Մատչելիության հղումներ

Սպառողների իրավունքներով զբաղվող կազմակերպությունները դժգոհ են ՍԱՊԾ-ի աշխատանքներից


Սպառողների իրավունքներով զբաղվող կազմակերպությունները դժգոհ են ՍԱՊԾ-ի աշխատանքներից
please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00

Թեև սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մոտ տասն օր առաջ արգելանք դրեց «Թամարա» ընկերության «Քսան կոպեկ», «Կարմեն» պաղպաղակների ու «Թթվասեր 200գ»-ի վրա, այդուամենայնիվ, երեք ապրանքատեսակներն էլ շարունակում են անարգել վաճառվել երևանյան խանութներում։

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ ստուգումների արդյունքում առողջության համար վտանգավոր խախտումներ են հայտնաբերվել, արդյունքում մայիսի 30-ից արտադրությունը դադարեցվել է, խանութներ առաքված արտադրատեսակները հետ են կանչել։

Մեր այցելած 5 խանութներում ու պաղպաղակի վաճառքի կետերում, սակայն, այս հայտարարությանը ծանոթ չէին։ Ավելին՝ տեղեկացրին, որ պաղպաղակը սովորականի նման ստանում են ու սովորականի նման էլ վաճառում։

Վաճառակետերից որևէ մեկում չհիշեցին նաև ընկերության ապրանքատեսակների հետ կանչման որևէ դեպք։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, մինչդեռ, պնդում է, որ վնասակար ճանաչված ողջ խմբաքանակը հետ է կանչվել։

«Պաղպաղակն ունի 6 ամիս պիտանելիության ժամկետ, և բնականաբար մինչև արգելանքի սահմանվելը այն խմբաքանակները, որոնք առաքվել են վաճառակետեր, կարող են վաճառվել։ Արգելանքից հետո այն խմբաքանակում, որ հայտնաբերվել էին շեղումներ, հետ են կանչվել և, բնականաբար, տվյալ ընկերությունը արտադրանք չի տվել տվյալ երեք ապրանքատեսակներից», - «Ազատության» հետ զրույցում ասաց ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը։

Մինչդեռ սպառողների իրավունքներով զբաղվող «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը վստահ է, որ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ոչ թե փորձել է հանրության շահերը պաշտպանել, այլ ընդամենը իր գոյությունը կարևորելու մասին թուղթ է ստորագրել, այլապես նախ և առաջ կկասեցներ տվյալ արտադրատեսակների բոլոր խմբաքանակների վաճառքը:

«Ենթադրենք հոսքագծում առկա էր խնդիր կամ աշխատակցի մոտ կար խնդիր, էդ ամեն ինչը բերում էր նրան, որ հնարավոր էր լինում գնահատել ռիսկը մինչ այդ եղած խմբաքանակների։ Բայց ինչպես նկատում ենք մեկ բառ էդ մասին ևս, հաղորդագրության մեջ չկա: Այսինքն վտանգի աղբյուրը չի հայտնաբերվել։ Իսկ տեսուչի հիմնական գործառույթը վտանգի աղբյուրը բացահայտելն է նաև, որպեսզի տրվի հանձնարարական վտանգը վերացնելու։ Եթե, օրինակ, պրոբլեմը գալիս է հոսքագծից, դա արդեն էլեմենտար է, որ նախքան այդ օրը եղած խմբաքանակը ևս անցել է այդ նույն հոսքագծով և կրում է այն նույն ռիսկը, ինչում որ եղել է այն նույն լաբորատոր փորձաքննություն ենթարկված նմուշը։ Սա առաջին դեպքը չի», - ասաց Պիպոյանը։

Պիպոյանը վստահեցնում է, որ տվյալ ապրանքը վաճառքում պետք է հայտնվեր միայն այն օրը, երբ կհայտարարվեր արգելանքը հանելու մասին, մինչդեռ այդ մասին հայտարարություն դեռևս չկա։

«Երեկ խմբաքանակ է առաքվել և դա նշանակում է, որ չի կատարվում հանձնարարականի պահանջը», -հավելեց Պիպոյանը։

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքը սպառողների իրավունքների պաշտպան Արմեն Պողոսյանը բավարար չի գնահատում։ Ասում է՝ չնայած ծառայությունը հաճախ է պլանային ու ահազանգերի հիման վրա տարբեր տնտեսվարողների մոտ ստուգումներ իրականացնում, խախտումներ հայտնաբերում, արտադրությունը կասեցնում, բայց պատճառների ու դրանց վերացման մասին բացահայտ չի խոսում։

«Ես չեմ կարող բավարարված համարել, տուգանելը կամ վաճառքից հանելը դրանք էդ շղթայի վերջին քայլերն են, բայց շղթան բաղկացած է բազմաթիվ քայլերից՝ էդտեղ և' հումքը, և' աշխատանքի մաքրությունը, և' տեխնոլոգիական, և' մասնագիտական բազմաթիվ հարցեր կան։ Նախ էդ ստուգումներին եթե մենք մասնակից չենք լինում, դա ուրեմն արդեն նորմալ չէ։ Էդ ստուգայցերը, շրջայցերը լինեն ավելի բաց, օբեկտիվությունը կշահի։ Բայց մենք տեսնում ենք, որ պարբերաբար այս կամ այն խնդիրները առաջանում են սննդի հետ», - ասաց Պողոսյանը։

Իսկ «Թամարա» ընկերությունը խնդրի շուրջ լրացուցիչ պարզաբանումներ չի տալիս։ Ու թեև սննդամթերքի անվտանգության ծառայությունից մեզ հայտնեցին, որ դեռևս արգելանքը հանված չէ, «Թամարա» ընկերությունից պնդում են, որ սննդամթերքի անվտանգությասն տեսչության հետ իրենք այլևս խնդիրներ չունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG