Մատչելիության հղումներ

«Դեմ եմ»-ը գնում է ճնշումների մասին ահազանգի հետքերով


Բժիշկները վախենում են կուտակայինի դիմումներ գրել
please wait

No media source currently available

0:00 0:04:17 0:00
«Դեմ եմ պարտադիրին» հասարակական շարժման անդամներն ահազանգ են ստացել, որ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրինությունը հրաժարվում է ընդունել աշխատողների դիմումները պարտադիր կուտակային պահումներ չկատարելու պահանջով:

Ֆեյսբուք սոցցանցի մի օգտատեր է նամակ գրել «Դեմ եմ»-ի անդամներից Կարեն Հարությունյանին՝ տեղեկացնելով, որ բժշկական կենտրոնից պարտադիր կուտակային պահումներ չկատարելու դիմումներ են ներկայացրել բժշկական կենտրոնի գրեթե բոլոր բուժաշխատողները:

Հասարակական շարժման անդամներն այսօր այցելեցին այդ հիվանդանոց: Այստեղ որպես հիվանդանոցի փոխտնօրեն ներկայացած մի տղամարդ նրանց նախ արգելեց զրուցել բուժաշխատողների հետ, այնուհետեւ, պատճառաբանելով, որ առանց զգուշացնելու են եկել եւ խանգարում են հիվանդանոցի բնականոն աշխատանքին, հրմշտոցով փորձում էր դուրս հրավիրել հիվանդանոցից:
Մեզ հետ զրույցում հիվանդանոցի աշխատակիցներից մի քանիսն ասացին, որ չեն ցանկանում, որպեսզի իրենց աշխատավարձից կուտակային կենսաթոշակային պահումներ կատարվեն: Հիվանդանոցի փոխտնօրեն ներկայացող անձը, սակայն, այստեղ էլ փորձեց միջամտել՝ բոլորին արգելելով հարցազրույց տալ:

Ակտիվիստ Կարեն Հարությունյանն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենք պատրաստվում էին այսօր դիմել բժշկական կենտրոնի տնօրենին՝ պարզելու համար, ահազանգի բովանդակությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ:

Մեր այնտեղ գտնվելու պահին հիվանդանոցում տնօրենը աշխատանքային ժողով էր հրավիրել: «Դեմ եմ»-ի անդամները մի քանի ժամ սպասեցին, որպեսզի տնօրենն ընդունի իրենց, սակայն ապարդյուն: Փոխտնօրենն ասաց, որ տնօրենն այսօր նրանց չի ընդունելու: Ակտիվիստ Կարեն Հարությունյանի հարցին, թե արդյո՞ք տնօրենը դիտավորյալ խուսափում է իրենց հետ հանդիպումից, փոխտնօրենն արձագանքեց՝ «եթե այդպես եք հասկանում ուրեմն այո, խուսափում է»:
XS
SM
MD
LG