կերպով փչացրել են իրենց օգտին տրված քվեաթերթիկները` դրանք փաստորեն անվավեր դարձնելով: Դաշինքի առաջնորդ Կախա Կուկավան երեկ ժամանել էր Ախալքալաք` ընտրատարածքային հանձնաժողովի անդամներից վերահաշվարկ պահանջելով:

«Ախալքալաքում մեր դաշինքի օգտին տրված շուրջ 2000 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Դա շատ մեծ թիվ է», - հայտարարել է Կուկավան «Rustavi 2» հեռուստաընկերության եթերում:

Հարկ է նկատել, որ Կախա Կուկավան Վրաստանի հայության հետ թերևս ամենասերտ կապեր ունեցող քաղաքական գործիչն է: Նա պարբերաբար հանդես է գալիս Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով, համարվում է Ռուսաստանի հետ հարաբերությունները սերտացնելու հետևողական կողմնակից: Այս ընտրություններում նրա ջավախքյան թիմի կորիզը վրացական խորհրդարանի նախկին պատգամավոր Մելիք Ռաիսյանի աջակիցներն էին:

2012 թվականի խորհրդարանական ընտրություններում Ռաիսյանի կողմնակիցները բավական ակտիվորեն աշխատում էին Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքի կազմում: Այսօր, սակայն, ջավախահայ ակտիվիստների այս խմբի և իշխող կուսակցության միջև հարաբերությունները սրվել են:

«Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը նշում է, որ այդ պառակտման պատճառը «Վրացական երազանքի»` Ջավախքում որդեգրած կադրային քաղաքականությունն է:

«Մարդկանց այդ խումբը Սաակաշվիլիի «Ազգային միացյալ շարժում» կուսակցության ընդդիմախոսներն էին, այդ իսկ պատճառով 2012 և 2013 թվականների ընտրություններում նրանք ակտիվորեն համագործակցում էին հենց «Վրացական երազանքի» հետ: Վերջին շրջանում, սակայն, «Ազգային միացյալ շարժման» նախկին ներկայացուցիչները վերականգնվեցին իրենց դիրքերում», - նշում է Ստեփանյանը` բացատրելով Ռաիսյանի կողմնակիցների ընդդիմության շարքերն անցնելու պատճառը: Նրա խոսքով, ակտիվիստների այս խումբը «բավական կենսունակ կառույց է, որը վերջին շրջանում ընտրական պրոցեսներում ներգրավվածության լուրջ փորձ է կուտակել»:

Անդրադառնալով Ախալքալաքում կիրակի օրը կայացած ընտրություններին` Առնոլդ Ստեփանյանը նշում է, որ «Բազմազգ Վրաստանը» ևս դիտարկել է դրանք` արձանագրելով, որ «Արտախորհրդարանական ընդդիմության» օգտին տրված քվեաթերթիկներն իրոք մտածված կերպով անվավեր են ճանաչվել:

«Մենք նման մի քանի փաստ ստուգեցինք, և կարող եմ արձանագրել, որ իրոք պատահում են այդպիսի քվեաթերթիկներ: Նման քանակության մասին իհարկե խոսել չենք կարող: Եղել են դեպքեր, երբ մենք օրինակ ահազանգ ենք ստացել, որ տեղամասերից մեկում մտածված կերպով 95 քվեաթերթիկ է անվավեր դարձվել, սակայն երբ տեղում ենք ծանոթացել իրավիճակին, հայտնաբերվել է, որ նման փչացված քվեաթերթիկների քանակը մեկ տասնյակի է հասնում, ինչը ևս առանձնապես ուրախալի չէ: Մենք հնարավորություն չունեինք դիտարկել քվեարկությունն ու հաշվարկը բոլոր տեղամասերում, սակայն այն, ինչ մեր դիտարկմամբ է հաստատվել, շատ ավելի քիչ է, քան նշվում է ընդդիմության կողմից», - ասում է Ստեփանյանը:

«Բազմազգ Վրաստանը» դիմել է ընտրատարածքային հանձնաժողով` Ախալքալաքի շրջանի 16 ընտրական տեղամասերում քվեարկության արդունքները անվավեր ճանաչելու պահանջով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG