Մատչելիության հղումներ

Մառնեուլիում նախընտրական լարվածությանը փոխարինեց հետընտրականը


Արտապատկերում Մառնեուլիի ընտրատեղամասերից մեկում ընտրախախտումների տեսագրությունից
Արտապատկերում Մառնեուլիի ընտրատեղամասերից մեկում ընտրախախտումների տեսագրությունից

Գլխավոր գործող անձինք կրկին տեղի ադրբեջանցիներն են:

Մառնեուլիում վերջին մի քանի շաբաթներին նկատվող նախընտրական լարվածությանը փոխարինելու է գալիս հետընտրականը: Եվ կրկին գլխավոր գործող անձինք տեղի ադրբեջանցիներն են:

Իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը երեկ 9-րոպեանոց տեսագրություն հրապարակեց, որում հստակ երևում է, թե ինչպես են ընտրական հանձնաժողովի անդամները լցոնում քվեատուփերը` միմյանց հետ ադրբեջաներեն զրուցելով:

Ընդդիմադիրները պնդում էին, որ տեսագրությունն իրականացվել է Մառնեուլիի թիվ 57 և թիվ 25 ընտրատեղամասերում: Այստեղից ստացված ամփոփիչ արձանագրությունները, ի դեպ, լուրջ անճշտություններ էին պարունակում: Տեղամասերից մեկում, օրինակ, քվեատուփում եղած թերթիկների և ցուցակներում գրանցված ընտրողների տարբերությունը, ըստ ընդդիմության, հասնում էր 84-ի:

«Ազգային միացյալ շարժում» կուսակցության ղեկավար անդամներից Զուրաբ Ջափարիձեն երեկ օրվա երկրորդ կեսին Թբիլիսիում հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրենց հայտնի է, թե ովքեր էին կիրակի օրը համակարգում կեղծիքների գործընթացը:

«Մառնեուլիում ընտրական պրոցեսը կեղծել է Վրաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախկին նախագահ Թամազ Նավերիանին: Մենք պահանջում ենք, որպեսզի Ներքին գործերի նախարարությունն անհապաղ կերպով ձեռնամուխ լինի գործի հետաքննությանը», - հայտարարում էր ընդդիմադիր գործիչը:

Բացի այդ, իշխող «Վրացական երազանք»-ը, ընդդիմության պնդմամբ, Մառնեուլիում ևս մեկ խորամանկ հնարքի էր դիմել: Քվեարկությունից մեկ օր առաջ` հունիսի 14-ին, դաշինքի թեկնածու Մերաբ Թոփչիշվիլին ինքնաբացարկ էր հայտարարել: Բայց քանի որ ինքնաբացարկի համար օրենքով նախատեսված ժամկետն արդեն իսկ լրացել էր, նրա անունը քվեաթերթիկներից այդպես էլ չհեռացվեց, ինչի արդյունքում, ըստ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, ինքնաբացարկ հայտարարած թեկնածուն ստացավ քվեների 51 տոկոսը` հաղթելով առաջին իսկ փուլում:

«Վրացական երազանք»-ը, սակայն, հերքում է ներկայացվող բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ սկանդալային տեսագրությունը ընդդիմության սադրանքն էր:

Փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն երեկ հայտարարում էր․ - «Սա Ազգային միացյալ շարժման կողմից իրականացված սադրանք էր, տեղի ունեցածը նրանց բեմադրած ներկայացումն էր: Դա հստակ է դառնում նաև այն փաստից, որ կադրում երևացող անձնավորություններից մեկը Սաակաշվիլիի կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ազեր Սուլեյմանովի ընկերն է»:

Երեկոյան կողմ հայտնի դարձավ, որ վրացական ոստիկանությունը Մառնեուլիում կատարված տեսագրության մեջ տեղ գտած փաստերի առթիվ հետաքննություն է սկսել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ որոշում կայացրեց չեղյալ հայտարարել Մառնեուլիում գտնվող երկու վիճահարույց տեղամասերում կայացած քվեարկության արդյունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG