Մատչելիության հղումներ

Հայաստանում երկրորդ պետական լեզվի «պահանջ չկա»


Հայաստանում երկրորդ պետական լեզվի «պահանջ չկա»
please wait

No media source currently available

0:00 0:02:14 0:00
Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը մտահոգիչ ու անընդունելի է համարում պետական կառույցների կողմից «Լեզվի մասին» օրենքի շարունակական խախտումը:

«Մտահոգում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Միլիտոնյանը: - «Ոչ միայն ինձ պիտի մտահոգի, Լեզվի տեսչությանը պիտի մտահոգի և մեր օրենսդիր, գործադիր մարմիններին: Դա պաշտոնական հանդիպում լինի, թե այլ հանդիպում, եթե օտար մարդը եկել է, իր խոսքը պիտի թարգմանվի: Մենք չմոռանանք, որ պետությունում գործում է «Լեզվի մասին» օրենքը»:

Անցած շաբաթ, հիշեցնենք, Ազգային ժողովում միայն ռուսերենով անցկացվող միջոցառմանը «Россия сегодня» ռուսաստանյան պետական լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովը, ով հայտնի է որպես Պուտինի վարչակազմի տեսակետները հանրությանը ներկայացնող մեկը, խորհրդարանի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի և Հանրապետական պատգամավորների ներկայությամբ, հրամայական տոնով պահանջեց Հայաստանում ավելացնել ռուսական դպրոցների թիվը, փոխել «Լեզվի մասին» օրենքը, այլապես դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա և Հայաստանի անվտանգությունը կտուժի:

Հաջորդ աղմկահարույց միջադեպը գրանցվեց այս երկուշաբթի, երբ Մաքսային միությանը վերաբերող միջոցառումը, որը կազմակերպել էր Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը, դարձյալ անցկացվեց միայն ռուսերենով, իսկ փոխնախարար Գառնիկ Բադալյանը խորհուրդ տվեց լրագրողներին՝ ««Լեզվի մասին» օրենքը գնացեք ուրիշ տեղ պաշտպանեք»:

«Մենք պիտի գիտակցենք` լեզուն մեր ամենագլխավոր գործիքն է ժողովրդի ինքնապահպանման, ինքնագիտակցման, աշխարհում քո տեղը ունենալու: Լեզվի վրա է կառուցվում ամեն ասպարեզ` գիտություն, մշակույթը հատկապես, կրթություն և այլն: Լեզուն հազարավոր տարիներ եկել է մեզ ասելու` պահպանել եմ քեզ, դու էլ ի'նձ պահպանիր, եթե ուզում ես ապրել», - ասաց Գրողների միության նախագահը:

«Կիսելյովների ասածներից զատ, նախևառաջ մեզնից պետք է պահանջենք՝ հարգել հայոց լեզուն», - շարունակեց Միլիտոնյանը՝ նշելով, թե հայաստանյան պետական մարմիններում, լրատվամիջոցներում հաճախ կարելի է հանդիպել աղավաղված հայերենի:

Նա նաև անդունելի է համարում մեր երկրում ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելը:

Անցած շաբաթ Ազգային ժողովում Դմիտրի Կիսելյովի մասնակցությամբ տեղի ունեցած սկանդալային հանդիպմանը ներկա էր նաև մեր երկրում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ով հայտարարեց, թե իր համոզմամբ ռուսերենը պետք է Հայաստանում լինի երկրորդ պետական լեզուն:

«Երկրորդ պետական լեզու այստեղ չի կարող առաջանալ, որովհետև պահանջ չկա: Պահանջ պիտի լինի: Եթե Ռուսաստանում կամ որևէ այլ տեղ կան տարբեր ազգեր ու կարող են այդ հարցը բարձրացնեն, ասեն, բայց Հայաստանում երկրորդ լեզու կարող է մի խումբ ասի` անգլերենը, մի խումբ էլ ասի`ճապոներենը... Մեր օրենքով ինչ կա, ես պաշտպանում եմ դա: Ես մտածել եմ, որ օրենքը հաստատել են մարդիկ, որոնք, իմ համոզմամբ, տերն են եղել», - ասաց Էդվարդ Միլիտոնյանը:
XS
SM
MD
LG