Մատչելիության հղումներ

Սահմանամերձ գյուղի միակ բնակչի համար պատարագ է մատուցվել


Սահմանամերձ գյուղի կիսավեր եկեղեցում առաջին անգամ պատարագ մատուցվեց
please wait

No media source currently available

0:00 0:05:51 0:00

Խարկովում գյուղում միայն մեկ բնակիչ է ապրում՝ Վահանդուխտ տատը: Դատարկված ու լքված Խարկով գյուղը Նոր Շեն են վերանվանել, բայց դրանց գյուղը ոչ թե շենացել, այլ ամայացել է։

Հայ-թուրքական սահմանին գտնվող ամենամոտ՝ Խարկով գյուղ հասնելը հեշտ չէր: Գյուղը գտնվում է սահմանապահ ուղեկալի տարածքում, և մուտք գործելու համար հատուկ անցագիր կամ թույլտվություն է անհրաժեշտ ստանալ ռուսական սահմանապահ ջոկատից:

Թեև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նախապես սահմանապահ ջոկատի հրամանատարության հետ ուղեկալի տարածք ազատ մուտք գործելու համաձայնություն էր ձեռք բերել՝ գյուղի կիսավեր եկեղեցում պատարագ մատուցելու համար, այնուհանդերձ, սկզբում բոլորի մուտքն արգելվեց, և միայն բանակցելուց հետո ուղեկալի դռները բացվեցին, ու քարուքանդ ճանապարհով լրագրողների խումբը մի կերպ հասավ Խարկով գյուղ:

Խարկով գյուղում միայն մեկ բնակիչ է ապրում՝ Վահանդուխտ տատը և սահմանապահները: Խարկովը որպես գյուղ, կարելի է ասել, գոյություն չուներ, այն դատարկված էր. ավերված ու կիսավեր տներ, խոնհարված եկեղեցի: Սուրբ Հովհաննես եկեղեցում բաց երկնքի տակ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահանյանը առաջին անգամ պատարագ մատուցեց:

Դատարկված ու լքված Խարկովը Նոր Շեն են վերանվանել, բայց դրանից գյուղը ոչ թե շենացել, այլ ամայացել է ու միացվել է բավականին հեռու գտնվող Բագրավան համայնքին։ Քարտեզի վրա էլ ոչ Նոր Շեն, և ոչ էլ Խարկով անունով գյուղ կգտնես:

Պատարագին ներկա էին նախկին խարկովցիները, ովքեր Բագրավանում են ապրում: Թե ինչու են թողել-հեռացել հարցի պատասխանը մեկն էր. - «Դատարկվեց հենց էս գրանիցի պատճառով, որ դժվարությամբ են ելումուտ անում գյուղ», - ասաց նախկին բնակչուհին։

«Ամեն ինչից հեռու է, ոչ մարդ ես տեսնում, ոչ մի բան։ Ստեղ ի՞նչ կա անելու»,- ասաց մեկ այլ բնակիչ։

Սահմանին մոտ Անիին նայող եկեղեցում պատարագ մատուցելը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի երազանքն է եղել:

Ուղեկալի մոտ տեղի ունեցածից, Խարկով գյուղը դատարկված տեսնելուց հետո սրբազանն ասաց, թե հասկանում է՝ ինչու են գյուղը լքել. - «Ո՞վ ավերակի վերածեց այս գյուղը, ո՞վ ավերակի վերածեց այս եկեղեցին։ Մե՛նք, մե՛ր ձեռքով։ Այս անկախության 24 տարիների մեջ մեկ քայլ չենք կատարել, որ այս գյուղը շենանա։ Ընդհակառակը, այս 24 տարիների ընթացքում եղած ընտանիքներն ել լքեցին և հեռացան, որովհետև այս սահմանային ռեժիմ կոչված անմտությունց մարդիկ հոգնեցին»։

«Երբ ասում եմ սահմանային ռեժիմ, ես չեմ մեղադրում սահմանապահներին։ Նրանք իրենց պարտականություններն են կատարում ըստ այն օրենքի, որն իրենց տրված է։ Իսկ ո՞վ է տվել այդ հիմար օրենքը։ Մեր երկիրը արդեն փոքր է, և այդ հսկայական տարածքը արգելապատնեշի հետևում է։ Ռուս սահմանապահները չեն մեղավոր, մերոնք են մեղավոր, մենք ենք մեղավոր, մեր Ազգային ժողովն է մեղավոր, որ օրենք է ընդունել սահմանային այս ռեժիմի մասին, որի պատճառով ի վիճակի չենք նույնիսկ գալու՝ մեր մայրաքաղաքը տեսնելու և մեր եկեղեցում աղոթելու»։

Միքայել եպիսկոպոս Աջապահանյանը տարակուսում է՝ սա Հայաստանի տարածքն է, թե ոչ, ու այդ սահմանափակումները սահմանած իշխանավորներին հարցնում.- «Կարծես թե Հայաստանի տարածք չէ, օտար հանրապետության տարածք է։ Ավելի կարճ է տևում վրաց-թուրքական սահմանը մտնել և Վրաստանից Թուրքիա անցնել, քան այստեղ մտնելը։ Ո՞վ է այս օրենքի հեղինակը։ Այդ օրենքի հեղինակը գեթ մի անգամ փորձե՞լ է գալ այստեղ, այս սահմանային ռեժիմով մտնել, տեսնել՝ ինչպես են այստեղ մարդիկ ապրում։ Կամ Հայաստանի տարածքը ինչպե՞ս է, որ արգելապատնեշի հետևում են թողել։ Ինչպե՞ս կարող է լինել, երբ օտար պետության սահմանը կտրես ավելի հեշտ, իսկ սեփական երկրիդ մեջ չկարողանաս անցնել։ Թո՞ւրք է մեղավոր, ռո՞ւսն է մեղավոր։ Հայ անմի՛տ մարդն է մեղավոր»։

Սահմանամերձ գյուղում դեպի Անի հայացքները ուղղածներին էլ սրբազանը հետևյալն ասաց.- «Հայաստանը սարքել-վերջացրել ենք, մնացել է Արևմտյան Հայաստա՞նը։ Ի՞նչ եք դեպի Արևմտյան Հայաստանը նայում, ձեր ոտքերի տակից է հողը գնում։ Սահմանին մոտ գտնվող գյուղի նկատմամբ այսպիսի անտարբեր վերաբերմունքը անհասկանալի է»,- իր խոսքն ավարտեց Շիրակի թեմի առաջնորդը՝ նկատելով, որ գյուղը շենացնելու համար անելիք այստեղ բոլորն ունեն։

Ի դեպ, երբ նկարահանում էինք սահմանից այն կողմ գտնվող Անին, սահմանապահները մոտեցան, թե «ավարտեք նկարելը, ուղեկալում գտնվելու ձեր ժամանակը սպառվել է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG